ԱՊԱԳԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ «ՄՈԴԵԼԸ»


 

Քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվողներն արդեն ուրվագծում են ապագա խորհրդարանը` պնդելով, որ առաջատարները մնալու են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնցից ամեն մեկն ունենալու է նշանակալի ներկայություն: Իհարկե, հավանական է համարվում, որ գրեթե հավասար կլինեն ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ձայները, ինչն էլ հուշում է, որ այժմ արդեն այդ երկու ուժերը պիտի փորձեն աշխատել համատեղ:

Մասնագետների գնահատմամբ` լուրջ փորձությունների առջև է կանգնած ՀՅԴ-ն, որը կարող է նաև խորհրդարան մուտք չգործել, քանի որ վերջին տարիներին նկատվում է վարկանիշային անկում:

Իհարկե, վարկանիշային անկման ռեկորդակիրը «Օրինաց երկիրն» է, որին բոլոր վերլուծաբաններն ու քաղաքական տեխնոլոգիաների մասնակիցները համարում են «մահացած կուսակցություն», որն այլևս չի հայտնվելու խորհրդարանում: ՕԵԿ-ի հարցում այլ կարծիքներ կան, թե ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի Ա. Բաղդասարյանի կուսակցությունը հայտնվի խորհրդարանում: Բայց հազիվ թե Հանրապետականը խանդավառվի` ԱԺ-ում ունենալով 5-6 հոգուց կազմված արբանյակ-խմբակցություն: ԲՀԿ-ն ինքնին կատարում է արբանյակի գործառույթները: Ուրեմն, ինչ կարիք կա խորհրդարան բերելու հանրության կողմից մերժվող ուժի:

Կանխանշվում է, որ խորհրդարանում տեղեր կունենան նաև «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները»` եթե հանդես գան միասնական դաշինքով: Իսկ դաշինք ձևավորելու խնդիրն արդեն օրակարգային է համարվում: Նշենք, որ հատկապես «Ազատ դեմոկրատները» ստանում է ամերիկյան աջակցություն և ամերիկացիների դիտարկմամբ` համարվում է նոր տիպի կուսակցություն: Շատերը կարծում են, որ քաղաքական դաշտում իր տեղը պահպանելու համար, ՀՅԴ-ն պարտավոր է միանալ այս դաշինքին` խորհրդարանում կազմակերպված ընդդիմություն ունենալու:

Այս մոդելը իրատեսական է համարվում, որովհետև այն ամբողջապես արտահայտում է հանրային շրջանակներում առկա տրամադրությունները և այն գործընթացները, որոնք տեղի են ունենում մեր քաղարենայում:

Լ. Մ.