Պատվար` աղանդների դեմ


 

Արդեն մեկ ու կես տասնամյակ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունն իր սպասավորների ամենօրյա աշխատանքով քրիստոնեական ճշմարիտ արժեքներն ու Աստծո խոսքն է հասցնում հայ զինվորին ու սպային: Դեռ 1997-ին երջանկահիշատակ Գարեգին Առաջինը և այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Զինված ուժերում ստեղծեցին այս ծառայությունը` լավագույնս գիտակցելով անձնակազմի հոգևոր դաստիարակության դերը:

Մեր պատմության ամենաօրհասական պահերին հոգևորականը եղել է մարտիկների կողքին, նաև` առաջին գծում: Փաստ, որը վերահաստատվեց Արցախյան գոյապայքարի ժամանակ:

Այսօր ՀՀ Զինված ուժերում ծառայում են շուրջ 5 տասնյակ սպասավորներ` ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր ծառայությամբ: Այսինքն` հիմնական ծառայողներից զատ` Ճեմարանում կրթությունն ավարտած սարկավագը Զինված ուժերում ծառայում է որպես հոգևոր սպասավոր: 1997-ից Ազգային բանակում ծառայել են 150-ից ավելի հոգևոր սպասավորներ:

Տարվող լայնածավալ դաստիարակչական աշխատանքների հետ մեկտեղ հոգևորականները հուսալի պատվար են` տարատեսակ քայքայիչ աղանդների դեմ: Քանի որ տարբեր հոսանքների ջլատիչ ազդեցությունը, ապա և դառնագին հետևանքներն անթույլատրելի են պաշտպանական կառույցում: Անթույլատրելի է դրանց թափանցումը, գիտակցությունը մթագնող ու խեղող գործունեությունը. զինվորը նախևառաջ առողջ հոգեբանությամբ պետք է «զինված» լինի:

ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավոր տեր Կորյուն քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ վստահեցնում է, որ բարեբախտաբար վերջին տարիներին զգալիորեն նվազել է աղանդների տարածվածությունը բանակում, հատկապես 80-ականների վերջերի և 90-ականների սկզբների համեմատությամբ: Մի շրջան, երբ մեր երկիրը հարկադրված էր բազմաթիվ մարտահրավերների բախվել:

Այս առումով դիպուկ է քահանայի օրինակը.

-80-ականներից հետո մեր երկիրը նմանվում էր չբարուրված, մերկ, անպաշտպան մանուկի: Ցանկացած «քամի» կարող էր ազդել նրա առողջության վրա: Հիմա մենք պաշտպանված ենք, Փառք Աստծո, մեր երեխային «հագցրել ենք»:

Իսկապես, համեմատության դեպքում փոփոխությունն ակնհայտ է: Հոգևոր սպասավորների կողմից հետևողական աշխատանքներ են տարվում` քարոզների ու հատկապես անհատական զրույցների միջոցով որոշակի շեղվածություն ունեցողներին դարձի բերելու ուղղությամբ: Արվում է հնարավորը` աղանդների ցանկացած դրսևորում արմատախիլ անելու:

Ինչպես տեր Կորյունն է վստահեցնում` ջանքերը տալիս են ցանկալի արդյունքներ: Բավական թվով մարդիկ արդեն իսկ դարձի են եկել, համոզվել են ճշմարիտ հավատքի իսկության մեջ, մկրտվել են և շարունակում են ծառայել:

Այնուամենայնիվ, որքան էլ ցավալի է` դեռևս զգալ է տալիս աղանդների ներկայությունը:

Զինված ուժերում ծառայող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ևս հոգևոր սպասավորները յուրահատուկ մոտեցում են դրսևորում.

- Բանակում ծառայում են նաև ՀՀ քաղաքացի ռուսներ, ուկրաինացիներ, քրդեր, եզդիներ: Հոգևորականը, լինելով նաև հոգեբան, ընդհանուր զրույցների ժամանակ ավելի շատ շեշտադրում է ոչ թե դավանաբանական խնդիրները, այլ համամարդկային և քրիստոնեական արժեքները, որպեսզի չվիրավորի որևէ մեկի կրոնական պատկանելությունը:

Այսօր ՀՀ ԶՈւ ոչ բոլոր զորամասերում են ծառայում հոգևոր սպասավորները: Առաջնահերթությունը բնականաբար տրվել է մարտական հերթապահություն իրականացվող զորամասերին, որտեղ ավելի մեծ է հոգևոր դաստիարակության անհրաժեշտությունը: Սակայն, մի ցավալի զուգադիպությամբ, դժբախտ պատահարներ գրանցվում են հիմնականում սահմանամերձ զորամասերում: Այս պարագայում ինչո՞վ է կարևորվում հոգևորականի դերը.

- Առհասարակ, շատ ցավալի է, երբ երիտասարդ կյանքի կորուստ ենք ունենում: Ավելի ցավալի` զինվոր երեխայի կորուստը: Մենք այսօր գտնվում ենք չհայտարարված պատերազմի` ավելի անորոշ խաղաղ ժամանակաշրջանում: Սակայն եթե ունենք կորուստներ, դա նաև մեր մեղքն է: Շատ ցավալի է նայել մոր աչքերին և ասել` Ձեր երեխան զոհվել է: Շատ ծանր են մոր արցունքները, ծանր է հոր լռությունը... Բայց, ցավալիորեն, ունենք այդպիսի դեպքեր: Մեր աշխատանքի, ծառայության շեշտադրումներից մեկը նաև ճիշտ ժամանակին անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելն է:

Սիրո պակաս կա մեզանում: Իսկ քրիստոնեական ճշմարիտ արժեքները` փոխադարձ սերը, հարգանքը, հանդուրժողականությունն ու միմյանց ներելու կարողությունն ամենազոր են: Հենց այս արժեքներն է կարևորում նաև Կորյուն քահանա կարապետյանը:

-Սիրուց սեր է ծնվում, ատելությունից` ատելություն: Հենց այդ սերը պիտի սերմանել: Նախարարն այս տարի գրավոր զրույց ունեցավ զինվորի ու զինվորականի հետ, որտեղ հստակ նշվում է. «Եթե զինվորը տեսնում է, որ ուշադրության կենտրոնում է, իրեն սիրում ու հարգում են, ինքը ևս նույն կերպ է վարվում դիմացինի հետ»: Տա Աստված` մի օր կբացառենք մեզ անհարիր այս երևույթը, երբ զինվորը ոչ թե արիաբար զոհվում է, այլ... չի վերադառնում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ