«Երդվյալ» անհաջողակներ


 

Ինչո՞ւ բազմաթիվ շնորհալի մարդիկ հաջողության չեն հասնում: Իրականությունից բխող այս հարցը շատերին է հուզում: Հուզել է նաև նախագահ Ռիչարդ Նիքսոնի խոսնակ և Հոլիվուդի սցենարիստ Բենջամին Սթայսին: Տարիներ շարունակ ուսումնասիրելով` նա ձևակերպել է անհաջողակների ու հաջողակ մարդկանց 8 տարբերություն.

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ. Անհաջողակները մշտապես սխալվում են իրենց հանդեպ: Կարելի է հաջողության հասնել` ուրիշների նկատմամբ անազնիվ լինելով: Բայց չի´ կարելի անվերջ խաբել ինքդ քեզ` կյանքում քո իսկ զբաղեցրած տեղի, գործերի վիճակի առնչությամբ: Չի´ կարելի անընդմեջ ուրիշներին մեղադրել` եթե ամեն ինչ քո ուզածով չի ստացվում, կամ ստիպված ես դժվարություններ հաղթահարել: Այդ կերպ առաջ շարժվել անհնար է:

ԱՊԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ. Կյանքում տոկոսները հավելվում են ներդրված կապիտալին: Խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև մարդկային կապիտալի մասին է: Հաջողությունը ձեռք է բերվում համառության, հաստատակամության գնով և ամենօրյա ջանադիր աշխատանքի արդյունքում: Անհաջողակներն իրենց ողջ կյանքում չեն էլ յուրացնում այս ճշմարտությունը:

- Աշխարհում ոչինչ չի փոխարինի հաստատակամությանը: Դրան չի կարող փոխարինել տաղանդը: Ավելի հաճախ չես հանդիպի ուրիշ մեկին, որքան` տաղանդավոր անհաջողակների: Միայն կրթությունը նույնպես բավարար չէ. աշխարհը լիքն է շրջապատից վտարյալ կրթվածներով: Միայն համառությունը և վճռականությունն են ամենազոր,- ասել է Քելվին Քուլիջը:

ԱՆԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ. Անհաջողակները բարյացակամ և սիրալիր են նրանց նկատմամբ, ովքեր իրենց օգտակար չեն, բայց արհամարհում են և շնորհակալ չեն իրենց հանդեպ բարեհաճ մարդկանց: Նրանք չեն կարողանում բարեկամանալ և ունակ չեն հարաբերություններ ստեղծել:

ՏԳԵՂ ՊԱՀՎԱԾՔ. Անհաջողակները հիվանդագին անդաստիարակներ են: Նրանք հաշվի չեն առնում կանոնները, ուշանում են հանդիպումներից, ոտնահարում են պայմանավորվածությունները, «մոռանում» են շնորհակալ լինել նվերների համար: Նրանք ի վիճակի չեն խոստովանել իրենց սխալներն ու անիրավացիությունը,

- Հաջողությունը ոչ այլ ինչ է, քան ամեն օր պահպանվող մի քանի հասարակ կանոնները: Իսկ անհաջողությունն ընդամենը ամեն օր կրկնվող մի քանի սխալ է,- ասել է Ջիմ Ռոնը:

ԱՆՃԱՇԱԿ ՀԱԳՈՒԿԱՊ. Անհաջողակներն առանձնանում են ճաշակի բացակայությամբ: Դիցուք` պաշտոնական ընդունելության կարող են գնալ անփողկապ ու մարզակոշիկներով և համոզված են ու պնդում են, թե դա նորաձևության վերջին ճիչն է: Կամ` առօրյա հագուստն ու անփույթ հագուկապը սեփական ես-ի հաստատումն են համարում: Իրականում նրանք այդ կերպ միայն հաստատում են, որ նման վայրերն իրենց տեղը չեն:

ԿՌՎԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. Անհաջողակներին գրեթե միշտ մատնում է նրանց դժգոհ ու մռայլ տեսքը: Նրանց դուր չի գալիս իրենց աշխատանքը, դուր չի գալիս կյանքը: Բոլորին հիմար կամ խաբեբա են համարում և ամեն ինչում դավ ու չարություն են տեսնում: Ու չեն գիտակցում, որ իրենց անվերջանալի հուսահատությամբ մատնում են սեփական անհաջողակությունը:

- Անհաջողակները նույնպես նպատակներ ունեն. պարզապես մի երեկույթ ծրագրելու համար նրանք ավելի շատ ժամանակ են ծախսում, քան անձնական կյանքի վրա,- ասել է Դենիս Վայտլերը:

ԱՆԻՄԱՍՏ ՎԵՃԵՐ. Անհաջողակները սիրում են վիճել` պարզապես վիճելու, հակադրվելու համար: Վեճեր սարքելով` նրանք ցանկանում են ինքնացուցադրվել, աչքի ընկնել` հուսալով, որ շրջապատում կգնահատեն իրենց ինքնատիպությունը, ամենագիտությունը: Դա լուրջ մոլորություն է: Մարդիկ ժամանակ ու հավես չունեն` դատարկ վեճեր լսել:

ՀԵՏԱՁԳՈՒՄ. Անհաջողակներն ունակ չեն ճիշտ տեղաբաշխել առաջնահերթությունները: Նրանք չեն ուզում հասկանալ, որ դա անհրաժեշտություն է: Ժամանակը երբեք չի բավարարում` ամեն ինչի հասնելու, բայց բավարար է ամենագլխավորն անելու համար: Եվ հանուն ամենակարևորի ավելի քիչ կարևորը հետաձգելը զոհաբերություն չէ, այլ` ճիշտ կողմնորոշվելու օգտակար կարողություն:

- Դժբախտը, աղքատը, անհաջողակը և անառողջը նա է, ով հաճախ է գործածում «վաղը» բառը,- նկատել է Ռոբերտ Կիյոսակին: