1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Վրաստանի էներգետիկայի նախարարի` վաղուց սպասված հայտարարությունը հնարավոր է` որոշակիություն մտցնի Հյուսիս-հարավ գազատարի վրացական հատվածի ճակատագրում: Ինչպես հայտնի է, վրացական կողմը դեռևս անցյալ տարվանից էր հայտարարում խողովակաշարը վաճառքի հանելու իր մտադրության մասին: Իսկ տևական լռությանն ու անորոշությանը հաջորդած հայտարարությունը փաստում է, որ հարևան հանրապետության ղեկավարությունը նախատեսում է աճուրդի հանել բաժնետոմսերի միայն 25 տոկոսը: Այս ծրագրի Երևան գալուն պես, ինչպես հիշում ենք, առաջին ու ամենահամառ գնորդի դերում հայտնվեց Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Եվ հակառակ վրացական կողմի կասկածելի լռությանը` նախորդող ամիսներին առանց առիթի Բաքուն բազմիցս վերահաստատել է այդչափ ցանկալի գործարքը կնքելու իր պատրաստակամությունը: Հավանական գնորդների շարքում նշվում է ինչ¬որ ղազախական ընկերության անուն, սակայն առավել ուշագրավ է, որ վերջին առիթով դարձյալ սկսել է շրջանառվել «Գազպրոմի» անունը: Ադրբեջանական ծրագրերը, թերևս, վերջնականապես կխառնվեն, եթե ռուսական կողմի ծրագրերը որոշակի դառնան: Սակայն մյուս կողմից էլ ռուսական գազամատակարար կառույցն այնքան էլ չի շտապում հստակեցնել իր անելիքը: Միևնույն է, այս հարցում ևս լիարժեքորեն «Գազպրոմի» քմահաճույքներով առաջնորդվելով, մեր հանրապետությունը ոչինչ չի կորցնի: Սակայն, ինչպես հայտնի է, եթե գազատարն ի վերջո Ադրբեջանը գնի, ապա երկնագույն վառելիքի անկանոն մատակարարման և այլ սահմանափակումների հավանականությունն անխուսափելի կարելի է համարել: Հետաքրքիր է, որ Բաքվի պետական նավթային ընկերությունն իր այս ծրագիրը ի սկզբանե չի էլ թաքցնում: