Բռնակալին հարիր «պիտույք»


 

1956 թ. բելգիացի նկարիչ Էրժեն պետք է մտացածին բռնակալի խորհրդանիշ նկարեր: Եվ նա ընտրել է բեղերը:

Փաստորեն այդ մազափունջը շատերի մտապատկերում զուգակցվում է դաժան միապետերի հետ: Ու դա պատահական չէ: Հիշենք թեկուզ անցյալ դարի երկրի ամենանշանավոր բռնակալներին. Ադոլֆ Հիտլեր և Իոսիֆ Ստալին:

Ֆրանսիական SlΖte.fr-ը հետաքրքիր վիճակագրության է անդրադարձել և կազմել XIX-XX դարերի 147 բռնապետերի ցուցակը: Դրա հեղինակները հավակնում են, որ այն կմղի ուսումնասիրել, թե իսկապե՞ս բոլոր մենիշխանները հատուկ ձգտում ունեն դեպի բեղերը:

Նշյալ 147-ից 62-ը, կամ 42,2 %-ը բեղավորներ են: Լուրջ հիմնավորում է: Բայց կան և ուրիշ, ավելի հետաքրքիր «զուգադիպություններ»: Ներկայիս 19 միապետական պետություններից 15-ի ղեկավարները բեղեր ունեն (79 %-ը): Թվերն ինքնին խոսուն են: Դիկտատորների շրջանում քթատակի մազափունջը երբևէ այսքան տարածված չի եղել. ուրեմն չբացառենք, որ բեղավոր ինքնակալների առասպելը դեռ մեծ ապագա ունի:

Իմիջիայլոց, նշված թվերում հաշվառված չեն նշանավոր քաղաքական, պատմական, մշակութային բոլոր գործիչները: Օրինակ Թուրքիայում բեղերի առկայությունը և դրանց ձևը երկար ժամանակ դրանք կրողի քաղաքական կողմնորոշման «հուշարարն» էր:

Ֆրանսիայի 23 նախագահներից 12-ը (52 %) ընչացք են կրել: Ամերիկյան տիրակալների 50, եվրոպական` 47.8, աֆրիկյան` 42.3, ասիական` 31.6 տոկոսն է եղել բեղավոր: Ստացվում է, որ ասիական բռնակալներն ավելի քի՞չ հակում ունեն դրա հանդեպ: Բնավ` ոչ: Չինացի Մաո Ցզեդունի հարթ, սափրած դեմքը բոլորովին նրան, որպես 20-րդ դարի արյունարբու մարդասպան` չի տարբերում նույն Ստալինից կամ Հիտլերից:

Մի խոսքով, ինչպես ասում են` կրկնվող պատահականություններն օրինաչափություն են: Պարզապես` իրոք ուսումնասիրել է պետք այն հոգեբանությունը, որը բնորոշ է բռնակալներին: Դա երևի հնարավորություն կտա նաև հասկանալ նրանց հակումը քթատակի մազափնջի հանդեպ: