ՕԲԱՄԱՆ ՓՈՇՄԱՆԵԼ Է


 

=ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ վերջերս հայտարարություն էին տարածել, որ եթե Բարաք Օբաման պատերազմ սկսի Սիրիայի դեմ, ապա կսկսեն նրա իմպիչմենտի գործընթացը: Իհարկե, ամերիկյան օրենսդրությամբ` նախագահը կարող է պատերազմ հայտարարել և մոտ 60 օր այդ հարցով չդիմել Կոնգրեսին կամ Սենատին: Սակայն խնդիրը ոչ այնքան օրենսդրական, որքան բարոյական հարթությունում էր: Գուցե իմպիչմենտի հեռանկարն էլ մտահոգել էր Օբամային, և նա արդեն պաշտոնապես հայտարարում է, որ չի պատրաստվում ռմբակոծել նաև իրանական ռազմական օբյեկտները: Ստացվում է, որ Օբաման հրաժարվում է նաև Իրանի դեմ պատերազմելու գաղափարից, ինչը փայփայում էր տևական ժամանակ:

Որոշ վերլուծաբաններ այն միտքն են արտահայտել, թե Օբամային մտահոգել է Իրան-Թուրքիա-Ադրբեջան հայտարարությունը: Օբամայի վարչակազմն Իրանի դեմ պատերազմ նախատեսելիս առաջին հերթին հենվում էր Թուրքիայի և Ադրբեջանի աջակցության վրա` տարածքի տրամադրման առումով: Իսկ հիմա արդեն պարզ է դառնում, որ այդ երկու երկիրն էլ մտադիր չեն աջակցել Իրանի դեմ պատերազմին: Սա, անշուշտ, բավական խելացի մտածված քայլ է, որում դարձյալ պետք է փնտրել «ամերիկյան հետքի» առկայությունը: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան չեն ելնում Իրանի դեմ, եթե նրանք պաշտպանում են խաղաղության գաղափարը, ապա ստացվում է, որ տարածաշրջանում, այնուամենայնիվ, տեղի է ունենում ծրագրային փոփոխություն: Օբաման վախենում է կորցնել իշխանությունը, մանավանդ որ նրա վարկանիշը չափազանց ընկել է, իսկ ամերիկյան ազդեցիկ շրջանակներն էլ պահանջում են Հիլարի Քլինթոնի հրաժարականը:

Օբաման չի կամենում կորցնել հնարավորությունը` երկրորդ անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելու, մինչդեռ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող էին հիմնովին վնասել նրան: Ի դեպ, համաձայն ամերիկացիների շրջանում անցկացված հարցախույզի, շատերը կողմ են Իրանի դեմ պատերազմին, սակայն դա ցանկանում են իրականացնել Իսրայելի ձեռքերով: Հարցվողների 56 տոկոսը կողմ է արտահայտվել ԻԻՀ-ի դեմ պատերազմին (դեմ է եղել հարցվածների 39 տոկոսը): Օբաման հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի մասին հայտարարությունները բարձրացնում են բենզինի գները, մինչդեռ մի շարք ամերիկացիների չի վախեցնում անգամ բենզինի խնդիրը: Հարցվածների 62 տոկոսը պնդում է, որ Իսրայելին հանձնարարելով պատերազմ վարելու պարտականությունը` ԱՄՆ-ը հանդիսանա միայն աջակցող և ոգեշնչող:

Իրան-Թուրքիա-Ադրբեջան հայտարարությունը, բնականաբար, հարված էր Վաշինգտոնին, սակայն որոշակի մտահոգություններ են ծնվում Հայաստանի և Ղարաբաղի հարցում: Ադրբեջանը շարունակում է զինվել: Սրանց պաշտպանության նախարարը Թեհրանում հայտարարում է Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, ինչին դեմ է Իրանը, որը վաղուց հստակեցրել է իր դիրքորոշումն այս հարցում և պաշտպանում է խաղաղ ճանապարհով լուծելու տեսակետը: Ուրեմն, ո՞ւմ դեմ է ուղղված Ադրբեջանի սպառազինության մրցավազքը: Բնականաբար` Հայաստանի: Հնարավոր պատերազմական սցենարներից խուսափելու համար Հայաստանը պիտի ձեռնարկի բոլոր դիվանագիտական ուղիներն ու ինքն էլ հայտարարություն ստորագրի Իրանի հետ` այսպիսով միանալով անվտանգության և խաղաղության այն ջանքերին, որոնք շոշափվել են Նախիջևանյան հայտարարության մեջ: Սա հայկական դիվանագիտության կարևոր հաղթանակը կլինի և Ադրբեջանին հետ կպահի ռազմական արկածախնդրությունից` Հարավային Կովկասը հռչակելով խաղաղության գոտի: Հայաստանն իսկապես ոչ մի րոպե իրավունք չունի հապաղելու: Եկել է պատմական որոշում կայացնելու կարևորագույն պահը, և Հայաստանը պետք է օգտվի ստեղծված վիճակից:

Լ.Մ.