Հրազդանը` «փորձադաշտ»


 

Հայաստանի քաղաքական ուժերը կարծես հակված են Հրազդանի քաղաքապետի ընտրությունը դիտարկել որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում կիրառվելիք ընտրական տեխնոլոգիաների փորձաքննություն: Այս ընտրությունում իշխանություն-ընդդիմություն հստակ մրցակցություն կար: Թեև Սասուն Միքայելյանը Հայ ազգային կոնգրեսի կողմից չէր առաջադրվել որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու, բայց նրան սատարում էր ոչ միայն Կոնգրեսը, այլ նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունները: Ընտրության արդյունքում Ս. Միքայելյանը ստացավ քվեների 40 տոկոսից ավելին և ըստ էության շատ քիչ զիջեց իր մրցակցին` ՀՀԿ թեկնածուին: Հենց այս արդյունքներով է պայմանավորված ընտրություններին իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի տված գնահատականների տարբերությունը:

Ըստ ԱԺ` «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` տեղամասերում ընտրությունները հնարավորինս նորմալ են ընթացել, իսկ ընտրախախտումները տեղամասերից դուրս են եղել: Ընտրության օրը Հրազդանում կատարած դիտարկումներով` ընդդիմադիր պատգամավորը փաստում է, որ հիմնական ընտրախախտումը եղել է ընտրազանգվածին բաժանված ընտրակաշառքը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը կարողացել է ընտրությունների ընթացքը բարձր մակարդակով վերահսկել:

- Հրազդանում ընդդիմությունը շատ բարձր մակարդակի վերահսկողություն իրականացրեց: Երբևիցե նմանատիպ վերահսկողության ականատես չէի եղել,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:

Սակայն նա ափսոսանք է հայտնում լայնամասշտաբ ընտրակաշառքների գոյության առնչությամբ: Այս ցավոտ խնդրի մասին բոլոր ընտրություններից առաջ և հետո միշտ խոսվում է` առանց հաշվի առնելու, որ հասարակությունն այսօր այնպիսին չէ, ինչպես ասենք` 1995-ին: Ընտրությունից-ընտրություն աճում է նաև հասարակության փորձառությունը, և դեռ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ էին բարձրաձայնում, որ կարելի է ընտրակաշառքն ընդունել, բայց նախընտրելի թեկնածուի օգտին քվեարկել: Ընդդիմադիր պատգամավորը ևս չի բացառում նման հնարավորությունը: Բայց բոլոր դեպքերում, այդ քաղաքացիներն աղճատում են ընտրությունների խճապատկերը և հնարավորություն են ստեղծում հետագայում նույնպես իրենց վերահսկողության տակ պահելու:

- Սա իր հերթին, որոշակի կաշկանդվածություն է առաջացնում քաղաքացիների շրջանակում, և նրանք ստիպված են լինում ըստ տրվող գումարի քվեարկել,- ասում է Ա. Մարտիրոսյանը: Նա համոզված է, որ ընդդիմությունն այս ընտրութ յուններից դասեր ունի քաղելու: Այն տեղերում, որտեղ ընդդիմությունը համագործակցում է և կարողանում է վերահսկողութ յուն սահմանել, միշտ արդյունքներն այլ են լինում, քան այն տեղամասերում, որոնք ընդդիմության վերահսկողությունից դուրս են լինում:

Արդյո՞ք կարելի է Հրազդանի ընտրություններն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մանրակերտը համարել: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, այս ընտրությունները վկայում են, որ եթե ընդդիմությունն առաջիկա համապետական ընտրությունների արդյունքում էլ 40 տոկոսից ավելի ներկայացվածություն ունենա ԱԺ-ում, ինչպես Հրազդանում, ապա բոլորովին այլ խորհրդարան կունենանք, ինչը լավ նախադրյալ կհանդիսանա կառավարման համակարգում առողջացման գործընթացների համար:

Ի վերջո, պարզվում է` Հրազդանում կայացած ընտրությունները փորձադաշտ էին թե´ իշխանությունների, թե´ ընդդիմութ յան համար` համապետական ընտրություններում իրենց ուժերն ու համախմբված հանդես գալու հնարավորությունները, տիրապետած ընտրական տեխնոլոգիաները փորձարկելու առումով: Այս ընտրություններից Արմեն Մարտիրոսյանի արած եզրակացությունը հուշում է`

- Եթե ընդդիմությունը կարողանա նմանատիպ վերահսկողություն իրականացնել ամբողջ հանրապետությունում, ինչպես արեց Հրազդանում, եթե լցոնումները բացառվեն, այնուամենայնիվ, հավանական եմ համարում, որ ընդդիմությունը կարող է հաղթել ընտրություններում:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ