«ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՊՐԵԼՈՎ` ԻՆՁ ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ՉԵՄ ԶԳՈՒՄ»


Գեղանկարիչ, պրոֆեսոր, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի Ռ. Արզումանյանի անվան մասնաճյուղի հիմնադիր տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ նաև անվանի հանրային գործիչ է, Կանանց հանրապետական խորհրդի, բազմաթիվ հանրային կառույցների անդամ, քաղաքի ամենանշանավոր կանանցից մեկը: - Դուք իսկապես բացառիկ նկարիչ եք, գրեթե ամեն տարի հանդես եք գալիս անհատական ցուցահանդեսներով, ամեն անգամ զարմացնում ձևի և բովանդակության նորահաստատումներով: Հենց այդպիսի տպավորություն թողեց նաև անցած տարի Ազգային ժողովում բացված Ձեր ցուցահանդեսը: - Ձևի որոնումն ինձ համար ինքնանպատակ չէ, ես չեմ փնտրում միայն արտաքին «կաղապարը», այլ մշտապես ուզում եմ գեղարվեստական տարբեր ձևերի մեջ մարդու ներաշխարհը, բնության զարմանալի-հրաշալի կերպարը ներկայացնել: Ու այդպես հասնել այն մեծ ճշմարտությանը, որ երևակայության և իրականության համադրումով է ծնվում ձևի հավերժական փոփոխությունը: Նկարչությունը միայն բնության կամ մարդու պատճենումը չէ, այլ ներքնատեսության, նկարչի էության մեջ նստած տարբեր կուտակումների և «հեղափոխությունների» արտացոլումն է: Ես արտասովոր ոչինչ չեմ նկարում, չեմ հեռանում գեղանկարչության մեջ ընդունված թեմաներից, սակայն այդ ամենը մատուցում եմ իմ դիտանկյունից` անպայմանորեն մղվելով դեպի ձևի հարափոխությունը: Սա հետաքրքիր է դարձնում ստեղծագործական աշխատանքը, գեղանկար չությանը միաձուլում կիրառական արվեստի որոշ տարրեր… Ես տարբեր ժանրերի եմ դիմում, երբեմն զբաղվում թղթից ու ստվարաթղթից ստեղծվող քանդակներով, չեմ խորշում «աբլիկացիաների» կիրառումից: Դրանք հարստացնում են ինձ ու նաև` իմ աշխատանքները դիտողներին: - Մոտ քառասուն տարի Դուք ղեկավարում եք գեղագիտության կենտրոնը, որը Շիրակի մարզի ամենանշանավոր մշակութային օջախներից է դարձել: Հոգնություն կամ հիասթափություն չե՞ք զգում: - Երբ ավարտեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտն ու եկա Լենինական-Գյումրի` իմ ճանապարհին միանգամից շատ տաղանդավոր ու հոգատար մարդիկ հայտնվեցին, որոնցից առանձնացավ Հենրիկ Իգիթյանը: Եթե վարչական աշխատանքով չզբաղվեի, ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն կունենայի: Կզբաղվեի նաև գրքի գրաֆիկայով, քանի որ իմ ձևավորումներով մի քանի գրքեր էին լույս տեսել, բայց ես սիրահարվեցի Կենտրոնին ու մնացի այստեղ: Երբ 1988-ի երկրաշարժից Գյումրիում շատ կառույցներ ու տներ փլուզվեցին` մեր Կենտրոնը կանգուն մնաց: Ես արդեն դեկտեմբերի 8-ից աշխատում էի: Այստեղ էր տեղավորված Նիկոլայ Ռիժկովի գլխավորած շտաբը. մենք բարեկամացանք, երբեմն նայում էի նրա հոգնած դեմքին, փակվող աչքերին… Եթե նա հեռավոր Մոսկվայից եկել ու ամեն ինչ անում էր` փրկարարական աշխատանքներ կազմակերպելու համար` ինչու՞ պիտի ես հոգնեի, հեռանայի… Այդ զգացողությամբ աշխատել եմ մի քանի տասնյակ տարի… Վերջին տարիներին հաճախ եմ զայրացել, հուզվել, բորբոքվել, կռիվ եմ տվել տարբեր չինովնիկների հետ, ովքեր չեն հասկացել Կենտրոնի դերն ու նշանակությունը, ամենաչնչին միջոցները չեն տրամադրել` ջեռուցումն ապահովելու, երեխաների մշակութային կրթությունը կազմակերպելու համար: Բայց հիասթափվել եմ ոչ թե աշխատանքից ու Կենտրոնից, այլ` նրանցից: Երկրաշարժից հետո այստեղ մանկապարտեզ կազմակերպեցի, մի քանի տասնյակ երեխաների հավաքագրեցի, գտա միջոցներ, հաճախ իմ աշխատավարձն էի ծախսում սննդի ձեռքբերման համար… Սա իմ տունն է, իմ ընտանիքը, իմ կենսագրությունը, ուրեմն` ինչպե՞ս խոսեմ հոգնության մասին: - Բացի աշխատանքից` ունեք ընտանիք, թոռներ: Զբաղվում եք հանրային գործունեությամբ… Կնոջ համար դժվար չէ՞ այս ամենի համատեղումը: - Իհարկե, դժվար է, բայց տարիների ընթացքում ամեն ինչ, ինչպես ասում են, իր տեղն է ընկել: Երջանիկ է այն կինը, ով կողքին ունի իրեն հասկացող, իր հոգսերը կիսող ամուսին: Ես այս հարցում իսկապես երջանիկ եմ: Ամուսինս` Տիգրանը, միշտ գնահատել է իմ աշխատանքը, հասկացել է զբաղվածությունս, հնարավորության դեպքում` ձեռք է մեկնել, աջակցել… Երբեմն փակվում եմ արվեստանոցում և ստեղծագործում: Ընտանիքիս անդամները չեն խանգարում… Երևի նրանք էլ մի քիչ նկարիչ ու արվեստագետ են դարձել: - Ապրելով Գյումրիում, կտրված լինելով երևանյան բոհեմից, բուռն մշակութային իրադարձություններից` անհարմարավետության զգացում չե՞ք ունենում: - Իհարկե, արվեստագետը պիտի ապրի ու ստեղծագործի այնտեղ, որտեղ կա առողջ և հարուստ մշակութային-գեղարվեստական կյանք, որտեղ կան ինքնահաստատ վելու, ցուցադրվելու լայն հնարավորություններ: Գյումրին, հատկապես 1970-1980-ական թվականներին, չէր զիջում մայրաքաղաքին: Հիմա ունենք ավելի շատ մշակութային և կրթական հաստատություններ, Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ, սակայն գեղարվեստական մթնոլորտն է աղքատացել, պասիվացել… Որպես մարդ` նեղվում եմ, ցավում, շատ եմ ուզում, որ արվեստների քաղաք հռչակված Գյումրին էլ ապրի լիաթոք մշակութային կյանքով… Առայժմ չի ստացվում: Իսկ որպես արվեստագետ` ապրելով Գյումրիում, ես ինձ մեկուսացած չեմ զգում, մասնակցում եմ ցուցահանդեսների, ինքս եմ ներկայանում անհատական ցուցահանդեսներով: Ինչպես ասում են` ճանաչման խնդիր չունեմ, բայց կա հոգատարության և ուշադրության խնդիրը: Շատ եմ ուզում, որ վերջնականապես մշակվի Գյումրի մշակութային զարգացման ծրագիրը… - «Ավանգարդի» ընթերցողների մեջ քիչ չեն նաև երիտասարդ արվեստագետները: Ի՞նչ կասեիք նրանց: - Ուզում եմ հիշել Օգյուստ Ռոդենի խոսքերը. «Արվեստագետի մեծագույն երջանկությունը նրա հոգու ազատությունն է»: Պետք է գուրգուրել ու փայփայել այդ ազատությունը: Երբ կորցնես ազատությունդ` կդադարես արվեստագետ լինել…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ