Լեռներում արծիվներ են ծնվում


- 1991 թվականն էր: Հիշում եմ, թե ինչպես մայրս օրհնեց, համբուրեց եղբայրներիս և ռազմաճակատ ճանապարհեց: Թշնամին, բնակչությանը տեղահան անելով, մոտեցել էր Հադրութին: Ավանը ժամանակավորապես լքելու հորդորներն անտեսելով, մայրս մինչև վերջ չլքեց մեր պապենական տունը: Ավելին` նա վառեց թոնիրը, որպեսզի իր որդիները և բոլոր կռվողները ծուխը տեսնեն ու հասկանան, որ ինքը շենը չի լքել, ու հանկարծ նրանց մտքով չանցնի` նահանջել,¬ հայ կնոջ աննկուն ոգու և ամուր կամքի մասին պատմող այս պատառիկը ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության Սոցիալական վերլուծության բաժանմունքի պետ, I դասի խորհրդական, գնդապետ Լյուդմիլա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ թանկ հուշերից է: Լինելով Հայոց բանակի կազմավորման ակունքներում, նա մինչ այսօր անձնվիրաբար ծառայում է` ապրելով նրա հոգսերով ու մտահոգություններով, ձեռքբերումներով և վերելքով: Ամեն անգամ, երբ մթագնել է մեր երկինքը, երբ կանգնել ենք վտանգին դեմ հանդիման, ժողովուրդը կարողացել է համախմբվել: Ու ամեն անգամ հայուհին` զենքը ձեռքին, կանգնել է տղամարդու կողքին, թև ու թիկունք դարձել, կենաց-մահու կռիվ մղել` մաքրելով հողը ելուզակներից: Արցախամարտի օրերին կանայք ևս միացան պայքարին: Այդպես էր պետք: Հող հայրենին վտանգված էր: Գոյապայքարի կրակներում թրծվելով` ձևավորվեց մեր բանակը: Այս պարագայում էլ ըմբռնելով ու գիտակցելով ժամանակի պահանջը` պաշտպանական կառույցի ձևավորման անհրաժեշտությունն ու հրատապությունը, մեծ թվով կանայք զինվորագրվեցին` իրենց կյանքը կապելով բանակին: Նրանցից է գնդապետ Լյուդմիլա Ղահրամանյանը: Արմատներով Արցախից է` Հադրութ ավանից: Դպրոցն ավարտելով այնտեղ` տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում: Այնուհետև գործուղվել է «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորում և 1977-1992 թթ. աշխատել այնտեղ` զբաղեցնելով ինժեներ¬տնտեսագետից մինչև բաժնի պետի պաշտոններ: 1992 թվականն էր, երբ գրվում էր մեր պատմության կարևորագույն էջերից մեկը: Հունվարի 28¬ին վավերացվեց բանակի ստեղծման հրամանագիրը: Այդ օրվանից Լ. Ղահրամանյանը զինվորագրվեց` Վազգեն Սարգսյանի հրավերով ծառայության անցնելով Կադրերի վարչությունում: 1997¬ից տեղափոխվեց Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության Զոհվածների, հաշմանդամների, անհայտ կորածների սոցպաշտպանության բաժին: Բարեփոխումների արդյունքում 2009¬ից վարչությունը դարձավ քաղաքացիական հատուկ ծառայության, և Լ. Ղահրամանյանը նշանակվեց Սոցիալական վերլուծության բաժանմունքի պետ: ¬ Միշտ համազգեստս կրել եմ հպարտությամբ, պատասխանատվության զգացումով, մի տեսակ պարտավորված` ըմբռնելով նրա կարևորությունը: Սա շատ պատասխանատու աշխատանք է: Զինվորական ծառայությունը մարդուն դարձնում է շատ ավելի կարգապահ, ճշտապահ, ինչն էլ տեղափոխվում է նաև ընտանիք: Ցավով եմ ընդունում մարդկանց անկարգապահությունն ու անբարեխղճությունը: Բանակում շատ մեծ է հայ կնոջ դերը: Ճիշտ է, երբ նա տղամարդուն հավասար ծառայում է, իր հոգսերը հետը տուն է տանում, որտեղ ևս բազում հոգսեր ունի: Բայց միասին ծառայելով` նրա ներկայությամբ տղամարդն ավելի ուշադիր է դառնում, ավելի զգոն, պատասխանատու` կողքին ունենալով կնոջը` որպես քույր ու մայր,¬ համոզված է Լ. Ղահրամանյանը: Ամուսինը ևս զինվորական է եղել (այժմ պահեստազորում է), իսկ դուստրը` Մաթիլդա Դավթյանը, ծառայում է` ավագ լեյտենանտի կոչումով: Գնդապետը մեծ հպարտությամբ ու խանդավառությամբ է խոսում մեր բանակի հաջողությունների, ձեռքբերումների, բարեփոխումների մասին. - Հսկայական փոփոխություններ են կատարվել: Կրկնություն թող չհամարվի, բայց այսօր արդեն փաստ է, որ ունենք հիրավի կայուն, հզոր բանակ: Մեծ ցավ եմ ապրում, երբ որոշ մարդիկ բացասաբար են տրամադրվում, չարախոսում են, չհիմնավորված կեղծ լուրեր են տարածում: Բանակը մեր հասարակության մի մասն է: Ովքե՞ր են այնտեղ: Մեր զավակները: Ինչպես դաստիարակում ենք նրանց, այդ բարքերը փոխանցում են այնտեղ: Բանակի մասին լսած ցանկացած բացասական կարծիք անձնական վիրավորանք եմ համարում: Նա պետք է բոլորիս սիրելին լինի, մեր սիրասուն զավակը: Չէ՞ որ դեռ ընդամենը 19 տարեկան է: Ինչպես քաղաքացիական կյանքում, բանակում ևս ցավալի դեպքեր լինում են, իհարկե: Խորը կսկիծ եմ ապրում, երբ ճրագ է մարում: Դա բոլորիս ցավն է: Մեր զինվորներին ցանկանում եմ անփորձանք ծառայություն: Թող վերադառնան իրենց ծնողների մոտ, ընտանիք կազմեն, մնան մեր երկրում, շենացնեն Հայաստանը: Բարեխիղճ ծառայության, ներդրած ավանդի, նվիրվածության համար գնդապետն արժանացել է «Անբասիր ծառայության» I, II աստիճանների, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Արցախի մայրական երախտագիտություն» մեդալներով: Բոլոր ժամանակներում նուրբ, քնքուշ, հաճախ նաև խոցելի, բայց միևնույն ժամանակ ուժեղ կին¬էակը զինվորագրվել, կյանքը կապել է բանակին` առաջին հերթին հայրենասիրությունից մղված: - Հայրենասիրությունն արյան հետ է տրվում մարդուն: Լեռներում ծնվել և հայրենասեր չլինել` հնարավոր չէ: Լեռներում արծիվներն են ծնվում: Սրանք պատահական բառեր չեն: Այդպես է իրականում: Մենք ադրբեջանցիների հարևանությամբ ենք ապրել: Նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղ էր, մի տեսակ, չասենք թշնամանքով (փոքր երեխաները թշնամանք չեն տածում), բայց միշտ նրանց նայել եմ որպես թշնամու: Հիշում եմ, փոքր ժամանակ նրանց տղաները փորձում էին ինձ հետ առնչություն չունենալ. գիտեին, զգում էին, որ ատում եմ իրենց,¬ ասում է Լյուդմիլա Ղահրամանյանը: Հայրենասիրությունը, հայրենի հողի կանչն ու այն պաշտպանելու գիտակցումը մինչ օրս հայուհին կրում է` որպես թանկ ժառանգություն: Եվ կանչն այդ` մշտարթուն է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ