Կիսաստերից նախընտրելի անորոշություն


ՈւՆԵՑՎԱԾՔԻ հայտարարագիր կոչվածը անպետք թղթի կտոր համարելով` հայրենի պաշտոնյաները բոլոր ժամանակներում ընդգծված արհամարհաբար են վերաբերվել դրանց: Հետաքրքիր է, որ մինչև հիմա հայտնի չեն դեպքեր, երբ որևէ մեկը ժամանակ տրամադրած լինի սեփական ունեցվածքը թղթի վրա ի մի բերելուն և, ինչպես օրենքն է պահանջում, հրապարակված լինի մամուլում: Դե, ոչ մեկի համար այլևս զարմանալի չէ, որ ամենատարբեր տրամաչափի մեր գործիչները հետևողականորեն խախտում են օրենքի պահանջը: Նրանք հավանաբար մտածում են, թե իրենց նյութական կարողությունները բոլորի աչքի առաջ է կուտակվել: Ուստիև ամենևին կարիք չկա, ասենք, հոյակերտ առանձնատան կլորիկ արժեքը թղթին հանձնել, որպեսզի հանրությունն իմանա, որ դա էլիտար է ոչ միայն տեսքով, այլև թանկությամբ: Ստացվում է, որ երբ «չարաբաստիկ» հայտարարագրերի թեման անսպասելիորեն սկսում է քննարկվող դառնալ, ուրեմն ինչ¬որ մեկը դարձյալ որոշած է լինում անհուսալի այս խնդիրը լուծելու կողմնակից ներկայանալ` քաղաքական եկամուտ ապահովելու նկատառումով: Դեռ երկու շաբաթ առաջ` մարտիմեկյան միտինգում, նման անիմաստ առաջարկով հիմա էլ Լևոն Տեր¬Պետրոսյանը հանդես եկավ: Իհարկե, Առաջին նախագահը հայտարարություն անելուց առաջ էլ լավ գիտեր, որ իր այս մի պահանջը նույնպես երբևէ ուշադրության չի արժանանալու: Եվ այստեղ առավել ուշագրավ է, որ Լ. Տեր¬Պետրոսյանի նախաձեռնությունը արհամարհվել էր նույնիսկ իր պաշտոնավարման շրջանի չինովնիկների կողմից, որոնց մեծ մասն այսօր հարթակին ու նրա կողքին է կանգնած: Այդպես էլ չգտնվեց քիչ թե շատ սակավապետ կյանքով ապրող որևէ նախկին պաշտոնյա, ով առաջնորդի առաջարկը հարգելով` հաջորդ օրն ևեթ մի քանի թիվ ներկայացներ իր ունեցած¬չունեցածի վերաբերյալ: Ու եթե ավելի անկեղծ` ապա այդ քայլն առաջինը հենց ինքը` Լ. Տեր¬Պետրոսյանը, պետք է աներ: Թեև ինչի՞ մասին կարող է խոսք լինել. ո՞վ է տեսել, որ ճառ ասողը զանգ կախի: Չէ՞ որ հասարակությունից թաքցնելու գաղտնիքներ բոլորն ունեն, և տարիների անպատասխան պնդումները հաստատում են, որ հայտարարագրեր միևնույն է որևէ մեկը չի ներկայացնելու… Լավագույն դեպքում, եթե համապատասխան օրենքում ինչ¬ինչ խստացնող կետեր ներառվեն, հնարավոր է, որ կիսատ¬պռատ տեղեկություններ սկսեն ի հայտ գալ մեր հին ու նոր չինովնիկների նյութական կարողությունների վերաբերյալ: Ճիշտն ասած, սակայն, սա այն դեպքերից է, երբ ներկայիս անորոշությունը մոտավոր ու խեղաթյուրված ճշմարտությունից նախընտրելի է: Միևնույն է, ի հայտ գալիք տեղեկությունները շատ նման են լինելու սառցաբեկորի` ջրից դուրս ցցված փոքր հատվածին: Այսինքն, թերևս ավելի նախընտրելի է, երբ հասարակությունը շարունակի իր տեսածով կամ իր պատկերացումներով առաջնորդվել, քան պարտադրաբար հրամցվող կիսաճշմարտություններով (հոռետեսները կասեին` կիսաստերով):