Օպերատիվ արձագանք` ցանկացած ահազանգի


 

Համապետական այս ընտրություններն առանձնացան նաև նրանով, որ առավել քան երբևէ դրանց` պատշաճ մակարդակով անցկացումը ոստիկանության անմիջական հոգածության առարկան էր: Դեռ նախընտրական ժամանակահատվածում ոստկանության ղեկավար կազմը բազմիցս ներկայացրել էր համակարգի անելիքներն ու խնդիրները և հավաստիացրել, որ պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու, ցանկացած իրավախախտման մասին տեղեկատվությանն անհապաղ արձագանքելու և առհասարակ օրենքով սահմանված բոլոր գործառույթները: Հենց այս նպատակներին էր միտված ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի գործունեությունը: Իսկ ձեռնարկված քայլերի ու կատարված աշխատանքների ծավալների մասին կարելի է հստակ պատկերացում կազմել նախընտրական շրջանում և ամփոփիչ խորհրդակցությունների ժամանակ հնչած ծանուցումներին ծանոթանալով: Հիշեցնենք, որ մայիսի 5-7-ը օպերատիվ շտաբը գործել է շուրջօրյա ռեժիմով:

Օրերս կայացած ամփոփիչ խորհրդակցության ժամանակ քվեարկության օրը ստացված հաղորդագրությունների բնույթի մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ.

- Ստացվել են ընդամենը 127 հաղորդագրություններ և տեղեկատվություններ, որոնք կարելի է բաշխել հետևյալ կերպ` թեժ գծով ստացվել է 25, հերթապահ մասի ուղիներով մեր անմիջական տարածքային մարմիններից` 59, ինտերնետային կայքէջերից մշակվել է 41 հաղորդագրություն և տեղեկատվություն, դիտորդների կողմից` ստացվել է 2 ահազանգ: Ըստ բնույթի և ըստ էության դրանք կարելի է հետևյալ կերպ բաշխել. ընտրակարուսել կոչված դեպքերի մասին 1 հաղորդագրություն` Արարատի մարզից, ընտրակաշառք բաժանելու` 33, զանգվածային լցոնման` 4, ուրիշի փոխարեն կամ կրկնակի քվեարկության` 14, բաց քվեարկության` 2, բացահայտ քարոզչության` 1, ընտրացուցակների անճշտության` 3, քվեաթերթիկների պակասորդի` 4, կուսակցության ներկայացուցիչների միջև ընդհարումների` 4, հանձնաժողովի անդամների նկատմամբ բռնության` 1, հանձնաժողովի կամ վստահված անձի գործունեության խոչընդոտում` 20, ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության խոչընդոտում` 5, քվեարկողի կամքի ազատ արտահայտման խոչընդոտում` 5, խուլիգանական արարքներ` 7, այլ հանցագործություններ կամ հաղորդագրություններ հանցագործությունների մասին` 23 դեպքեր: Այս ամբողջ տեղեկատվությունը մշակվել է մեր խմբի կողմից, վերլուծվել, կուտակվել և փոխանցվել է համապատասխան ծառայություններին` անմիջապես արձագանքելու համար:

Հետաքրքիր են նաև հետընտրական զարգացումները: Օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ- մայոր Հունան ՊՈՂՈՍՅԱՆԻ ներկայացմամբ.

- Ընտրությունների օրը` առավոտյան ժամը 8:00-ից 20:00-ն որպես հանցագործության մասին հաղորդում` դիտվել են 78 դեպքեր, որոնցից 8 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: 70-ը գտնվում են ինչպես հետաքննության, այնպես էլ նախաքննության փուլում: 2 դեպքերով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ ընդունվել է վարույթ և հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը: 1 դեպքով Շենգավիթի քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրում), 1 դեպքով Էրեբունու քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը): 3 դեպքով ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի հատկանիշներով (ընտրական հանձնաժողովի աշխատանքին, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը): Ընտրությանը հաջորդող օրերին որպես հանցագործության մասին հաղորդում` գրանցվել են 34 դեպքեր, դրանց մեծ մասով իրականացվում են հետաքննություն և նախաքննություն: 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Ոստիկանությունն անհապաղ արձագանքել է ստացված բոլոր հաղորդումներին և ահազանգերին, եթե անգամ դրանք առաջին իսկ պահից ապատեղեկատվություն են հիշեցրել:

- Ընտրություններից հետո մեղադրանքներ հնչեցին ոստիկանության հասցեին: Մասնավորապես «Ժառանություն» կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, թե մեծ թիվ է կազմել մարզերից բերված խմբերի ժամանակավոր գրանցումը մայրաքաղաքում` ձայներ ապահովելու նպատակով: Արդյունքում` նրանք կրկնակի քվեարկելու հնարավորություն են ստացել: Ինչպե՞ս կմեկնաբանեիք,- «Ավանգարդի» այս հարցին ի պատասխան` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ- մայոր Արթուր ՕՍԻԿՅԱՆԸ հավաստիացրեց. «Ժառանգություն» կուսակցության նախնական հայտարարության հետ կապված` մենք մեր պարզաբանումն ու գնահատականն արդեն տվել ենք: Ընդհանրապես ժամանակավոր հաշվառում հասկացություն գոյություն չունի: Բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ ցանկություն են հայտնել իրենց դիմումների համաձայն քվեարկել մեկ այլ ընտրական տեղամասում` իրենց հաշվառման հասցեից դուրս (ընդ որում` նրանք ընդգրկվում են լրացուցիչ ընտրողների ցուցակում և մասնակցում են միայն համամասնական ընտրակարգով ընտրություններին), սահմանված կարգով ընթացք է տրվել, քանի որ տեղական ռեգիստրներում իրավունք չունեին մերժել դիմումները: Եթե նախկինում հաշվառում ունենալով այլ հասցեում անձը տեղափոխվում է մեկ այլ հասցե` հաշվառման, այս դեպքում նույնպես կամ սեփականատիրոջ համաձայնությամբ մշտական բնակության հաշվառում, կամ փաստացի հաշվառում է տեղի ունեցել: Ինչն անգամ չի պահանջում սեփականատիրոջ համաձայնությունը` դա կլինի պետական կամ համայնքային սեփականության, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող տարածքներում` եթե մարդը մշտապես բնակվում է այնտեղ: Համաձայն Կառավարության N 1231 որոշման` փաստացի հաշվառումների համար սեփականատիրոջ համաձայնությունը չի պահանջվում: Սակայն նշեմ, որ հիմնականում մեր աշխատակիցները փորձել են պարզել սեփականատիրոջ համաձայնությունը և անգամ վերցնել համապատասխան գրավոր դիմում` անձանց հաշվառում իրականացնելու համար: Հետևաբար կուսակցության տարածած այդ տեսակետի առնչությամբ մենք փաստում ենք, որ բոլոր գործողություններն իրականացվել են օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ի դեպ` լրացուցիչ ցուցակներում ընդգրկվածների թիվը շուրջ 10 անգամ պակաս է եղել նախորդ համապետական ընտրությունների համեմատ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ