ՀՅՈՒՐԱՍՐԱՀ


 

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ շրջապատում շատերն են համարում ուրախ մարդ: Հաճույքով ու հումորով պատմում է Վարդան Աճեմյանի ու Մհեր Մկրտչյանի մասին, նմանակում նրանց:… Սակայն միայն հումորը չէ նրա ուղեկիցը: Գլխավորելով Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը` նա նաև բազմաթիվ հոգսեր ու տխուր մտորումներ ունի:

ԱՄԵՆԱՈՒՐԱԽ ՄԱՐԴՈՒ ՏԽՈՒՐ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԸ

Ազգային կինոակադեմիայի «Հայակ» մրցանակաբաշխությանը Դուք ներկայացված եք «Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում` Արման Մանարյանի «Ընկեր Փանջունի» ֆիլմում Փանջունու դերակատարման համար: Բեմադրիչի համար օրինաչափ կարո՞ղ է համարվել այն, որ ներկայացվում է մրցանակաբաշխության որպես դերասան:

- Տարօրինակ ոչինչ չկա` չնայած շատ լավ կլիներ, որ իմ անունը հիշատակվեր որպես բեմադրիչի: Դերասանական արվեստը բեմադրիչի մասնագիտության մի մասն է: Իմ մեծ ուսուցիչ Վարդան Աճեմյանը հրաշալի դերասան էր նաև. այնպես հաճույքով էր ուսանողներին ու դերասաններին ցույց տալիս դերի այս կամ այն հատվածը… Ուրախ եմ, որ մոտ երկու տասնամյակ առաջ ստեղծված իմ այս կատարումը տեղ է գտել մի անվանակարգում, ուր ներկայացված են իսկապես տաղանդավոր մարդիկ: Ի դեպ, անվանակարգում ներկայացված մյուս թեկնածուներից մեկը` Ժան Նշանյանը, նույնպես բեմադրիչ է:

Ասացիք, որ շատ ավելի լավ կլիներ, եթե մրցանակաբաշխությանը ներկայանայիք որպես բեմադրիչ: Ի՞նչ նկատի ունեիք:

- Ավարտելով Վարդան Աճեմյանի ստեղծագործական արվեստանոցը, ես մեկնեցի Մոսկվա և Համամիութենական կինոինստիտուտում սովորեցի ռեժիսորական բարձրագույն դասընթացներում` աշակերտելով խորհրդային կինոյի իսկապես լեգենդար վարպետներին: Կինոն շատ էի սիրում: Այդ հարցում թերևս ինձ համար ուղենիշ էր հայրս` Երվանդ Ծատուրյանը, ով մի շրջան լինելով թատերական բեմադրիչ` իր հետագա ողջ կյանքը կապեց կինոյի հետ, կրկնօրինակեց դասական դարձած մի շարք ֆիլմեր: Վերադառնալով դասընթացներից` ես որպես երկրորդ բեմադրիչ մասնակցեցի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին, ինքս էլ նկարահանվեցի: Այլ ֆիլմերում ևս նկարահանվել եմ, սակայն թատրոնն ինձ ավելի ձգեց: Առավել ստույգ` Վարդան Աճեմյանը պարտադրեց վերադառնալ թատրոն, լինել իր ասիստենտը ինչպես թատրոնում, այնպես էլ Թատերական ինստիտուտում: Ես կորցրեցի կինոբեմադրիչ լինելու իմ հնարավորությունը, բայց ձեռք բերեցի թատրոնը: Ես սիրում եմ առհասարակ թատրոնը և իմ մասնագիտությունը: Չնայած երբեմն տեսնելով, թե ինչ ապաշնորհ գործեր են ստեղծվում, թե ինչի են վերածում մեր թատրոնը` սկսում եմ ինքս էլ հիասթափվել իմ մասնագիտությունից:

Մի՞թե այնքան վատ է մեր թատրոնի վիճակը, որ հիասթափվում եք:

- Երբեմն` չափազանց վատ է: Թատրոնը կորցրել է իր տեղն ու նշանակությունը: Կորցրել է, որովհետև հասարակական ճաշակը զարմանալիորեն վայրիվերո է դարձել, հասարակությունը դարձել է էժանասեր: Հասարակության փոխարեն` ձևավորել ենք ամբոխ, ամբոխի հոգեբանություն: Իսկ ամբոխը երբեք չի կարող բարձր ճաշակի թելադրողը լինել: Մի առիթով ասել եմ, որ մարդիկ կենդանաբանական այգում ամենից շատ խռնվում են կապիկների վանդակների մոտ ու անզուսպ հռհռում: Այսօր ճիշտ այդպես գնում են ամենատարբեր հումորային երեկոների ու իբր ներկայացումների և հռհռում` հենց այսպես ծաղրելով բարձր արվեստը, ճշմարիտ թատրոնը: Էժան բաների վրա հռհռացող, էժանասիրությունը սկզբունք դարձրածների համքար թատրոնն այլևս գոյություն չունի: Եվ, ցավոք սրտի, սա հանրային գիտակցության մի մասն է դարձել:

Արդյո՞ք թատրոնները չեն կարող պայքարել այս ամենի դեմ, հակադրել բարձրակարգ ներկայացումներ, ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հանդիսատեսը նախընտրի ճշմարիտ արվեստը:

- Արդեն շատ բան իր հունից ընկել և այլ ուղղությամբ է գնացել: Մոտ քսան տարի ամեն ինչ արվել է, որպեսզի իսկական թատրոնը հեռանա մեր կյանքից: Դա արվել է տարբեր ձևերով: Ցածր ֆինանսավորումը, թատրոնները համերգասրահների վերածելը, այսպես կոչված հումորային ներկայացումների թանկարժեք գովազդները, հեռուստատեսությամբ օրուգիշեր ընթացող քարոզչությունը մեծ վնաս են հասցրել թատրոններին: Թատրոնը չի կարող «էստի համեցեք» անել: Ստեղծվում են լավ ներկայացումներ, բայց, ցավոք, մի քանի անգամ խաղացվում են, մոռացվում, իսկ հանդիսատեսի մի մեծ զանգված գնում է դիտելու ամենատարբեր «յոթուկեսեր» ու նման բաներΚ Պետական քաղաքականություն և վերաբերմունք է պետք, որպեսզի կարողանանք արդյունավետ պայքար մղել:

Այս նույն խնդիրն այսօր երաժշտության մեջ է: Մեզ մատուցվում են արաբաթրքական մեղեդիներ, ռաբիսն արդեն մեծ բեմեր է նվաճել, նույնիսկ հեռուստատեսությամբ ներկայացվում են ռաբիսի «աստղերի» ելույթները... Համընդհանուր արժեզրկում է տեղի ունեցել, որի հետ, պարզապես չի կարելի հաշտվել:

- Համաձայն եմ, որ չպետք է հաշտվել, բայց ինչպես… Երբ այսօր «հայկո-մկոներն» ավելի մեծ ժողովրդականություն են վայելում, քան բարձրակարգ դերասանները, երբ քո ասած ռաբիսի աստղերն ավելի մեծ համերգասրահներ են ապահովում հանդիսատեսով, քան ճշմարիտ երգիչները: Իհարկե, ես այն կարծիքին չեմ, թե հոռետեսաբար նայելով ամեն ինչի` պետք է հեռանալ ասպարեզից: Ես իմ գործն անում եմ, ստեղծում եմ իմ բեմադրությունները: Թող որ քիչ մարդիկ դիտեն: Համոզված եմ, որ նրանք համախոհներ կունենան, ովքեր կգան թատրոն, կգնան դասական երաժշտության համերգների: Ինձ երբեմն մոտենում են արվեստի իսկական գնահատողներ, արհեստավարժներ, իրենց կարծիքն են ասում, իրենց գնահատականները հնչեցնում: Ուրախանում եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր կարողանում են պահպանել արժեքների նկատմամբ իրենց վերաբերմունքը, իրենց դաստիարակությունը: Ուրեմն, նաև դաստիարակության խնդիր ունենք:

Եթե Ձեզ հրապարակային ամբիոն տրամադրվեր, ի՞նչ կասեիք մեր հայրենակիցներին:

- Ինձ այդ ամբիոնը հաճախ է տրամադրվում, հաճախ եմ ելույթներ ունենում հեռուստատեսությամբ: Եվ միշտ ասում եմ, որ հարկավոր է գնալ դեպի ճշմարիտ արժեքները, որ հարկավոր է ի վերջո մտածել մեր նկարագրի ու մեր տեսակի մասին: Ես բեմադրություններ եմ անում նաև Հալեպում: Ցավոք սրտի, նկատել եմ, որ Սփյուռքում նույնպես տեղի է ունենում այդ այլափոխման գործընթացը: Ուրեմն, ինչ-որ բան կա, որը մենք չենք հասկանում: Պետք է հասկանալ, վերլուծել, ընկալել, ապա նոր միայն մտածել այդ ամենի դեմն առնելու մասին:

Մեր զրույցն ընդվզումի վերածվեց, սակայն ուրախ եմ, որ անկեղծորեն խոսեցիք Ձեզ ու բոլորիս մտահոգող խնդիրների մասին: Շնորհակալություն զրույցի համար:

- Ես էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում, որ «Ավանգարդ» թերթն ինձ առիթ տվեց հերթական անգամ հնչեցնելու իմ ոչ ուրախ մտորումները: Մարդիկ տխրում են, որովհետև տխրելու առիթները շատ են…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ