Դեռ այնքա˜ն դասեր կան նրանից առնելու…


Երբ երկար ճանապարհ անցած անհատն է ասում «Կյանքը պարգև է», ուրեմն մեծ է նրա վաստակը` այդ պարգևին արժանանալու, դրա արժեքը գիտակցելու ու այն վայելելու համար: Գեորգի Գարեգինի Ասատուրյանն այդ անհատներից է, ում ապրած կյանքը լավագույն օրինակ կարող է դառնալ յուրաքանչյուրի համար: Դյուրին ճանապարհ չի անցել, բայց միշտ արժանապատվորեն է հաղթահարել ամենայն դժվարություն. անտրտունջ, սեփական ուժերին ապավինած և շրջապատողների հանդեպ չափազանց ուշադիր: Դեռ պատանեկությունից ընտրելով արվեստի աշխարհը, նախևառաջ մարդկանց հետ հարաբերվելու արվեստով է մեծ ճամփա ելել: Ասում են` «Լավ ընկերը նա է, ով քո բոլոր թերություններն իմանալով` չի ծաղրում ու չի հեռանում քեզանից»: Գեորգի Ասատուրյանը լա´վ ընկեր է, լավագույն բարեկամ: Մարդկանց միանգամից ճանաչելու իր տաղանդի հետ մեկտեղ համբերատար և հանդուրժող լինելու շնորհներ ունի: Շատ չծավալվելու համար, ասենք պարզապես` նա սիրում է մարդկանց: Ու նաև սիրված է բոլորից: Տարիքի բերումով թեև հիմա չի աշխատում, սակայն իր հյուրընկալ օջախում նա երբեք միայնակ չի լինում: Հին օրերի ջերմությամբ Գեորգի Գարեգինովիչին սիրով են այցելում մարդկային արժանիքները գնահատող բոլոր նրանք, ովքեր երբևէ աշխատել են իր հետ կամ իր ենթակայությամբ. նրանք, ում իր պաշտոնավարման տարիներին նա «կյանքի ուղեգիր» է տվել` դեպի մարզաշխարհ, դեպ արվեստի անդաստան: Անուրանալի է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, հասարակական գործիչ, Երկրորդ աշխարհամարտի և աշխատանքի վետերան Գ. Ասատուրյանի ավանդը` հայ արվեստի ու սպորտի զարգացման բնագավառներում: Նրա ապրած հախուռն կյանքը և բեղուն գործունեությունը հայրենանվիրումի, ինքնամոռաց արարումի բացառիկ օրինակ է: Երեկ բոլորեց նրա ծննդյան 87¬ամյակը, ինչը լավագույն առիթ էր` ևս մեկ անգամ համոզվելու, որ վաստակն ու հեղինակությունն, իսկապես անանց արժեքներ են: Տարիքի բերումով չաշխատել ասվածն էլ խիստ հարաբերական է նրա պարագայում: Իր իսկ հավաքած հարուստ արխիվին ծանոթանալիս` թվում է քեզ ծանոթ ու առինքնող այն աշխարհում ես հայտնվել, ուր հաղթանակների տոն է, մշակութային հրավառություն: Սակայն միայն հուշերը թերթելով չի բավարարվում վաստակաշատ գործիչը: Մեկ տասնակից ավելի գրքերի հեղինակ է նա: Գրքեր, որոնցում հայ մշակույթի ու սպորտի ծաղկման տարիներից անչափ կարևոր ու հետաքրքիր մանրամասներից բացի, նաև Գեորգի Ասատուրյանի չափածո և արձակ ստեղծագործություններն են: Այդ ամենի համահավաքը կարելի է համարել 2009¬ին տպագրված «Կյանքը պարգև է» և անցյալ տարեվերջին լույս ընծայված «Խնդուն ու խենթ տարիներս» ծավալուն գրքերը: - Տասնյակ տարիներ աշխատելով հայ արվեստի, կինոյի և սպորտի ասպարեզներում, շփվելով ղեկավար և շարքային մարդկանց ու կազմակերպությունների հետ` ինձ մոտ զգալի փորձ է կուտակվել: Մարդկանց ճանաչելու իմ այդ փորձը էլ ավելի հարստացավ, երբ սկսվեցին արվեստի համույթների և մարզական կոլեկտիվների այցելութ յունները մեր հանրապետություն, մեր շրջագայությունները արտասահմանյան երկրներ` Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Միջին Արևելք, Աֆրիկա, ուր շարունակվեցին իմ հանդիպումները արվեստի, սպորտի, կինոյի հանրաճանաչ մարդկանց և ականավոր գործիչների, պետական բարձրաստիճան ղեկավարների, մեծահարուստ ների և գործարարների հետ: Ես բավարարված եմ իմ աշխատանքային գործունեության ժամանակահատվածում ունեցած ձեռքբերումներով, որովհետև իմ մտահղացումները գտել են իրենց մարմնավորումը, թե´ արվեստի և թե´ սպորտի բնագավառներում, հայ արվեստի և սպորտի ներկայացուցիչների մեծ նվաճումները սիրով ընդունվել և գնահատվել են թե´ տեղացի և թե´ արտասահմանցի հանդիսատեսի կողմից,¬ գրել է նա գրքերից մեկի բնաբանում: Ի դեպ, երեկ ու նախորդ օրը Հ1¬ի հեռուստաեթերով հեռարձակվեց նրա մասին պատմող` «Շարմ Հոլդինգ»-ի նկարահանած փաստավավերագրական «Կյանքը պարգև է» տեսաժապավենը (պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան), որ ճշմարիտ գնահատանք կարելի է համարել: Այսօր էլ նա անտարբեր չէ մարզամշակութային թե´ ձեռքբերումների, թե´ անկատարության հանդեպ: Ուրախ է, որ մեր մարզիկների հանդեպ պետական հոգածություն կա և միջազգային ամենատարբեր մրցումներում հայ սպորտսմենների պատվին մեր Հիմնն է հնչում` Հայոց Եռագույնի ներքո: Երախտիքով է պատմում, որ ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը շուքով է նշել իր 85-ամյա հոբելյանը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում հանդիսության մասնակիցներին կրկին վերհիշեցնելով նրա մեծ ավանդը` Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան հիմնելու գործում: - Ծաղկաձորի օլիմպիականը ոչ միայն խորհրդային ժամանակներում ու այսօր, ապագայում նույնպես հայ ու այլազգի մարզիկների համար լավագույն օջախ է լինելու: Ինձ համար հաճելի անակնկալ և մեծագույն գնահատանք էին ՀԱՕԿ¬ի շքանշանը, իսկ մեկ տարի անց` ՀԱՕԿ¬ի 20-ամյակի մեդալը, որոնցով ինձ պարգևատրեց Գագիկ Ծառուկյանը` Հայաստանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացմանը նպաստելու համար,¬ հուզմունքով պատմում է Հայաստանի Սպորտկոմիտեի նախկին նախագահ (1963-67 թթ.) Գեորգի Ասատուրյանը: Սակայն մշակույթի ներկա վիճակը մտահոգում է երբեմնի «Հայհամերգի» երկարամյա գլխավոր և «Հայֆիլմ» կինստուդիայի տնօրենին: - Ճիշտ է, Մշակույթի նախարարությունը հաճախակի է միջոցառումներ կազմակերպում, բայց դրանցով արվեստ չի ծաղկի: Մշակութային հստակ քաղաքականություն է պետք իրականացնել: Հայաստանը միշտ ճանաչվել է որպես արվեստասեր ու մշակութաստեղծ երկիր: Մինչդեռ այսօր… Ովքե՞ր են մեր արվեստը ներկայացնում արտերկրում: Կամ, հասանելի՞ է արվեստը մեր բոլոր հայրենակիցներին. իհարկե ոչ: Մարզերը կտրված են մայրաքաղաքից, որտեղ էլ ավելի շուտ շոուբիզնեսի օրենքներն են գործում: Դա էլ է անհրաժեշտ, բայց ոչ` բարձր արվեստը մոռացության մատնելու հաշվին,¬ փոքր¬ինչ դառնացած` ասում է զրուցակիցս: Հետո հավելում է. - Մշակույթն, այո, ինչ¬որ իմաստով էլիտար ոլորտ է, բայց միայն բիզնես-աշխարհի էլիտայի համար չէ: Կասեմ ավելին. երբ բիզնեսը մտնում է արվեստ` վերջինս դանդաղ մահ է ապրում: Ո՞ւր են, ինչու թատրոններից ու երաժշտաշխարհից վտարվեցին գեղարվեստական խորհուրդները: Ով կարողանում է դրսում համերգ տալ, ես կասեի` պատահական` սեփական ճաշակով երգացանկ է ներկայացնում: Բայց պետք է նպատակային ու խնամքով ընտրություն կատարվի: Ես արգելելու մասին չեմ խոսում, այլ` ճիշտ ընտրության: Չէ՞ որ արվեստի առաքելությունը ճաշակ դաստիարակելն է ու մնայուն արժեքներ ստեղծելը: Կամ, ինչպե՞ս կարելի է մեր հպարտություն 2 մայր թատրոնները` Սունդուկյանի անվան և Օպերայի թատրոնը թողնել առանց գեղղեկավարի ու առանց գլխավոր ռեժիսորի: Ո՞վ պետք է որոշի` ինչ և ինչպես բեմադրել: Ախր դրանք փորձարարական ստուդիաներ չեն… Գ. Ասատուրյանի մտահոգություններն, իսկապես, շատ են` սկսած երեխաների գեղագիտական դաստիարակությունից, կինոթատրոնների «պաշտոնանկությունից» մինչև դասական երաժշտության օտարացում ու ժողովրդականի աղավաղում: Միայն ճշմարիտ մտավորականը կարող է վաստակած հանգստի տարիներին անգամ պատրաստակամ լինել` օգնել, հուշել, հիշեցնել: Լսողներ, իհարկե, կան, սակայն` ոչ նրանք, ովքեր նրա փորձառությունից օգտվելու շահախնդրությունը պետք է ունենային: …Ինչպես ամեն անգամ, այս զրույցից հետո էլ սիրելի Գեորգի Գարեգինովիչին հրաժեշտ եմ տալիս ափսոսանքով: Դեռ այնքա˜ն դասեր կան նրանից առնելու… Ու ամենից առաջ` մեծահոգի, բարի, մարդկանց սիրելու և անտարբերության թմբիրից միշտ զերծ մնալու դասեր: Առաքինությա´ն դասեր:

183¬ամյա գյուղի 60-ամյա տարեգիրը