Արքայադստեր կյանքը` պաստառներին


 

Մտածո՞ւմ ենք այդ մասին, թե ոչ` առանձնապես էական չէ, բայց փաստ է, որ մեզ` սպառողներիս ճաշակ թելադրում են արտադրողները, նրանց էլ` դիզայներները: Մենք ընդամենը ընտրություն ենք կատարում առաջարկված տարբերակների միջև: Իսկ հմուտ ճաշակ թելադրողները լավագույնս ճանաչում են մարդկային հոգեբանությունն ու թուլությունները ու գիտեն, թե դրանք ինչպես օգտագործել` իրենց բիզնեսը ծաղկեցնելու համար:

Գործարար նրբանկատությամբ բրիտանացի նկարիչները որոշել են պատերի պաստառների վրա պատկերել արքայադուստր Դիանայի կյանքի նշանավոր պահերը: Այդ պաստառները կզարդարեն Քենսինգթոնի արքայական պալատի պատերը, որոնց ներսում ուելսյան արքայադուստրն ապրել է ամուսնու` արքայազն Չառլզի հետ:

Գեղանկարիչների ջանադիր աշխատանքը կդառնա անգլիացիների սիրելիի կենսապատումը` նրա ծննդից մինչև ողբերգական վախճան: Դրա դիմաց Լոնդոնի իշխանությունները հատկացրել են 19 միլիոն դոլար:

Հուշապաստառների հիմքում Դիանայի անձնական լուսանկարների արխիվներն են և մամուլում հրապարակված բազաթիվ պատկերներ:

Հետագայում այս պաստառները կթողարկվեն մեծ տպաքանակով, և բոլոր կամեցողները կկարողանան արքայադստեր կենսապատումն իրենց տուն տանել:

- Մենք շատ էինք ցանկանում, որ մարդիկ կարողանային Դիանային տեսնել այնպիսին, ինչպիսին նրան չեն տեսել երբեք,- պատմել է արտադրող ծրագրի ֆինանսավորումը ստանձնած Cole Ζnd Son ֆիրմայի ներկայացուցիչը:

Հետաքրքիր գաղափար է: Իսկ ինչո՞ւ սիրասուն հայրիկներն իրենց զավակների կյանքի ժամանակագրությունը սեփական պատերի համար չպատվիրեն: