Էկրանավորել են Հիտլերի պատանեկությունը


Շվեյցարացի ռեժիսոր Ուրս Օդերմաթի «Իմ պայքարը» կինոնկարը Վիենայում Ադոլֆ Հիտլերի պատանեկան տարիների մասին է (տեղեկացրել է Zeit¬ը): Ֆիլմի հիմքում Ջորջ Տաբորի նույնանուն պիեսն է, որն առաջին անգամ բեմադրվել է 1987 թ. և մինչ օրս հաջողություն է վայելում Գերմանիայում: Այո, գեղարվեստում տապալված մարդը քաղաքական գործիչ է դառնում: Մեր ժամանակներում էլ իրենց մասնագիտություններից գլուխ չհանած շատերը քաղաքականություն են նետվում… Ինչևէ, գերմանացիներն (և ոչ միայն), ամենայն հավանականությամբ, հետաքրքրությամբ կդիտեն կադրերը, թե ինչպես երիտասարդ Հիտլերը Վիենա է մեկնում, որպեսզի Գեղարվեստի ակադեմիա ընդունվի: Տեղավորվում է անտունների կացարանում` վիենացի երկու հրեաների հետ: Սրանցից մեկը` Շլոմո Հերցլը, Աստվածաշունչ ու պոռնոգրաֆիա է վաճառում, մյուսը` խելագար խոհարար Լոբկովիցը, իրեն աստված է երևակայում: Տարեց Շլոմոն որոշում է օգնել Ադոլֆին. նրա համար ճաշ է պատրաստում, հագուստները լվանում, հետևում է նրա արտաքինին: Նույնիսկ բեղերն է կարճացնում` դրանց «հիտլերյան» տեսք տալով: Հենց Շլոմոն էլ հանգստացնում է ապագա ֆյուրերին, երբ վերջինս 2¬րդ անգամ չի կարողանում հաջող քննություն հանձնել ու որոշում է ինքնասպան լինել: Հրեա սենյակակիցը նրան խորհուրդ է տալիս ուժերը փորձել քաղաքական ասպարեզում: Եվ ընդունակ Ադոլֆն արագորեն ուլտրաաջ է դառնում` շատ չանցած այս ուղղության առաջնորդը կնքվելով: Հիտլերի դերակատար Թոմ Շիլինգն, այդ կերպարին համապատասխանելու համար, ստիպված է եղել 10 կգ նիհարել ու յուրացնել նրա բարբառը: Գերմանացի փորձագետները կինոնկարն արդեն գնահատել են «հատկապես արժեքավոր»: