«ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ»-Ն ԷԼ ՉԿԱ


 

Հինգ տարի առաջ` 2007 թվականի մայիսի 16-ին, կյանքից հեռացավ հայ և համաշխարհային օպերային արվեստի մեծերից մեկը` Գոհար Գասպարյանը: Ավետիք Իսահակյանը նրան «Հայաստանի սոխակ» էր կոչել, իսկ աշխարհի բեմերը միշտ սիրով են սպասել Գոհար Գասպարյանի ելույթներին: Նա իրապես համաշխարհային հռչակի երգչուհի էր` բացառիկ ձայնային տվյալներով:

Հինգ տարի առաջ իր մահկանացուն կնքեց ու հեռացավ` թողնելով հարուստ ժառանգություն, որն իր հետազոտողներին է սպասում: Թվում էր, որ ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գասպարյանի երկրային կյանքի ավարտից հետո ուշադրություն և հոգատարություն պիտի ձևավորվեր նրա հիշատակի հանդեպ, ըստ արժանվույն պիտի մեծարվեր մեծ երգչուհին: Սակայն...

Նրա բնակարանը, որը կարող էր օպերային արվեստի հրաշալի թանգարան դառնալ` ներկայացնելով նաև Տիգրան Լևոնյանին, վաճառվեց դստեր կողմից: Հայրենի իշխանությունները, որ հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսում ամենապոպուլիստական միջոցառումների համար, չցանկացան գումար տրամադրել երգչուհու տուն-թանգարանի ստեղծման համար: Երևանյան իշխանություններն էլ մի փողոց չգտան, որպեսզի անվանակոչեն մեծ երգչուհու անունով, արվեստի դպրոցներից մեկին շնորհեն երգչուհու անունը, որովհետև Գոհար Գասպարյանը ոչ միայն ազգային, այլև համաշխարհային արժեք է: Իհարկե, բոլորը չէ, որ մոռացումի վարագույր կախեցին երգչուհու հիշատակին: Բանասիրական գիտությունների թեկնածու Ռոբերտ Դավթյանը հրատարակեց «Հայաստանի սոխակը» ժողովածուի առաջին հատորը, իսկ երկրորդ հատորի հովանավորությունն էլ ստանձնեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ոմն Արմինե Տեր-Իսրայելյան, կարողանալով համոզել որոշ սփյուռքահայերի, գումարներ հայթայթեց և հրատարակեց շքեղ հատոր` վարկաբեկելով երգչուհուն, ստվեր նետելով նրա անվանը:

Գոնե հիմա, երգչուհու մահվան հինգերորդ տարելիցի օրն ու ծննդյան 90-ամյակի նախաշեմին հայրենի իշխանությունները հոգ տանեն նրա հիշատակի հավերժացման մասին, Մշակույթի նախարարությունում ստեղծեն համապատասխան հանձնաժողով, որը կզբաղվի ինչպես հիշատակի հավերժացման, այնպես էլ նրա ստեղծագործական ժառանգության հավաքչության և գիտական համակարգման խնդիրներով: Եվ, քանի որ անդարձորեն կորած է այլևս նրա բնակարանը, գուցե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մի առանձին սրահ հատկացվի` իր շեշտված ցուցադրությամբ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ