Դիմել էին «մեծ ախպերներին»


 

Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում մայիսի 5-ին վիճաբանություն էր տեղի ունեցել: Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` վիճել էին նույն գյուղի բնակիչներ` 28-ամյա Մելիք Հարությունյանը, 29-ամյա Կարեն Գևորգյանն ու 22-ամյա Իսրայել Հովհաննիսյանը:

Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, և կասկածյալներն անմիջապես հայտնվեցին իրավապահների տեսադաշտում:

Արդյունքում` կատարվածից ընդամենը երկու օր անց, Հարությունյանը, Գևորգյանն ու Հովհաննիսյանն արդեն ոստիկանությունում էին և խոստովանական ցուցմունք էին տալիս:

Պատմությունը սկսվել էր Իսրայելի և Կարենի զարմիկի միջև հանկարծակի ծագած վիճաբանությունից: Հովհաննիսյանն իրենց բակում նստած էր եղել, երբ Կարենի զարմիկն անցնում էր փողոցով: Վերջինս քայլելու ընթացքում թքել էր: Իսրայելն անցորդի նման վերաբերմունքից զայրացել և բացատրություն էր պահանջել:

Կարճատև խոսակցությունից քաշքշուկ էր սկսվել, որի ընթացքում Հովհաննիսյանի հետ վիճող երիտասարդները որոշել են սկսվածը հետո շարունակել` դիմելով, այսպես ասած, «մեծ ախպերների» օգնությանը:

«Մեծ ախպերներն» էլ, բնականաբար, «հաշիվ» են պահանջում արդեն Իսրայելից: Վերջիններիս միջև խոսակցությունը նույնպես բավական լարված բնույթ է ստացել` վերածվելով քաշքշուկի, որին միջամտել էր նաև պատահական դեպքի վայր հասած Մելիքի մտերիմ Կարեն Գևորգյանը:

Վիճաբանության անկյուններն այնքան սուր էին եղել, որ Մելիքն ու Կարենը, համերաշխության եզրեր չգտնելով Իսրայելի հետ և հաշվի առնելով իրենց ու Իսրայելի միջև եղած տարիքային տարբերությունը, հիմա էլ որոշում են խոսակցությունը շարունակել ոչ թե Իսրայելի, այլև վերջինիս հոր հետ:

Սակայն Իսրայելը չէր հանդուրժել համագյուղացիների նման վերաբերմունքը և, անակնկալի բերելով նրանց, գործի էր դրել իր մոտ եղած «Վալտեր» տեսակի ատրճանակը: Ոչ թե կրակել էր, այլ ատրճանակի կոթով հարվածել էր Հարությունյանի ու Գևորգյանի գլուխներին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանները ատրճանակն առգրավել են: