ՀԱՄԱԳՈՒՄԱՐ... առանց սենսացիաների


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, ինչպես «կանխատեսում» էին լրագրողները, պիտի լիներ սենսացիոն: Գագիկ Ծառուկյանն, իբր, պիտի հրաժարվեր կուսակցության առաջնորդի պաշտոնից` տեղը զիջելով Ռոբերտ Քոչարյանին, իսկ արդյունքում էլ` կոալիցիան մնալու էր առանց ԲՀԿ... Հնարավոր համարվող այս սցենարի հավանականությունն առավել մեծացավ, երբ համագումարի նախօրյակին «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ չափազանց «ինքնատիպ» հայտարարություններ արեց` ընդհուպ խոսելով այն մասին, որ «երազխաբությունը իշխող կոալիցիայում հիմնական քաղաքական կատեգորիաներից է»... Սակայն մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս արտահայտությունն օգտագործում է կին պատգամավորը, մանկավարժական գիտությունների թեկնածուն, ով ժամանակ առաջ պատրաստել էր օրինագիծ` ուսուցչի մասին. կենտրոնանանք այն տարփողումներին, որ կոալիցիայի ներսում լուրջ տարաձայնություններ ու բախումներ կան: Եվ իբր այդ ամենի արդյունքում էլ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը պիտի լքեր կոալիցիան` հավանաբար կուսակցական քվոտայով իրեն բաժին հասած նախարարական պորտֆելները հանձնելով ՕԵԿ-ական Մարգարյան Հովհաննեսին, Հարությունյան Խաչիկին, Աղաջանյան Արծրունուն ու էլի նոր մարդկանց, ովքեր կարող է առավոտյան արթնանային և իմանային, թե իրենք «Օրինաց երկրի» կարկառուն դեմքերից են եղել, բայց այդ մասին չեն իմացել... Համագումարը սկսվելուց 40 րոպե անց, երբ ավարտվեց կուսակցության երկամյա գործունեությունը պարփակող տեսահոլովակի ցուցադրությունն, ու խոսեց Գագիկ Ծառուկյանը` պարզ դարձավ, որ բոլոր ինտրիգներն ու սենսացիոն սպասումները սոսկ նախահամագումարյան դրսևորումներ էին: Դրանք էլ, թերևս, անհրաժեշտ էին, որպեսզի մեծանա հետաքրքրությունը համագումարի հանդեպ, հայ հանրությունը շունչը պահած հետևի Գագիկ Ծառուկյանի ամեն մի խոսքին ու նախադասությանը, փորձի ենթատեքստեր և ենթաշերտեր գտնել… Գուցե սա էլ ԲՀԿ-ի մարտավարությունն է, որը նույնպես մտնում է կուսակցության PR ակցիայի մեջ, մանավանդ որ համագումարին շուք և հետաքրքրություն հաղորդելու համար` կուսակցությունը ջանք չէր խնայել. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ խմբված հարյուրավոր շքեղաշուք մեքենաներ, գրեթե հանդիսավոր երթով դահլիճ մտնող պատգամավորներ, բրեժնևյան ժամանակների կոմերիտականներին հիշեցնող երիտասարդ ակտիվիստ ներ, խանդավառ դեմքեր և, ի վերջո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռոստոմյանի, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի և ՕԵԿ մի պատգամավորի ներկայություն: Անշուշտ, շատերի ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ կոալիցիոն գործընկերներից մեկը` «Օրինաց երկիրը», ներկայացված էր ոչ առաջին դեմքերով, այլ վանաձորցի պատգամավոր Հարությունյան Խաչիկով… Որքան էլ երկու հազարից ավելի պատվիրակներով լեփ-լեցուն էր դահլիճը, այստեղ էին մշակույթի, գիտության ու կրթության ճանաչված դեմքեր, մեծ թվով բժիշկներ, քաղաքաշինության, սոցիալական կառավարման ոլորտների ներկայացուցիչներ, այնուհանդերձ կուսակցությունը խույս էր տվել «խորհրդային դեկորացիայից»` բեմում դրված նախագահության երկար սեղանից, նույն այդ բեմում նստող մի քանի տասնյակ պատվիրակներից և բավարարվել էր մի փոքրիկ սեղանով, որի դիմաց ընդամենը երեք հոգի էր նստած: Սա էլ ստեղծում էր գործնականության տպավորություն, ինչն էլ իշխեց համագումարում: Համագումարի սկզբում, ինչպես ընդունված էր և ինչպես տեղի ունեցավ ՕԵԿ համագումարում, Հանրապետության նախագահը ելույթ չունեցավ, չողջունեց համագումարի պատվիրակներին, ողջույնի խոսքեր չասացին նաև կոալիցիայի մյուս ներկայացուցիչն ու հրավիրված կուսակցությունների ղեկավարները: Դժվար էր կռահել, թե սա ո՞ւմ նախաձեռնությունն էր` հրավիրյալների՞, թե՞ ԲՀԿ առաջնորդի… Անշուշտ, այս երևույթն էլ ոմանց մղեց մտածելու, որ, այնուամենայնիվ, կոալիցիայի ներսում ամեն ինչ խաղաղ չէ, որ գործընկերների միջև կան տակավին չլուծված հարցեր և հարաբերություններ… Կամ, գուցե, ճի՞շտ էին լուրերն այն մասին, որ համագումարի նախօրյակին ինչ-որ հավաք է եղել կոալիցիայում և որտեղ պարտադրվել են խոստումներ և պայմաններ… Համենայնդեպս, այս մասին հրապարակավ երկու օր առաջ հայտարարել էր Հեղինե Բիշարյանը, ում ոչ ոք չէր մեղադրել ստախոսության և իրականությանը չհամապատաս խանող լուրեր տարածելու համար, չնայած ԲՀԿ մամլո խոսնակը հերքել էր այդ լուրը… Միով բանիվ, իսկապես հերթական համագումար էր հրավիրել «Բարգավաճ Հայաստանը»` ամփոփելու իր կատարած աշխատանքները, ցույց տալու հատկապես առաջնորդի գործունեության ընդարձակ «աշխարհագրությունը», նրա հանդիպումները Խորվաթիայի և Բելառուսի նախագահների, Ռուսաստանի իշխող` «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդի և այլոց հետ: Համագումարում թե´ Գագիկ Ծառուկյանը, թե´ մյուս ելույթ ունեցողները գրեթե հանգամանորեն, տոնական հնչերանգներով ներկայացրեցին կուսակցության գործունեությունը` երբեմն-երբեմն հիշատակելով երկրի կյանքում տեղ գտած սոցիալական խնդիրներն ու ցավոտ կողմերը, արտագաղթն ու ընկերային անհավասարությունը (մի քանի օլիգարխի և նախարարների նայելիս` կարելի էր ենթադրել, թե որտեղ են թաքնված սոցիալական անհավասարության արմատները)… - Մենք վճռական ենք այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Վստահ ենք, որ համատեղ ջանքերով և միասնական ուժերով կարող ենք հասնել մեր բոլոր նպատակներին, կառուցել իսկապես հզոր, բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան, - ասաց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը հատկապես կարևորեց առաջիկա համապետական ընտրությունները. - Վերջին տարիներին ընտրությունները, դրանց նախորդող նախընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները շատ ցավոտ են ընթանում մեր երկրում: Քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժացումը երբեմն անցնում է թույլատրելի սահմանները: ԲՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել պայքարի քաղաքակիրթ մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին: Ընտրությունները չպետք է խաթարեն քաղաքական անդորրը, չպետք է պառակտեն հայ հասարակությունը: Քաղաքական ուժերը մեր երկրում պետք է պայքարեն բացառապես ժողովրդավարական խաղի կանոնների համաձայն: Եվ խաղի կանոնների համաձայն գործելու համար` նա առաջարկեց հետևյալ սկզբունքը. - Սա է դեպի ժողովրդավարություն տանող ուղիղ ճանապարհը: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը ունի բավարար քաղաքական կամք` առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: Հայաստանի Հանրապետության ապագան ժողովրդավարական պետությունն է, պետության գրավականն ազատ և արդար ընտրություններն են: Գագիկ Ծառուկյանն իր զեկուցման մեջ (չնայած ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը հաշվետու զեկուցումը ելույթ համարեց) որևէ հայտարարություն չարեց կոալիցիայից դուրս գալու կամ դրա հավանականության մասին, չխոսեց առաջիկա ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Հատկապես այս «կեցվածքը» նոր ինտրիգների առիթ է տալիս, չնայած ԲՀԿ հաջորդ համագումարը տեղի է ունենալու 2013 թվականին, հավանաբար` դարձյալ փետրվարին, և գուցե այդ ժամանակ ԲՀԿ-ն հանդես կգա հայտարարությամբ: Իսկ այս համագումարում թե´ կուսակցության առաջնորդը, թե´ մյուս կուսակցականները որոշեցին լռել: Ավելին, նրանք խուսափեցին նաև լրագրողներից` չպատասխանելով որևէ հարցի: Իհարկե, միակ բացառությունը Սամվել Բալասանյանն էր, ով այդպես էլ չկարողացավ հստակ պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է որոշել ԲՀԿ-ն կոալիցիոն նոր հուշագիրը ստորագրելու հարցում… Նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը հերքեց հուշագրի գոյությունը, սակայն չուզեց անդրադառնալ այն հայտարարությանը, որն արդեն արել էր իր նախկին կուսակից Հեղինե Բիշարյանը… Ինչևէ, համագումարն ավարտվեց և Գագիկ Ծառուկյանը միաձայն և բուռն ծափահարություններով վերընտրվեց կուսակցության նախագահ: «Բարգավաճ Հայաստանը» մեկ անգամ ևս իր համագումարով փաստեց, որ հզոր ուժ է` մարդկային ներուժով: Մնում է միայն, որ կուսակցության ծրագրային շատ դրույթներ դառնան իրականութ յուն, կուսակցությունն ինքը` որպես քաղաքական կամքի դրսևորում` հրամայական դարձնի բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից, հոգ տանի, որպեսզի էապես փոխվի մեր երկրում առողջապահության վիճակը, որի պատասխանատուն ինքն է, որպեսզի հիվանդանոցները չվերածվեն մարդկանց թալանելու վայրերի

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ