ԴԱՐՁՅԱԼ ԾԱԾԿԱԾ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ


 

Մենք արդեն հպանցիկորեն ներկայացրել ենք տեղեկատվություն այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնում ավերածությունների է ենթարկվել Երևանի արժեքներից մեկը` Մաշտոցի պողոտայում գտնվող ծածկած շուկան, որը նաև պատմական հուշարձան է: Մեզ հաջողվեց տեղեկանալ, որ իշխանությունների կողմից տրվել էր միայն ընդգետնյա ավտոկայանատեղիի կառուցման թույլտվություն: Մինչդեռ հիմնանորոգումներն իրականացնող շինարարական կազմակերպությունը ոչ միայն ավերել է տանիքը, այլև կառույցի ներսում քանդել է կողային աստիճանները, որոնք ճարտարապետական ուրույն արժեք էին:

1952 թվականին ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված շուկան իր նմանը չուներ ողջ Խորհրդային Միությունում: 1990-ականների սկզբներից շուկան վերածվեց մի խայտառակ կառույցի, ուր տիրապետող էին դարձել կեղտն ու վխտացող առնետները: Այն ընդգրկված է Երևանի պատմական և ճարտարապետական հուշարձանների ցանկում, սակայն այս հանգամանքը չխանգարեց, որ տասնհինգ տարվա ընթացքում շուկան մի քանի անգամ վաճառվեր, հետո հայտնվեին նոր գնորդներ...

Այն վաճառվեց գործարար Սամվել Ալեքսանյանին` «Լֆիկ Սամոյին»: Թե ո՞վ և ի՞նչ թույլտվություն էր տալիս հուշարձանը վաճառելու և վերավաճառելու մասին` չգիտենք:

Տեղյակ ենք, որ դառնալով նոր սեփականատեր` Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, թե չի փոխելու դրա նշանակությունը, ոտնձգություններ չեն լինելու ճարտարապետական լուծումների հանդեպ:

Պատմական և ճարտարապետական հուշարձանների մասին ՀՀ օրենքում ամրագրված է, որ, անկախ պատկանելիությունից և սեփականության ձևից, կառույցը պահպանվում է պետության կողմից: Սա նշանակում է, որ ոչ ոք իրավունք չունի կատարելու այնպիսի աշխատանքներ, որոնք կխաթարեն հուշարձանի տեսքը և նշանակությունը: Սամվել Ալեքսանյանին, սակայն, օրենքի այս դրույթը չէր հետաքրքրում, և հունվար ամսից այստեղ բուլդոզերներ հայտնվեցին ու սկսեցին ավերել շուկան: Հուշարձանը Սամվել Ալեքսանյանից փրկելու համար ոտքի կանգնեցին Ճարտարապետների միությունը, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, նամակներ հղվեցին վարչապետ Տիգրան Սարգսյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բարեբախտաբար, նրանց հաջողվեց կասեցնել շինարարական աշխատանքները: Երևանցիները հանդարտվեցին` կարծելով, թե հուշարձանը փրկված է: Բայց փետրվարի վերջերից գործարարը, արհամարհելով բոլոր ահազանգերը, զգուշացումներն ու խնդրանքները` վերսկսեց շինարարական աշխատանքները` քանդելով -ավերելով բոլոր կամարները: Այս փաստի առթիվ կազմվեց արձանագրություն` հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 154 հոդվածը: Բայց այստեղ ահա մենք բախվում ենք մի զավեշտալի իրողության` երբ Երևանի հուշարձաններից մեկի ավերումի համար սահմանվեց տուգանք` ընդամենը 200 հազար դրամ: Ո՞վ ո՞ւմ էր ծաղրում, ո՞վ էր այդպես ցինիկաբար ոտնահարում օրենքները` մայրաքաղաքի ու երկրի շահերը: Ո՞վ էր իրեն վեր դասում մեր պատմությունից և մշակույթից...

Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մատնվել է բացահայտ անգործության, չի առաջնորդվել համապատասխան օրենսդրական ակտերով և չի դիմել ոստիկանությանը` պատմական հուշարձանի ավերման համար քրեական գործ հարուցելու միջնորդությամբ: Ավելին, նախարարությունը թույլատրել է սկսել ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներն առանց նախագծի, առանց մայրաքաղաքի քաղաքաշինության խորհրդի որոշման: Աղմուկ բարձրացվելուց հետո նոր միայն հաստատել է ավտոկայանատեղիի նախագիծը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ