ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ


1988 թվականի հունվարի 1-ի տվյալներով` Հայաստանը Խորհրդային Միության ամենակարդացող երկրներից մեկն էր: Հայաստանը աշխարհի 60 երկրների շարքում էր` գործող գրադարանների թվով, որոնցում գրանցված ընթերցողների թիվն անցնում էր երկու միլիոնից: Բացի մասսայականներից, գործում էին նաև հիմնարար և մասնագիտական մոտ 2000 դպրոցական գրադարաններ: Մեծ պահանջարկ էր ներկայացնում գրադարանավարի մասնագիտությունը, ուստի գործում էր Էջմիածնի ակումբա-գրադարանային տեխնիկումը, դիմորդները մեծ մրցույթներով էին ընդունվում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գրադարանային բաժին: Այսօր գրադարաններից օգտվողների թիվը ողջ Հայաստանում չի անցնում 60 հազարից: Իսկապես, տխուր վիճակագրություն, որը մեզ լուրջ անհանգստություններ է պատճառում: Անհանգստություն, որ աշխարհի ամենակարդացող երկրներից մեկն անտարբեր է գրքի հանդեպ: Ռուս նշանավոր հրապարակախոս և գրող Կիմ Բակշին գրել է. «Հայ ժողովրդին հազարամյակներ շարունակ ապրեցրել են գիրքն ու մշակույթը»: Սա ճշմարիտ գնահատական է, որովհետև հենց գիրքն է եղել մեր ուղեկիցն ու պատվարը, մեր փրկությունը: Այն հանգամանքը, որ հայ տպագրության 500-ամյակը նշվում է միջազգային մակարդակով, արդեն վկայությունն է գրքի հանդեպ ունեցած մեր սրդողած վերաբերմունքի: Բայց այս սրդողած վերաբերմունքն ու այլ պատկերացումներ վերածվում են ամենասովորական ռոմանտիզմի, երբ բախվում ենք իրականությանը: Երկրի տասը մարզերից 8-ի մարզային գրադարաններն անմխիթար վիճակում են. դրանց շենքերը ոչ միայն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին, այլև շատ վաղուց չեն վերանորոգվել և նորացվել: Եթե Լոռու մարզայինն այն բացառիկներից է, որ ունի շենքային բարենպաստ պայմաններ (չնայած այսօր արդեն գրքային ֆոնդը չի տեղավորվում պահոցներում), ապա Շիրակինը տեղավորված է շենքի բացվածքում, որտեղ իշխում են խոնավությունն ու լուսային վատ պայմանները: Տնօրեն Գևորգ Ամիրյանը մեծ ջանքեր է գործադրել որոշակի պայմաններ ստեղծելու, գրապահոցներ ձևավորելու համար, սակայն եղածը շատ քիչ է, անհարմարավետ: Տարիներ շարունակ մարզային իշխանությունները խոստանում են լուծել խնդիրները, սակայն խոստումներն այդպես էլ գործի չեն վերածվում: Ավելին, ժամանակին Ռիժկովի փողոցում վերակառուցվեց գրադարանի շենքը, որի ճարտարապետը Հովհաննես Քաջազնունին է, Համաշխարհային բանկի ներդրումների հաշվին հնարավոր եղավ ստեղծել արդիական պայմաններ, սակայն Գյումրիի իշխանություններն այդ շենքը հանձնեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Շիրակի թեմին, իսկ Մայր Աթոռն էլ խոստացավ ներդրումներ կատարել` գրադարանի նոր շենքի կառուցման համար: Մոտ 20 տարի է անցել, սակայն խոստումներն ի դերև են ելել` գրադարանը զրկելով բնականոն գործունեությունից: Վիճակը բարվոք չէ Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում: Ամենուրեք բարձիթողի վիճակում են նաև գյուղական գրադարանները, իսկ մշակույթի տներին կից գործողներն այլևս չեն կարողանում սպասարկել ընթերցողներին: Տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած չնչին միջոցները բավականացնում են միայն աշխատավարձերին, իսկ վերանորոգումներն ու նոր գրականության ձեռքբերումը չեն հետաքրքրում տեղական իշխանություններին: Այդ պատճառով էլ գրքային ֆոնդը հնացել է, ընթերցողներին այլևս չեն հետաքրքրում մաշված ու հնացած գրքերը: Վիճակը ծանր է նաև հանրապետական երաժշտական գրադարանում, որն օրավուր վերածվում է ավերակի: Աշխարհի շատ զարգացած երկրներում կրթամշակութային այս օջախներին կից ստեղծվում են հոգաբարձուների խորհուրդներ, ունևորները ստանձնում են դրանց հովանավորությունն ու ներդրումներ անում, մինչդեռ Հայաստանում այս մասին մտածող չկա: Հասկանալի է, որ մշակույթն ու նրան մաս կազմող գրադարանները, չեն կարող չափազանց եկամտաբեր լինել, սակայն այս ոլորտում արված ներդրումները բարոյական մեծ արժեք և նշանակություն ունեն. ազգի ապագան ձևավորվում է ընթերցանությամբ նաև, գրքի հետ կնքված բարեկամությամբ: 2012-ին Հայաստանը դառնում է գրքի միջազգային կենտրոն, նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, Հայաստանը սպասում է հյուրերի աշխարհի շատ երկրներից: Ի՞նչ ենք ցույց տալու գրքի միջազգային կենտրոն հռչակվող երկրում, ինչպե՞ս ենք հիմնավորելու գրքի հանդեպ մեր սերը: Մեր կիսավեր գրադարաններո՞վ, թե՞ 21-րդ դարին անհարիր պայմաններով:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ