ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԵՂԾԻՔ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում Ադրբեջանը պայքարում էր ոչ միայն զենքով ու զորքով: Արցախահայության և ընդհանրապես հայ ժողովրդի դեմ հակառակորդն ի սկզբանե սանձազերծեց մեկ այլ` քարոզչական պատերազմ, որի հիմքը լկտի սուտն է: Թուրքական ծանոթ ձեռագրով` աղավաղելով ոչ միայն պատմական ճշմարտությունը, այլ նաև ներկան, գլխիվայր շուռ տալով դեպքերն ու իրադարձությունները, բորենու իրենց արյունոտ երախը քողարկելով գառան դիմակով, փորձելով փոխել զոհի և դահճի տեղերը: Հենց սկզբից փորձելով արյան մեջ խեղդել Արցախյան շարժումը, գորբաչովյան կեղծ կարգախոսներով ղեկավարվող ուժային կառույցների աջակցությունը վայելող ադրբեջանական ելուզակները 1988թ. փետրվարի 26-29-ին արյունոտ ջարդեր կազմակերպեցին Սումգայիթում: Բաքվից քիչ հյուսիս գտնվող այդ նորակառույց արդյունա բերական քաղաքի 18 հազարանոց հայ բնակչությունն ընդամենը երկու-երեք օրվա ընթացքում հոշոտվեց ու հողմացրիվ արվեց: Այդ ամենը հրահրող պաշտոնյաները հիշո՞ւմ էին արդյոք, որ Բաքվից հետո ադրբեջանական «ինտերնացիոնալիզմի» այս նորահնար խորհրդանիշը կառուցվել էր հայ շինարարի ձեռքով: Չհանդիպելով հակահարվածի` ադրբեջանական վանդալները «Սումգայիթը» բազմապատիկ ավելի մեծ մասշտաբով կրկնեցին Բաքվում` 1990թ. հունվարի 13-19-ին: Բազմապատիկ, որովհետև այժմ էլ հաշված օրերի ընթացքում հողմացրիվ արվեց Անդրկովկասի մշակութային հարուստ պատմություն և ժառանգություն ունեցող հայահոծ կենտրոններից մեկը` Բաքվի 206.000-անոց հայկական համայնքը: Եթե Սումգայիթում մեր մարդկային կորուստների մոտավոր թիվը հաջողվեց պարզել (ոչ պաշտոնական տվյալներով` 300 հայ), ապա Բաքվում դա պարզապես անհնարին եղավ: Հետո հայի արյունը հեղվեց նաև հայոց հինավուրց Գանձակ-Կիրովաբադում, Գետաշենում, Շուշիում, Մարաղայում և հայկական բազմաթիվ այլ բնակավայրերում: Հասկանալով, որ Արցախյան ազատամարտի նախօրեին և ընթացքում գործած սահմռկեցուցիչ ոճրագործությունները հնարավոր չէ կոծկել միայն դրանց պարզունակ հերքումով, ազերի-թուրքերը դիմեցին իրենց ավագ եղբայր` օսմանլի թուրքերի գաղափարական փորձված զինանոցին: Հայոց Եղեռն իրականացրած երիտթուրքերի արժանի հետնորդ քեմալական Թուրքիան անպատկառորեն պնդում էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին հայ կամավորների ձեռքով սպանվել են հարյուր հազարավոր թուրքեր: Եվ հրապարակ նետվեց Խոջալուում հայերի կողմից ադրբեջանական խաղաղ բնակչության հանդեպ իրականացված «ցեղասպանության» զառանցանքը: Հիշեցնենք, 1992թ. փետրվարի 26-27-ի գիշերը Արցախի ինքնապաշտպանության ուժերի կողմից ազատագրվեց Խոջալու ավանը (այժմ` Իվանյան) և օդանավակայանը, իսկ խաղաղ բնակչությանը հեռանալու համար թողնված էր ազատ միջանցք: Գրոհից առաջ հայկական հրամանատարությունը նախազգուշացրել էր հակառակորդ կողմին և խորհուրդ տվել` ավանից տարհանել բնակչությանը: Ադրբեջանական քարոզչական մեքենան այնպիսի մի աղմուկ բարձրացրեց աշխարհով մեկ, որ անտեղյակ ունկնդրին պիտի թվար, թե կատարվել է Հայոց Եղեռնին և Հրեական հոլոքոստին համարժեք սպանդ: Նրանք աղմկեցին, իսկ մենք արժանի հակահարված տվեցինք: Բայց, խորացնելով «Խոջալուի» թեման, ադրբեջանական կողմն այն հասցրեց տրամաբանական վախճանին. «Փետրվարի 28-ը» հայտարարվեց ադրբեջանական ցեղասպանության օր, որն ի տես աշխարհի` նշվում է ամեն տարի: «Սումգայիթի», «Բաքվի», «Գետաշենի» հակակշիռը գտնված էր ի վերջո: Չբավարարվելով գաղափարական-քարոզչական ճակատում ձեռք բերած այս «նվաճումով»` ազերի սադրիչները որոշեցին այն ուժեղացնել «պատմական» փաստերով, ապացուցելու, որ «զավթիչ» և «արյունռուշտ» հայերը միայն ղարաբաղյան պատերազմում չէ, որ թափել են «խե˜ղճ ու անպաշտպան» ադրբեջանցի ժողովրդի արյունը: Այդպիսի բան եղել է նաև ոչ վաղ անցյալում, օրինակ` 1918թ., երբ ազերի-թուրքական «Մուսավաթ» կուսակցությունը (կարելի է ասել` երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության մասնաճյուղն Ադրբեջանում) փորձեց զենքի ուժով զավթել իշխանութ յունը Բաքվում: Մարտերը Բաքվում, մի կողմից «վայրի դիվիզիայի» և մյուս կողմից քաղաքային սովետին ենթարկվող Կարմիր գվարդիայի միջև շարունակվեցին 3 օր, մինչև ապրիլի 1-ը և ավարտվեցին մուսավաթական ուժերի լիակատար պարտությամբ: Մարտերի ընթացքում կենդանի ուժի մեծ կորուստներ ունեցան ոչ միայն խռովարարները, այլ նրանց աջակցող քաղաքի բնակչությունը` մոտ 3000 սպանված: Հատկանշական է, որ այդ օրերին Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որն ուներ պատկառելի զինված ուժեր, ոչ միայն գրավեց չեզոք դիրք, այլև իր պաշտպանության ներքո վերցրեց մի քանի հազար թուրք-թաթարների` կարծելով, թե այդ կերպ ամրապնդում է «Մուսավաթի» հետ գոյություն չունեցող դաշինքը: Ընդամենը մի քանի ամիս անց, 1918թ. սեպտեմբերի 15-16-ին, երբ մուսավաթական հրոսակների հարվածների տակ ընկավ Բաքուն, 1918թ. մարտին փրկվածները կտրեցին իրենց փրկողների գլուխները… Բաքվի սեպտեմբերյան կոտորածին զոհ գնացին 30.000 հայեր: Այստեղ մեկ անգամ ևս արժե հիշել թուրքական երախտամոռության և մեր անհեռատեսության մասին: Ահա այսպիսին է պատմության և իրականության հանդեպ մեր հակառակորդի խիստ ինքնատիպ մոտեցումն ու մեր անհարկի մեծահոգությունը:

Արևիկ ԳԱՓՈՅԱՆ