Հարազատի մահվան փաստը թաքցրել էր


 

Մարդ արարածն իր հարազատի հիշատակը հարգելու և վառ պահելու, ննջեցյալների հոգիների հանգստության համար առ Աստված խնդրանք-աղաչանքներ հղելու ու վիշտը թեթևացնելու բազում ողջախոհ ուղիներ գիտի: Բայց դեպքը, որին օրերս ծանոթացանք ոստիկանության հաղորդագրություններից մեկում, զարմանք և տարակուսանք առաջացնելուց բացի, նաև տխուր մտորումների տեղիք է տալիս:

Մարտի 13-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 50-ամյա մի բնակչուհու:

Պարզվել է, որ նա թաքցնելով իր հարազատի մահվան հանգամանքը և 1994 թվականի աշնանից ի վեր օգտագործելով նրա տվյալներով, սակայն ուրիշ անձի նկարով կեղծ անձնագիրը, մինչ օրս փոստային բաժանմունքից ստացել է հարազատին կենդանության օրոք ամսական հասանելիք 12.000 դրամ թոշակը:

Թե 18 տարի շարունակ յուրաքանչյուր ամիս ի՞նչ ապրումներ է ունեցել կինը ցուցակներն ստորագրելիս և գումարները ստանալիս` հայտնի է միայն իրեն: Չենք դադարում հավատալ, սակայն, որ Բարձրյալը ողորմություն ու թողություն կշնորհի մոլորյալ կնոջը և կների նրա մեղքերն ու սխալները: Բայց և ակնհայտ է, որ անխուսափելի է լինելու նրա «հանդիպումը» ՀՀ քրեական օրենսգրքի խարդախություն հոդվածով նախատեսված պատժի հետ: