Հիշում ենք հոգու ջերմությամբ


Արդեն քանի տարի է իր տպավորիչ կերպավորումներով հանդիսատեսին չի ներկայանում սիրված դերասան Զարե ՏԵՐ¬ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ու թատերասերը կարոտում է նրա ինքնատիպ կատարումները: Վերջինիս արվեստի երկրպագուներն այս տարի սիրով կնշեին արվեստագետի ծննդյան 90¬րդ տարելիցը. դա կանեն կինն ու դուստրը, բայց առանց հոբելյարի ֆիզիկական ներկայության: Հայ թատերարվեստի միակ երախտավորը չէր Զարե Տեր¬Կարապետյանն իր ընտանիքում. մինչ օրս էլ թատրոնի հոգսերով է ապրում կինը` թատերագետ Վարսիկ Գրիգորյանը, իսկ դուստրը` Հասմիկ Տեր¬Կարապետյանը, ինչպես տեղյակ են բոլորը, ընտրել է հոր մասնագիտությունը և փորձում է նրա անավարտ ծրագրերը կյանքի կոչել: Հենց Հասմիկին էլ խնդրեցինք իր համար ամենատպավորիչ հուշերը պատմել հոր մասին: - Հայրիկս այն մարդկանցից էր, որոնց հեռանալը մեծ կորուստ է արվեստի համար, ու, թերևս, նրա նմանների տեղը երկրիս երեսին միշտ թափուր է մնում... Բարության, ազնվության, հայրենասիրության խորհրդանիշ էր ոչ միայն իմ պատկերացումներում, այլ նրան բոլոր ճանաչողների համոզմամբ… Կարծես բնատուր մանկավարժ լիներ. իմ` անհատիս ձևավորման հիմքում նրա նուրբ հոգեբանական մոտեցումներն ու ճիշտ դաստիարակությունն է: Նաև այս առումով եմ ուղղակի երախտապարտ Բարձրյալին, որ հատկապես այդպիսի հոր զավակն եմ: - Հատկապես ի՞նչն էր Ձեզ ամենից շատ հիացնում: - Ամենահանճարեղ հմտություններից էր ցուցադրաբար, երևութականորեն չսովորեցնելը, դաստիարակչական բացեիբաց աշխատանք չկատարելը, որը սովորաբար ընդունված է` երկար-բարակ խոսել, քարոզներ կարդալ, ճառել… Նա ասում էր ընդամենը մեկ նախադասություն, և դա միակ ճիշտ բանալին էր, որը միանգամից բացում էր հարցի լուծման կարևոր դուռ: Ես չնկատեցի` երբ և ինչպես հայրս կարողացավ իմ մեջ ներարկել մեծագույն սեր ու հարգանք` գրքի հանդեպ, ինչպես կարողացավ իմ մեջ սերմանել սովորելու կուլտուրան: Անձիս ձևավորման անցումային փուլերում այնպիսի ճիշտ գրականությամբ առաջնորդեց, որ իմ մեջ անհատնում պահանջ ձևավորեց հոգևոր-մտավոր սննդի նկատմամբ: Ինչպե՞ս կարողացավ այդքան հայրենասիրություն ներարկել, այդչափ նվիրվածություն` արմատներին, արյան կանչին… Այնպես արեց, որ ամենքի մեջ տեսնեմ իմ արյունը, ամեն երեխայի մեջ` իմ հարազատ զավակին… Անսահման սիրված մարդ էր. ուներ այնպիսի ներքին լույս ու ազնվականություն, որ կողքին գտնվողները «վարակվում» էին. կարողանում էր ազդել շրջապատի վրա: Հիմա որքա˜ն են պետք մեզ ներքին լույս կրող մարդիկ, ովքեր ի զորու են շրջապատն էլ լուսավորել, փոխել, մեղմացնել… - Ի՞նչը կարող էր հրճվանք պատճառել, ոգևորել Արտիստին: - Խելացի ու սուր միտքը, հումորը. շատ կատակասեր էր և անչափ գնահատում էր դիմացինի հումորի զգացումը: Իմաստուն լինելով` ուղղակի հրճվանք էր ապրում, երբ ականատես էր լինում բարի, ազնիվ արարքի, լավ դերակատարման, մշակութային որևէ արժեքի ստեղծման: Հայրս լավատես մարդ էր, իսկ այդպիսիք հրճվանքի աղբյուրներ միշտ ունենում են… - Հիմնականում ի՞նչն էր մտահոգում, հուզում կամ անգամ վրդովում նրան: - Առաջին հերթին` հայի, Հայաստանի ազգայինի խնդիրները. չափազանց զուսպ մարդ էր` երբեք չէր կիսվում, բայց պատահում էր` բերանից «թռնում» էին բառեր, և զգում էի` ուրեմն որքա˜ն մեծ ցավ է ապրում, որ թեկուզ այդ չափով արտահայտում է… Հիշում եմ` երբեմն կրկնում էր` «Արդեն տասը դար է, ինչ Նարեկացի չենք ծնում»: Մի անգամ հարցրեցի` իսկ ինչու է այդպես. «Սերմը չեն թողնում, ոչնչացնում են բոլոր ժամանակներում. այն չի հասցնում հասունանալ, որ Նարեկացի ծնի»: Մի օր էլ թառանչեց` «Է˜, ազգս պալատական կուլտուրա չունեցավ»: Ցավում էր, որ հայը վեց հարյուր տարի պալատ ու արքունիք չունեցավ` պալատական մշակույթ կերտելու համար: - «Տաքուկ» մի հուշ, որ առանձնահատուկ տեղ ունի Ձեր հոգում ու չի կարող խունանալ: - Երեխա էի` շատ-շատ վեցերորդ դասարանցի: Ասացի` պապա, տանձ եմ ուզում: Գլուխը բարձրացրեց ու խիստ նայեց. «Տանը տանձ կա՞»: Չկար: Ասաց` «Ի՞նչ կա»: Պատասխանեցի` «խնձոր»: «Ուրեմն խնձոր կուտես և, ընդհանրապես, ուզիր այն, ինչ կա և ոչ թե ընկիր ցանկություններիդ հետևից»: Ես այդ րոպեին չհասկացա, բայց խոսքը ծվարեց ուղեղիս անկյունում. հետո պիտի վերլուծեի` ինչ մեծ դաս տվեց` ճիշտ ու խաղաղ ապրելու: Այն մարդը, ով ընկնում է ցանկությունների գիրկը, իսկ դրանք անհատնում են, մշտապես դառնում է գերի. առարկայական ցանկությունները կարող են և վտանգավոր լինել… Այժմ մայրս` թատերագետ Վարսիկ Գրիգորյանը ձեռնարկել է հայրիկիս նվիրված հիշողությունների գիրք, որը ստեղծագործ ընտանիքի մի յուրատեսակ հուշամատյան է ու այնտեղ նաև իմ հուշերն են լինելու… Մի մտահոգություն ունեմ. այս տարի հայրիկիս ծննդյան 90-ամյակն է և մայրիկիս 85¬րդ տարեդարձը: Այդ առումով բավական լուրջ անելիքներ ունեմ ու դեռ չգիտեմ` որտեղից սկսեմ, ում դիմեմ… Պետք է համաձայնել, որ հոբելյարները սոսկ իմ հարազատ հայրն ու մայրը չեն, այլ արվեստի վաստակաշատ գործիչներ են, ովքեր մեծ նվիրումով ծառայել են ազգին:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ