Վիժվածքներն էլ հասարակության ծնունդ են


Բանակում նորից մահվան դեպք է արձանագրվել: Ու որքան էլ վիճակագրությունը համառորեն պնդում է` դժբախտ պատահարներից, մարդկային կորուստներից ապահովագրված չէ աշխարհի ոչ մի բանակ, միևնույն է` ամեն մի կորուստ ցավեցնում է ոչ միայն հարազատներին, այլև հասարակությանը և, իհարկե, Պաշտպանության համակարգի ղեկավարությանն ու ողջ անձնակազմին: Ավելին, համակարգում կատարվող համակողմանի բարեփոխումները չտեսնելու համար հոգով կույր պետք է լինել կամ` էությամբ չկամ, որովհետև մանավանդ թափանցիկության առումով ոլորտի պատասխանատուների քայլերն ակնհայտ են: Թեկուզ այն իրողությունը, որ բանակում կատարվող ամեն ինչ` դրականից մինչ անցանկալի մանրամասներ, օպերատիվորեն տեղեկացվում է հենց Նախարարության լրահոսով: Այլ խնդիր է, որ դրականը (թերևս` օրինաչափ համարվելով) գրեթե անարձագանք է մնում, իսկ բացասական ցանկացած երևույթ շարունակում է «ոսկեբեր երակ» մնալ` խուճապ ու վայնասուն բարձրացնելով «հաց վաստակող» ոմանց համար: Ընդգծենք` ՈՄԱՆՑ, որովհետև բարեբախտաբար, հասարակության առողջ բանականությունը երբեք չի մթագնում սթափ միտքը: Ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչն է պատճառը այն անխնա ծեծի, որը մահացու է եղել զինվորի համար: Զորանոցում զինվորը վառարանի կրակով սիգարետ է վառել: Ներկաներից մեկը դիտողություն է արել: Տղան ասել է, որ ներսում չի պատրաստվում ծխել: Պատասխանը, երևի, դուր չի եկել տաքգլուխ 1-2¬ին, և վեճ է ծագել, որն էլ վերածվել է վայրագ ծեծկռտուքի: Այո, հայ զինվորներն իրենց զինակցին են ծեծել` ինչպես օրենքի համապատասխան հոդվածն է ձևակերպում` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս» պատճառելով և «անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը»: Նույն այդ վայ¬զինվորները զորակոչվելուց առաջ կամ զորացրվելուց հետո էլ կարող էին նույն արարքը թույլ տալ, ու այդ դեպքում Բանակի վարկանիշը չէր չարչրկվի: Սակայն ո՞րն է տարբերությունը. արդյունքը նույնը չէ՞: Քավ լիցի, նման վայրագությունների մասին լռելու կոչ ոչ մեկը չի անում, պարզապես այդ հոգեբանությունն արմատախիլ անելու համար պետք չէ Բանակից սկսել ու նրանով էլ սահմանափակվել: Քաղաքացիական բարքերն են, որ բանակ ներթափանցելով, խաթարում են զինվորական առօրյան: Իսկ նման միջադեպերին տրվող` հաճախ ոչ կոռեկտ հրապարակային գնահատականները կարգուկանո՞ն են հաստատում, թե՞ նսեմացնելով մեր Զինված ուժերը` մեր հակառակորդի ախորժակն են բացում, նրան ինքնավստահություն ներշնչում: Միանգամայն տեղին է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ ՏԵՐ¬ՍԱՀԱԿՅԱՆԻ տարակուսանքը. - Մենք մամուլից պակաս մտահոգ չենք` իրավիճակը կարգավորելու, միջադեպերը կանխելու, հանցածին իրավիճակը բարելավելու: Թող ինձ ներեն այլ կերպ մտածողները, բայց մենք շատ ավելի լավ ենք հասկանում, որ հատկապես ներկա` «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակում ամենակարևորը (տեխնիկայից էլ ավելի կարևոր) մարդկային գործոնն է, ինչը հենց մարտունակության գրավականն է: Ամենանորագույն տեխնիկայի առկայության պարագայում անգամ` պատերազմում հաղթողը զինվորն է, և մեր թիվ 1 խնդիրը կարգապահ, պատրաստված, հայրենիքը սիրող զինվոր դաստիարակելն է: Բայց, դժբախտաբար, մեր ոչ բոլոր զինվորներն են պատշաճ վերաբերվում ծառայությանը: Նրանցից շատերի կրթական ու գիտակցական մակարդակը, հասարակությունից բանակ ներմուծվող բարքերը նպաստում են անցանկալի միջադեպերին: Որոշ լրատվամիջոցներ էլ, իրենց շահարկումներով, կարծեք փորձում են ի չիք դարձնել հսկայածավալ այն աշխատանքը, որը տարվում է բանակում, և որի արդյունքներն ակնառու են: Նման միջադեպերին անդրադառնելով, ոմանք չեն գիտակցում կամ իրենց հաշիվ չեն տալիս, որ ներթափանցում են ազգային անվտանգության ոլորտ, որտեղ նեղ¬անձնական կամ խմբային խնդիրներ լուծելը շատ վտանգավոր է: Լրատվամիջոցներում հաճախ այնքան լուրջ սխալներ, թյուրիմացություններ են հայտնվում` լրագրողների անտեղյակության պատճառով: Մինչդեռ նրանք փորձում են դասեր տալ, ուղղորդել, սովորեցնել բոլորին` ինչպես աշխատել: Իսկապես մտահոգ քննադատության, խելամիտ առաջարկությունների համար մենք (և կարծում եմ` բոլորը) միայն շնորհակալ կլինենք, բայց քաղաքական ինչ¬որ պատվեր կատարողի կամ սովորական բիզնեսի շահերից բխող շահարկումները պարզապես աններելի են: Ի դեպ, ՌՈ աշխատակիցները դեպքից անմիջապես հետո եղել են զորամասում, օպերատիվ կերպով բացահայտել իրողությունը և նույն օպերատիվությամբ էլ տեղեկատվություն տարածել: Ինչպես հայտնի է` հարուցվել է քրգործ, և կասկած չկա, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն` օրենքի ողջ խստությամբ: Բայց այդ տղաներն այսուհետ ինչպե՞ս են ապրելու արյունոտ ձեռքերով, ի՞նչ խղճով: Նրանք ու իրենց նմաններն ունա՞կ են հասկանալ, թե ինչ ասել է կենդանական բնազդ, որը հարիր չէ մարդուն: Չէ, այդպիսիները չարիք են ոչ միայն բանակում: Ոհմակով անպաշտպան մեկին հալածող «հերոսներ» ո´չ բանակին են պետք, ո´չ էլ հասարակությանը: Ափսոս, սակայն, որ նման զավակներ դաստիարակողները պատասխանատվության չեն կանչվում:

«ԱՎԱՆԳԱՐԴ»