«ՇԱՆԹԸ» ՉԻ ՎՃԱՐՈՒՄ


 

«Շանթ» հեռուստաընկերության տարբեր սերիալներում նկարահանված դերասանների մեծ մասը հեռացել է` դժգոհություններ ունենալով վարձատրությունից: «Շանթում» միշտ էլ դերասաններին դիտարկել են որպես էժան աշխատուժ և նկարահանման օրը սահմանելով տասը հազար դրամ` աշխատեցրել միայն իրենց հարմար ձևերով ու սկզբունքներով:

Օրերս էլ մի նոր սկանդալ էր հասունացել հեռուստաընկերությունում. սերիալների դերասանախմբին աշխատեցնելով չափազանց ցածր վարձավճարներով` ընկերությունը չի վճարել երկու ամսվա աշխատավարձը, ինչի պատճառով էլ դերասանախումբը հրաժարվում էր մասնակցել նկարահանումների: Խոստանալով, որ մեկ-երկու օրվա ընթացքում կփակվեն հունվար-փետրվար ամիսների պարտքերը` ընկերության ղեկավարները դերասաններին խնդրել են չհեռանալ: Սակայն, ինչպես պարզվեց, հերթական անգամ ընկերությունը «քցել» է իր «էժան աշխատուժին»` դրժելով խոստումը: Դերասանները մասնակցում են սերիալներին ոչ միայն ստեղծագործական, այլև ֆինանսական նկատառումներով, մինչդեռ հեռուստաընկերությունը նրանց աշխատեցնելով` պարտադրում է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ: