ՈՒՐԻՇԻ ԴԱՓՆԻՆԵՐ


Իմ ձեռքին է Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված 2010 թվականի շաբաթագիրքը: Գեղաճաշակ ձևավորմամբ և չափսերով, փաստակենսագրական հարուստ նյութով, բանաստեղծի քնարերգության նուրբ ընտրանիով, ասույթներով ու խոհերով, առ Տերյան ձոներով համեմված այս օրացույց-գրքույկը կարելի է թերթել ամեն օր և չհագենալ: Մտովի անընդհատ շնորհակալություն էի հայտնում «Լևոն Միրիջանյան» հիմնադրամին` այս հրաշալի ձեռնարկի համար: Սկզբում գրքույկի յուրաքանչյուր էջ ես ըմբոշխնում էի դանդաղ, ներքին խաղաղ ուրախությամբ. Տերյանն ինձ հետ խոսում էր այսօր, այսպես է լինելու նաև վաղը, մյուս օրը, ամբողջ տարին ու հետո էլ... Ուստի պատկերացրեք, թե ինչպիսի հիասթափություն ապրեցի, երբ շաբաթագրքի էջերից մեկում կարդացի հոգիս ալեկոծած հետևյալ տեղեկությունը. «Երևանի Օղակաձև զբոսայգում Վահան Տերյանի արձանը 2000 թ. տեղադրվեց «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ-ի աջակցությամբ: Կենտրոնի միջոցներով ստեղծվել է «Տերյան»» գեղարվեստական ֆիլմը, հրատարակվել է պոետի բանաստեղծությունների, թարգմանությունների, նամականու, հարազատների և մտերիմների եզակի լուսանկարներով ու անտիպներով 816 էջանոց շքեղ կաշեկազմ «Հատընտիրը»: Անցկացվել և անցկացվում են «Տերյանական օրեր» պոետի ծննդավայր Գանձա գյուղում...»: Ամենևին չթերագնահատելով ստեղծման օրից (2001 թ.) մինչև հիմա «Տերյան մշակութային կենտրոնի» ծառայությունները Երևանում` ուզում եմ կտրուկ ընդհատել այս թվարկումը և հիշեցնել. պոեզիայի տերյանական օրերը հիմնադրվել են այժմ Նինոծմինդա կոչվող նախկին Բոգդանովկայի շրջանային «Արշալույս» թերթի խմբագրության, նրան առընթեր գործող «Գրական Փարվանա» խմբակի անդուլ և համառ ջանքերով… 1967 թվականին, այսինքն` 42 տարի առաջ: Եվ անցկացվել են շուքով` ամեն անգամ Գանձայում հավաքելով հայ, ռուս, վրացի և այլ ազգերի բանաստեղծների ու Տերյանի երկրպագուների հաճախ ամենաընտիր բազմություն, որը սովորաբար հաշվվում էր հազարներով: Պետք է առնվազն ոչինչ չիմանալ այս մասին, որպեսզի կամ անհասկանալի լռությամբ շրջանցվի այդ փաստը, կամ ներկայացվի` ուրանալով խորհրդային արգելանքների տարիներին այդ ազգային հրաշալի տոնի հիմնադիրների ու կազմակերպիչների կատարած ազգանվեր գործը: Ճիշտ է, 60-ականներին կուսակցության շրջկոմի գլուխ էին կանգնած ազգասեր այրեր, ովքեր ոգևորությամբ արձագանքեցին մտավորականության կոչին և ամեն կերպ օժանդակում էին պայծառ տոնը բարձր մակարդակով անցկացնելուն. դրա վկայությունն են այսօր էլ Գանձայում` Տերյանի տուն-թանգարանում ցուցադրվող պատմական լուսանկարները` ակադեմիկոսներ Վ. Համբարձումյանի և Գ. Վեկուայի, Սիլվա Կապուտիկյանի, Վարդգես Պետրոսյանի, Մուշեղ Գալշոյանի, Արևշատ Ավագյանի և շատ ու շատ ուրիշների, վրացի և ռուս բազմաթիվ գործիչների, անգամ Վրաստանի կոմկուսի առաջին քարտուղարի... Հետո փոխվեցին ժամանակները, հայաշունչ Ջավախքը հայտնվեց ազգայնամոլական անկախ Վրաստանի իրականության մեջ, որտեղ հալածվում էր այն ամենը, ինչ վրացական չէր, և հատկապես` հայկականը: Բնականաբար, այդ պայմաններում պոեզիայի տերյանական օրերը վրացական իշխանությունների համար ամենաանցանկալի իրողությունների թվում էին: Ջավախքի մտավորականությունը, սակայն, նույն կորիզի շուրջը համախմբված, շարունակում էր, թեկուզև շատ նեղ շրջանակներում, անցկացնել իր սիրելի տոնը: Գամսախուրդիայի իշխանության անկումից հետո մի փոքրիկ հույս արթնացավ, սակայն Վրաստանը, ցավոք, մեկընդմիշտ բռնեց նեղ ազգայնական ուղին` հալածելով երկրի ոչ վրացի բնակչության ազգային ինքնագիտակցության յուրաքանչ յուր դրսևորում: Անկեղծ ափսոսանքով պետք է ասեմ, որ իշխանություններին ըստ ամենայնի ձայնակցում և աջակցում էին շրջանի ծառայամիտ ղեկավարները (ցավոք, մեծ մասամբ հայեր)... Տասնամյակներ շարունակ իմ («Արշալույսի» նախ` թղթակցիս, ապա` աշխատակցիս) աչքի առաջ է կատարվել հետևյալը. հուլիսի նախավերջին կիրակի օրը Գանձայում տերյանական ամենամյա տոնահանդեսն անցկացնելու համար կազմակերպիչները համառորեն, առանց հոգնության բախում էին կուսշրջկոմի և գործկոմի դռները, մի կողմ դնելով իրենց ինքնասիրությունը` խնդրում, պահանջում, հիմնավորում, կռիվ էին տալիս, երբեմն սպառնալիքներ էին լսում, երբեմն ստիպված էին լինում դիմել Թբիլիսի` իշխանական բարձր ատյաններ, և հասնում էին իրենց ուզածին` երջանիկ հաղթանակ համարելով այն, որ մի ամբողջ օր` գումարած նախօրեին ժամանած հյուրերի հետ շրջանային մշակույթի տանն անցկացվող հանդիպման երեկոն, Ջավախք աշխարհի «օդը Տերյանով են լցնելու»: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ Երևանում ստեղծված «Ջավախք» հայրենակցական միությունը ևս անմասն չմնաց տոնին և բնօրրանի մտավորականության «նեղ» օրերին հաճախ եռանդուն աջակցություն էր ցուցաբերում ու գործուն մասնակցություն ունենում բանաստեղծական դաշտահանդեսին: Բայց դա` պոեզիայի օրվա հիմնադրումից մի քանի տասնամյակ անց: Իսկ մինչ այդ, այդ ընթացքում ու մինչև օրս ջավախքցիներն իրենց պատվի գործն են համարում պոեզիայի տերյանական օրվա ավելի քան քառասնամյա ավանդույթը պահպանելը: Ահա նրա հիմնադիր երախտավորներից ընդամենը մի քանիսի անունները` «Արշալույսի» խբագրակազմը` խմբագիր Մոլիկ Սեդրակյան, Գևորգ Այվազյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարլեն Բդոյան, Մանուկ Կարախանյան, բանաստեղծ Վիկտոր Հովսեփյան, գեղանկարիչներ Կարլեն Ղարսլյան, Վարդ Ղարսլյան, բանաստեղծ-բանահավաք Հմայակ Գրիգորյան և շատ ու շատ ուրիշներ. բոլորին պարզապես անհնար է թվել: Խանդավառ, անշահախնդիր, անձնվեր: Նրանց գործը հիշելով` ակամա մտաբերում ես Տերյանի խոհերից մեկը, որը կկարդաք նաև հիշյալ շաբաթագրքում. «Իմ խորին համոզմունքով` ոչ մի գործ չի կարող արվել առանց զգացմունքի: Առավել ևս` հասարակական գործը»: Գրքույկը կազմողներին թերևս կարելի էր ներել (՞) Ջավախքի մտավորականության այս կեսդարյա անմնացորդ նվիրման չիմացությունը ... Սակայն այդ շնորհակալ ու ազգապահպան գործը ուրիշին վերագրե¯լը.... Այսպիսի հիասթափություն մերօրյա գրագետներից... Զարմիկ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի և ԽՍՀՄ ԺՄ-ների անդամ