ՕԵԿ-ՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԵՆ


«Օրինաց երկիր» խմբակցությունն ԱԺ-ում փոքրաթիվներից է: Եթե կուսակցությունը հանուն ակնկալվող պաշտոնների` կոալիցիայի մաս չկազմեր, ապա անգամ խմբակցությունը նկատելի չէր լինի ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և անգամ ՀՅԴ-ի կողքին: Ասենք, հիմա էլ սակավ նկատելի է, քանզի նախորդ գումարման ժամանակ արձանագրված ռեկորդային եռանդը սառել է, այլևս «Օրինաց երկրի» անդամները հանդես չեն գալիս բոցաշունչ ելույթներով, խրոխտ հայտարարություններով, չեն ներկայացնում օրենսդրական նախաձեռնություններ: Ուրեմն, «քաղաքական ռոմանտիզմին» փոխարինելու է եկել պրակտիցիզմը, որն այս դեպում ոչ այնքան քաղաքական է, որքան` նյութական, կոնյուկտուրային: Ներողություն, իհարկե, այսչափ օտարահունչ բառեր օգտագործելու համար, բայց, կարծում եմ, ինձ կհասկանան ու կներեն Լեզվի պետական տեսչությունում. պարզապես այդ բառերն այնքան արտահայտիչ են, որ անհնար եղավ դրանցից հրաժարվել: Ասացինք` պրակտիցիզմ, անպայմանորեն հիշելով, որ ԱԺ ընթացիկ գումարման հենց սկզբից այս փոքրաթիվ խմբակցությունից արդեն հեռացել են մի քանի հոգի` պաշտոններն ու մշտական բարեկեցությունը գերադասելով «ազգի ցավերն» հոգալու և օրինաստեղծ գործունեությունից: Հիմա էլ հեռանում է Արծրունի Աղաջանյանը, ով խորհրդարան եկավ ուշ և շուտ էլ հեռանում է` այժմ պատրաստվելով զբաղեցնել Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասա» գինու-կոնյակի գործարանը, որը, ինչպես ժամանակ առաջ մամուլում հաստատել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, պատկանում է Արթուր Բաղդասարյանին և մի գործարարի: Ոչ մի վատ բան չկա, որ մասնագիտությամբ տնտեսագետը, ով ունի կառավարման ոլորտի փորձ, ժամանակին նաև Շիրակի փոխմարզպետն է եղել` հետագայում իր պաշտոնը զիջելով մի անօգնական ու խեղճուկրակ կուսակցի` նախընտրում է տնտեսական դաշտը, տնօրենի պաշտոնը: Պետք է անգամ ուրախանալ, որ արհեստավարժներն են տեղ զբաղեցնում տնօրինական աթոռներում, սակայն մտահոգողն այլ բան է: Այն, որ հատկապես այս կուսակցության պատգամավորներն են դյուրությամբ «թռչում» խորհրդարանից` հավանաբար, ինչպես լենինյան ժամանակներում էր, ենթարկվելով կուսակցության պահանջներին ու որոշումներին: Մինչդեռ ընտրողները սպասելիքներ ունեն: Եթե հավատանք ՕԵԿ հռչակած թվերին, թե 70 հազարից ավելի մարդ է անդամակցում կուսակցությանը, իսկ առաջիկայում էլ հեղեղի պես գալու են նորերը` նշանավոր լրագրողներ (հավանաբար` պատմական ու քաղաքական թեմաներով գրող), գիտության ու մշակույթի գործիչներ (ասենք, այնպիսի նշանավոր գործիչ, ինչպիսին Շիրակի նախկին փոխմարզպետ Ռուբեն Սանոյանն էր, ում ներդրումը չափազանց մեծ էր ազգային մշակույթում. նա Գյումրիի թատրոնի հավաքարարների խմբի ղեկավարն էր), ապա ի՞նչ է պատասխանելու կուսակցությունն իր «շարքերին», որոնք մեծ հույսեր են կապում պատգամավորների հետ, գրեթե աստվածացնելով նրանց: Այս կուսակցությունում վաղուց հաստատվել է տոտալ սկզբունքը, ամեն ինչ պտտվում է նախագահի, տեղակալների և պատգամավորների շուրջ… Ոմանք պնդում են, թե ՕԵԿ պատգամավորների «չուն» պայմանավորված է վիճակագրական տվյալներով. բացի Ահարոն Ադիբեկյանից, մյուս իսկական սոցիոլոգները համոզված են, որ 2012 թ. խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիրը» հայտնվելու է ԱԺ-ից դուրս, ուստի հեռատես կուսակցականներն արդեն այսօր մտահոգված են իրենց վաղվա օրով… Լավ չէ, պարոնայք, բանաստեղծ Հրաչյա Սարուխանը կասեր` «Ի˜նչ դառն է, գարեջուր եմ խմում, Գլխարկս թողել եմ տանը…». ախր ընտրողներն ու կուսակիցները սպասում են արդեն փորձառու պատգամավորների վերածննդին, խորհրդարանական այն «բումին», որը ՕԵԿ-ի մենաշնորհն էր… Ըստ համամասնական ցուցակի, մանդատ ստանալու հերթը մանկապարտեզի վարիչ Հեղինե Հակոբյանինն է…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ