ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՐԺԵՔ Է, ՊԱՐՈՆԱՅՔ, ՄԻ´ ԱՎԵՐԵՔ ԱՅՆ


 

լեկտրոնային կայքերից մեկում տեղադրված հաղորդագրությունը ողջ գիշեր խլեց քունս, անկողնուս մեջ շուռումուռ գալով` չէի կարողանում ինքզինքս համոզել, որ նման լուրերը շատ հաճախ ստեղծվում են այս կամ այն կուսակցության շուրջ խոսակցություններ ձևավորելու կամ էլ նրանց ինչ-ինչ արժանիքներ վերագրելու համար: Հասկանալով, որ ամեն մի խոսակցություն ու ցանկություն չէ, որ կարող է իրականություն դառնալ, այնուհանդերձ չկարողացա իմ մեջ մեռցնել տագնապները: Իսկ կարդացածս լուրը հետևյալն էր.

- Մեր ունեցած տեղեկություններով` ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հնարավոր է գնա գործադիր` նշանակվելով կամ կրթության և գիտության նախարար, կամ էլ մշակույթի նախարար: Իսկ եթե նա մնա օրենսդիրում, ապա կշարունակի ղեկավարել ՕԵԿ խմբակցությունը:

«Օրինաց երկրի» և հատկապես Բիշարյան Հեղինեի անունների առկայությունը մշակույթի կամ կրթության և գիտության ոլորտների կառավարման քննարկումներում ոչ այլ ինչ է, եթե ոչ լիակատար արժեզրկմանն ուղղված հերթական արշավանքը: Դեռևս 2003-ին մաս կազմելով կոալիցիային` Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ-ը ստանձնեց այս ոլորտների պատասխանատվությունը` զարմացնելով հատկապես Թամար Պողոսյանի նշանակմամբ: Ունենալով ահռելի կազմակերպչական էներգիա վերարտադրելու իմիտացիոն հնարավորություններ` Թամար Պողոսյանը սկսեց մի գործունեություն, որն, իհարկե, ամբողջապես միտված չէր մշակույթի ավերմանը, սակայն վկայությունն էր այն բանի, որ այդ կուսակցությունը կարող էր պատահական մեկին առաջադրել երկրի դեմքն ու նկարագիրը ներկայացնող ոլորտի կառավարիչ` միաժամանակ նրան վերահսկող կարգելով գարեջրագործ Սամվել Բալասանյանին: ՕԵԿ-ում Ս. Բալասանյանն էր պատասխանատու մշակութային քաղաքականության համար, իսկ Թամար Պողոսյանն էլ այն հլու հանձնակատարն էր, ում միջոցով կյանքի էին կոչվում ծիծաղելի-զարհուրելի կադրային նշանակումները, մշակութային քաղաքականությունը վերածվում էր միջոցառումային շքահանդեսների: Բարեբախտաբար, Թամար Պողոսյանը չկարողացավ մեծ ավերածություններ գործել, քանի որ ոչ միշտ էր ենթարկվում իր կուսակցապետերի հրահանգներին: Բայց հասցրեց Գյումրու Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել բուհն ընդամենը չորս ամիս առաջ ավարտած մի աղջնակի: Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի պաշտոնն էլ տվեց մի ՕԵԿ-ական զուռնաչու, ով բեմական պարային կոստյումի փոխարեն «պենջակ-շըլվարներ» էր գնել պարողների համար… Թամար Պողոսյանին փոխարինեց Հովիկ Հովեյանը, ով ևս ենթարկվեց Սամվել Բալասանյանի թելադրանքներին ու դարձյալ Գյումրու թատրոնում ջանաց ներդնել իր նախարարական «ներուժը»` թատրոնի տնօրենի քարտուղարուհուն նշանակելով տնօրեն…

Հիմա արդեն քննարկվում է Բիշարյան Հեղինեի հարցը: Թե ո՞վ է այս հարգարժան տիկինը և մշակութային ի՞նչ պաշար ունի` հայտնի է բոլորին:

2004-2005 թվականներին աշխատելով որպես «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ՕԵԿ-ական պատգամավորների դիմանկարային ակնարկներն էի պատրաստում: Իմ հարցին, թե սիրո՞ւմ է տիկին Բիշարյանը համերգասրահներ ու թատրոններ հաճախել, նա պատասխանեց, որ ամեն շաբաթ ընտանիքով թատրոն են գնում: Իսկ այն հարցին, թե ո՞ր թատրոններն է նախընտրում կամ վերջին անգամ ի՞նչ ներկայացում է դիտել, բառացիորեն պատասխանեց.

- Դե, գնում ենք այն թատրոնը…. Այն, որ կենտրոնում է … Դե, տեղը լավ չեմ հիշում…

Ամեն շաբաթ թատրոն հաճախող տիկինը չկարողացավ հիշել նաև դիտած ներկայացումը: Եվ նա այժմ, հնարավոր է, դառնա մշակույթի նախարար: Մշակութային իրականությունից հազարավոր մղոններով հեռու կանգնած այս տիկինն ինչպե՞ս կարող է կառավարել մշակույթ, երբ ամենասովորական պատկերացումները չունի մշակույթի մասին, երբ նրա հարազատ կուսակցությունը «խաչակրաց արշավանք» է միշտ իրականացրել մշակույթի գործիչների հանդեպ` փողատեր տգետին բարձր գնահատելով ազգային արժեք համարվող մշակութային անհատականությունից…

Մեր այս դիտարկումներն, իհարկե, հուզական բովանդակություն և բնագիր կարող են ունենալ, սակայն մտահոգությունը միանգամայն այլ տեղ է` պետական քաղաքականության մեջ: Ինքներս մեզ հռչակելով մշակութային ազգ, միայն մեր մշակույթով հետաքրքիր լինելով աշխարհի համար` այսօր մշակութային քաղաքականությունը վերածել ենք միջոցառումային իրողությունների համակարգի` ծրագրային-հայեցակարգային դիտումներից դուրս թողնելով մշակույթի քաղաքականության առաջնահերթությունները, ծրագրային այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են պետությանը` արտաքին և ներքին քաղաքականության մեջ մշակույթը հենակետային արժեք դիտարկելու համար: Մեր պարագային` մշակույթը նաև ազգային համահավաքի անհրաժեշտ գործիքներից մեկն է: Տարիներ շարունակ այս ամենը դուրս է մղվել մշակութային կառավարման սկզբնահիմքերից: Տարիներ շարունակ տարերային, ոչ ծրագրային մոտեցումներն են եղել գերակա` Հայաստանը զրկելով մշակութային զարգացման օրինաչափություններից` այն վերածելով գավառական-նեղլիկ շոու-շուկայի:

Արդյո՞ք այսօր այս ամենի մասին ձևավորված պատկերացումներ կան մեր կառավարությունում: Արդյո՞ք հերթական թեկնածուն, ով մինչև այժմ եղածներից վատթարագույնն է, պատկերացումներ ունի այս ամենի մասին…

Մշակույթը մեծագույն արժեք է, պարոնայք իշխանավորներ և կուսակցապետեր. մի´ ոչնչացրեք այն: Մշակույթի կառավարումը մի հավասարեցրեք ակումբային մակարդակներին, ֆիլհարմոնիկ գործունեության: Ժամանակն է նաև, որպեսզի ՀՀ նախագահին առընթեր ստեղծվի մշակութային քաղաքականության հիմնադրույթները մշակող և մշակույթը համակարգող հանձնաժողով, եթե, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի 21-րդ դարում մեր սուղ արդյունաբերական ու տնտեսական ներուժի կողքին ունենանք հանրահռչակման արժանի և մրցունակ մշակույթ: