ՃԱՆԱՊԱՐՀ ԱՌԱՆՑ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐԻ


«Ով ժողովուրդ չունի, նա Աստված էլ չունի»: Ֆ. Մ. ԴՈՍՏՈԵՎՍԿԻ Տոնական անմոռանալի օրերն ավարտվեցին: Ամանորյա եռուզեռն ակնհայտորեն փոխարինվել է քաղաքական ուժերի ակտիվ նախընտրական քարոզչությամբ: Մինչդեռ թվում էր, թե տարվա գլխավոր տոներից մեկի շունչը դեռ երկար կպահպանվի` մոռացության գրկում թողնելով թե° բոլորիս առօրյա հոգսերը և թե° քաղաքական կյանքի` մշտապես հետաքրքիր ու դրանով իսկ հանուրի ուշադրության կենտրոնում գտնվող անցուդարձը: Հիմա արդեն ճիշտ ժամանակն է «վերհիշելու», որ մինչև փետրվարի 19-ը քիչ ժամանակ է մնացել, իսկ բառացիորեն մի քանի օրից Նախագահի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես է մեկնարկելու: Լավ է դա, թե վատ` ուղղակիորեն ենթակա չէ քննարկման: Փաստն այն է, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո նորից ենք ընտրություն կատարելու. լրջագույն ընտրություն: Իսկ թե ինչու պետք է փետրվարի 19-ի քվեարկությանը ամենայն պատասխանատվությամբ վերաբերվենք` նոր չէ, որ պետք է գիտակցենք, ու ավելորդ հիմնավորումներն էլ թերևս քիչ բան կարող են մեր պատկերացումներին ավելացնել: Պարզապես յուրաքանչյուրս լավ է գիտակցում անկախ պետականության շինարարության` ավարտին հասցնելու կարևորությունը և վստահ է, որ այս գործում Հանրապետության երրորդ Նախագահի ընտրությունը և նրա ժողովրդաշահ գործունեությունը նշանակալի է լինելու: Վերջին հաշվով, նոր Նախագահի ձեռքում է լինելու այն ղեկը, որով նա առաջիկա 5-10 տարիներին առաջնորդելու է մեր պետությունն ու ժողովրդին: Սրանով հանդերձ` հուսալ, թե փետրվարի 19-ով ամեն ինչ ավարտվելու է, ճիշտ չի լինի: Ավելին, Նախագահի ընտրությամբ սկսվելու է նորացված մի ժամանակաշրջան, որտեղ կարևոր դերակատարություն է վերապահված լինելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու… Հենց մեր փորձից լավ գիտենք, որ միայն քվեարկելով, պետության ղեկը վստահաբար ու անվերապահորեն ամենաարժանավորին հանձնելով` մեծ գործի միայն մի մասը հաջողած կլինենք: Նախագահի թեկնածուն ընտրվելուց հետո է°լ ավելի ընդգծված պետք է զգա (ուղղակիորեն, թե անուղղակի) իր թեկունքին կանգնած ժողովրդի շնչառությունը: Ի վերջո, փետրվարի 19-ով ընտրազանգվածը դառնալու է ժողովուրդ, հասարակություն, ով քվեարկելու է ոչ թե սոսկ Այսինչ Այսինչյանի, այլ` նախ և առաջ Հայաստանի Հանրապետության առաջընթացի օգտին: Հասարակության մեջ զբաղեցրած մեր տեղով, դիրքով ու առաքելությամբ մեծ հաշվով ամեն մեկս մի-մի «նախագահ» ենք: Ուստիև, բոլորիս ուժերի ու ծրագրերի, ցանկությունների և նպատակների համատեղումն է հավատ ու վստահություն ներշնչելու այն մարդուն, ով փետրվարի 19-ին կարժանանա մեծամասնության քվեին: Արդեն իսկ ակնհայտ է, որ դժվարին մրցապայքարում է ամենաարժանավորին հաջողվելու հաղթել… Ծանր ու պատասխանատու պարտականություն է ստանձնելու նոր Նախագահը: Բայց այլ կերպ չի էլ կարող լինել: Պետականաշինության վաղուց ընտրված ուղին հաղթահարելը որքան էլ դյուրին չլինի, այդուհանդերձ ընտրված ճանապարհը խաչմերուկներ չունի: