Բարձրագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է


Խորհրդարանի «Ժառանգություն» պատգամավորական խմբակցությունը վերջերս առաջարկել էր Ադրբեջանում 1988-92 թթ. հայերի դեմ կատարվածը համարել ցեղասպանություն: Այս առաջարկությունն Ադրբեջանում հակահայկական քարոզչության հերթական ալիքն առաջացրեց: Այնտեղ ծայրահեղության հասնող հակահայկականության և ընդհանրապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին է զրույցը խմբակցության ղեկավար, քաղաքագետ Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ: - Հայերի, ընդհանապես հայկականության վերաբերյալ ադրբեջանական քարոզչության մեջ թշնամանքի և թույնի դոզան չափազանց շատ է: Նրանք փորձում են Ադրբեջանում խառն ամուսնությունների տեսքով հայկական ծագումով մարդկանց խմբի առկայությունը շահարկելով` դարձնել դրոշակ, փորձում են տարբեր ատյաններում ներկայացնել իբրև թե Ադրբեջանն ամենատոլերանդ երկիրն է: Որպեսզի չեզոքացնեն մեղադրանքները, որ 1988-92 թթ. Ադրբեջանական ԽՍՀ հայաբնակ վայրերում ցեղասպանություն են իրականացրել, նրանք տարիներ շարունակ թեզ են արել, թե Ադրբեջանն ամենահանդուրժող պետությունն է, որտեղ տարբեր ազգություններ խաղաղ են ապրում, իսկ հայերի հետ խնդիրներ են առաջացել, որովհետև հայկական պետությունն 1988-92 թթ. ապօրինաբար միջամտել է, դիմել է ագրեսիայի և պատերազմական իրավիճակ ստեղծել` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս քարոզչական ճակատում նրանք միջազգային ատյաններում պարբերաբար հնչեցնում են, թե Ադրբեջանում 25 հազար հայեր կան: Ի դեպ, նույն աճպարարությունն օգտագործվել էր նաև նախորդ տարի Եվրոպայի Խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցում: Եվ երբ Համերբերգն անցյալ տարի փաստահավաք այցելություն պետք է կատարեր Ադրբեջան, «Ժառանգություն» խմբակցությունը մի նամակ հղեց նրան: Նամակում առաջադրված հարցերը հետևյալն էին. Եթե զեկույցում ադրբեջանական կողմի արձանագրություններին հղում անելով նշվում է, թե այդ երկրում առկա են չափազանց մեծ թվով հայեր, ովքեր Ադրբեջանի մյուս քաղաքացիների նման օգտվում են նույն իրավունքներից, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ են նրանք խուսափում բարձրաձայնել իրենց ինքնության մասին: Երկրորդ` նրանք ինչո՞ւ չեն կարողանում իրենց ինքնությունը կոլեկտիվ կերպով իրականացնել` իբրև կազմակերպված համայնք, որը կունենա իր ծեսերը, ազգային ծիսակարգերը: Այս համատեքստում նաև հարց էինք բարձրացրել, թե ինչո՞ւ Բաքվի Հայկական եկեղեցին, որը նույնպես ադրբեջանական իշխանութ յունների, հասարակական խմբերի կողմից շահարկվում է (թե տեսեք` մենք պահպանում ենք հայկական եկեղեցին), ինչո՞ւ է շարունակում մնալ չգործող` մեծաքանակ հայության առկայության պարագայում, ինչպես Ադրբեջանն է պնդում: Հաջորդ խումբ հարցադրումը վերաբերում էր Ջուղայում մեր մշակութային հուշարձանների բարբարոսաբար ոչնչացմանը: Մենք խնդրել էինք, որ պրն. Համերբերգն իր առաքելության շրջանակներում այցելի նաև Նախիջևան: Մեկ այլ հարցադրում էլ կապված էր լրագրող Էլմիրա Ֆաթուլաևայի բանտարկության հետ: Վերջինս համարձակվել էր Խոջալուում տեղի ունեցածի մասին այլընտրանքային տեսակետ ներկայացնել, ինչի համար էլ հայտնվել էր բանտում: Իհարկե, դրանից հետո Համերբերգն այցելեց Ադրբեջան, և նոր զեկույց կազմվեց: Բայց նշված հարցերը պատշաճ արտացոլում չգտան, որովհետև մենք գործ ունենք ֆաշիզմի գաղափարախոսությունը որդեգրած պետության հետ, որտեղ նույնիսկ եվրոպական կառույցները չեն կարողանում իրենց ազատ զգալ` երևույթներն իրենց անուններով կոչելու համար: -Վերջերս եվրոպական կառույցներից մեկում լսվում էր Ադրբեջանի փախստականների մասին հարցը: ԼՂՀ արտգործնախարարը բողոք հղեց այդ կառույցին` հույս հայտնելով, որ Եվրոպան միակողմանի դիրքորոշում չի ցուցաբերի այդ հարցում: Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ միջազգային հանրությունը միակողմանիորեն է դիտարկում նման կարևոր հարցը: - Ամենահիմնական պատճառն այն է, որ հայկական կողմը բոլոր խնդիրները հայ-ադրբեջանական` Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ-Ադրբեջան առանցքներով չի դնում` որպես պաշտոնական օրակարգի և քաղաքական գծի մի հատված: - Բայց ԼՂՀ արտգործնախարարի հիշատակած բողոք-նամակն ի՞նչ է, եթե ոչ քաղաքական գծի պաշտոնական ներկայացում: - Ղարաբաղի խնդիրների բարձրացման ամենաբարձրագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, այլ հարթակում Ղարաբաղը ներկայացված լինելու որևէ հիմք չունի: Դա միակն է, որտեղ 90-ականների մի շարք փաստաթղթերի հիման վրա Ղարաբաղը պետք է լինի բանակցային գործընթացի մասնակից: Այլապես, այսօր ներկայացված չլինելով այդ հարթակում, ԼՂՀ իշխանություններին մնում է միայն ուղղակի նման հորդորներ հղել` իբրև չճանաչված մի պետություն: Չեմ թերագնահատում այդ հնարավո րությունը ևս. Ղարաբաղի իշխանությունները պետք է կարողանան նման կոչերով դիմել աշխարհին և պահանջել, որ իրենց շահերը հաշվի առնվեն: ԼՂՀ-ն չճանաչված պետություն, բայց գոնե բանակցության ճանաչված կողմ է: Այդ խնդիրները պետք է դրվեն հենց այս խողովակով: ՄԽ-ն այն հարթակն է, որտեղ բանակցության ճանաչված կողմ երկիրը և նրա օրինական իշխանությունները պետք է ներկայացնեն այդ ուղերձները և պահանջները փոխանցեն: Ես վստահաբար պնդում եմ, որ բանակցային ձևաչափով միջազգայնորեն ընձեռված կարգավիճակից Ղարաբաղի ներկայացրած պահանջն այլ ուժ ունի, դե ֆակտո կայացած պետության կարգավիճակից ներկայացրածն` այլ: - Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմությունն իշխանության գալով` կորցնում է ժողովրդի վստահությունը, համակրանքը: - Միգուցե, կոնկրետ ժամանակաշրջանում իրենց ընդդիմություն հռչակած որոշ ուժեր մաս են կազմել իշխանություններին, բայց դա չնույնացնենք ընդդիմության` իշխանության գալու հետ: Որովհետև վարվող քաղաքականության մեջ կամ փոփոխություններ չեն եղել, կամ եղել են չափազանց փոքր չափով, չեն ազդել արտաքին ու ներքին ընդհանուր քաղաքականության վրա: Նույն` Ղարաբաղյան խնդրում ունենք այն իրավիճակը, ինչ ունեինք 1994 թ.: Երեք նախագահ ենք ունեցել, և նրանք պարզապես միմյանց են փոխանցել նույն կուրսը: ՕԵԿ¬ի, ԲՀԿ-ի կամ կոալիցիայի մեջ մտնող ու դուրս եկող ՀՅԴ-ի գաղափարախոսությունները ոչ մի կերպ չփոխեցին վարվող գիծը: Ժողովուրդն իրավացիորեն գտնում է, որ ՀՀ-ում 91 թվից առ այսօր իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ամեն ինչ ուղղելու երաշխիքն ազատ ու արդար ընտրութ յուններն են, երբ իսկապես այլընտրանքային տեսակետ ներկայացնող ուժը հնարավորություն կստանա գործնականում իրականացնել իր գաղափարախոսությունից բխող ծրագրերը: Դրանից հետո ժողովուրդը կտեսնի, թե որքանով և ում ծրագրերն են իր համար նախընտրելի, թեկուզ և տարբեր ժամանակահատվածներում: Իսկ եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա ընտրողը պետք է տեսնի, թե ինչ է կարողանում անել «Ժառանգությունը»` 131 պատգամավորական մանդատներից ունենալով ընդամենը 6-ը, և պատկերացնի, թե ինչ կանի, եթե խորհրդարանում մեծամասնություն ունենա:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ