«Այս հին աշխարհը կփորենք մենք» կամ` քամին քարից ի՞նչ կտանի


Ինչպես և կարելի էր սպասել, տարեսկզբի տոներից անմիջապես հետո նոր թափ առավ փետրվարի 19-ին կայանալիք Նախագահի ընտրությունների թեման: Հունվարի 7-ին դրա մեկնարկը տվեց «Օրինաց երկիր» կուսակցության կողմից Նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ, Աժ պատգամավոր Հեղինե Բիշարյանը` իր հրավիրած ասուլիսով: Հետագա օրերին նրա օրինակին հետևեցին մյուս թեկնածուներն իրենք կամ նրանց նախընտրական շտաբների ղեկավարները: Հունվարի 8-ին վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի աշխատանքները հասարակական լսարանին ներկայացրեց նրա շտաբի մամուլի պատասխանատու, Ազգային Ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Հունվարի 9-ին ասուլիսներով հանդես եկան Նախագահի թեկնածուներ, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն ու անհատական կարգով առաջադրված Արման Մելիքյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը սատարող «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը, հրապարակային բանավեճ վարեցին հանրահայտ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության գործիչ Արմեն Աշոտյանը: Հունվարի 11-ին ասուլիսներ հրավիրեցին Նախագահի թեկնածուներ, նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարություն յանը, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը: Ասուլիսները` ոչինչ, բայց քարոզարշավի պաշտոնական մեկնարկից դեռ 10-12 օր առաջ Նախագահի թեկնածուներից մեկը` Լևոն Տեր-Պետրոսյանը, իրեն սպասարկող մամուլում հրապարակել է իր նախընտրական ծրագիրը. ուրիշ ի՞նչ է դա, եթե ոչ ապօրինի քարոզարշավ: Նա, ի դեպ, ասուլիսի էր եկել նաև ծափահարելու տենդով բռնկված իր ջերմեռանդ երկրպագուների (ոչ լրագրող) մի խմբի հետ: Ինքնօրինակության նոր դրսևորո՞ւմ... Մյուսներն էլ մի «բարի պտուղ» չեն. մեկը հայտարարում է, թե հանրապետությունով մեկ արդեն բացել է իր նախընտրական շտաբի մի քանի հարյուր մասնաճյուղ, մյուսն ավելի մեծ թիվ է նշում, դրանով իսկ փորձելով հասարակական գիտակցության մեջ ամրագրել սեփական կուսակցության հզորության պատրանքը, երրորդը, հակառակը, տրտնջում է, թե շատ շտաբներ բացելու գումարներ չունի, չորրորդը հայտարարում է, թե հնարավոր է` նույնիսկ քարոզարշավի ժամանակ իրեն տրվող վճարովի եթերից օգտվել չկարողանա, քանի որ դարձյալ գումարներ չունի… Այս տրտնջացողներն էլ հետապնդում են այլ նպատակ` հասարակական գիտակցության մեջ ամրագրել մի առասպել, թե ինքն ու իրեն սատարողները մաքրության ու ազնվության տիպարներ են, փող չունեն: Հնարավոր է, որ իսկապես չունեն. բայց այդ կարգի մարտավարությունը ուղղակի դատապարտված մարտավարություն է, դա բումերանգի պես հարվածում է հենց իրենց: Ինչու՞: Որովհետև եթե Նախագահի թեկնածուն անձամբ ինքը իսկապես փող չունի, սակայն հասարակության մեջ ճանաչում ու հեղինակություն ունի, ապա օրենքով նախատեսված կարգով բացված նրա նախընտրական հաշվին, համակիրների ենթադրյալ «մե¯ծ բանակի» անդամներից ամեն մեկի` նույնիսկ չափազանց փոքր ներդրում ներով պիտի որ այնքան գումար հավաքվի, որպեսզի ապահովի գոնե վճարովի եթերներից օգտվելու հնարավորություն: Հակառակ պարագայում, եթե այդ ենթադրյալ «հարյու¯ր-հազարավոր համակիրներից» յուրաքանչյուրը հանուն նրա չի ուզում գոնե մեկ կամ մի քանի հազար դրամ զոհաբերել, ապա տվյալ թեկնածուն ի՞նչ բարոյական իրավունքով է հավակնում երկրի ղեկավարի աթոռին: Ուրեմն մեզ կարող ենք նաև իրավունք վերապահել` նման աղմկարարությունը որակել ընդամենը ապօրինի և թաքնված քարոզարշավ, ուրիշ ոչինչ: «Ապօրինի», որովհետև քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, «թաքնված կամ քողարկված»` որովհետև բոլոր այդ ասուլիսներում ու բանավեճերում բացահայտորեն քարոզչություն է տարվում հօգուտ այս կամ այն թեկնածուի: Ուռճացվում են մեկի կամ մյուսի մատուցած ու չմատուցած ծառայությունները, թմբկահարվում են ունեցած ու չունեցած բարեմասնությունները, քարեր են նետվում մրցակիցների բոստանները: Չարության, թույնի ու ցեխի շատրվաններ ցայտելու բոլոր հնարավոր ու անհնարին ռեկորդները շարունակում է գերազանցել Նախագահի ներկայիս թեկնածու և Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Զարմացած չեմ. նախկին Նախագահը մի անգամ արդեն իշխանության է հասել նախորդներին վարկաբեկելու, նրանց նկատմամբ ատելություն սերմանելու, տասնամյակների վաստակը սևացնելու և ծանակելու, ժողովրդական զանգվածներին ոտքի հանելու հեղափոխական ճանապարհով: Այնպես որ, մարդը հավատարիմ է մնում ինքն իրեն, իր էությանը, իր գործելաոճին: Այն ժամանակ էլ, հիմա էլ նախկին Նախագահը կարող էր իր դրոշին գրել կոմունիստական «Ինտերնացիոնալի» հանրահայտ տողը` «Այս հին աշխարհը կփորենք մենք մինչև հիմքերը…»: Բայց եթե բոլշևիկներն իրենց երգի մեջ խոստանում էին, թե ամեն ինչ «մինչև հիմքերը փորելուց հետո» կկառուցեն իրենց նոր աշխարհը` «ուր ոչ ստրուկ կա, ոչ դժգոհ», ապա գործելաոճով տիպիկ նեոբոլշևիկ Լևոն տեր-Պետրոսյանն այդպիսի բան խոստանալ ուղղակի չի կարող: Նախորդ, ՀՀՇ-ական «թավշյա» հեղափոխությունից հետո հենց ինքը և իր վարչակազմը ստեղծեցին ամբողջ ժողովրդին ստրկական վիճակի հասցնելու, նրա բազում տասնամյակների վաստակը յուրացնելու, մեկ միլիոնից ավելի մարդու այս հողից ու հայրենիքից արտագաղթի դատապարտելու խայտառակ մի իրականություն, որից գրեթե ամբողջ հասարակությունը, դեռ ընդամենը 10 տարի առաջ, մինչև կոկորդը լիուլի կուշտ էր: Չեմ կարող ասել` ի՞նքն է հիշողության կորստով տառապում, թե՞ ենթադրում է, որ ամբողջ ժողովուրդն արդեն վարակվել է այդ ախտով և մոռացել է, թե ինքն ու իր թիմակիցները ի¯նչ աղետ եղան ժողովրդի բացարձակ մեծամասնության համար: Չեմ ուզում անդրադառնալ այն հարցին, թե ընտրվելու դեպքում նախկին Նախագահը ի՞նչ «լա¯վ բաներ» է խոստանում ժողովրդին: Չեմ ուզում, քանզի բացարձակապես վստահ եմ` Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն կրկին Նախագահ չի ընտրվի, այլև, եթե հարկ լինի անցկացնել ընտրությունների 2-րդ փուլ (ինչին նույնպես խի¯ստ կասկածում եմ), ապա ով-ով, բայց նա նաև 2-րդ փուլի մասնակիցներից մեկը չի լինի: Նրանից հսկայական չափով առաջ կանցնի ոչ միայն գործող Վարչապետը, այլև մյուս գործիչներից առնվազն 3-4-ը: Հարց է առաջանում` հապա ինչի՞ վրա է առաջին Նախագահի հույսը: Ատելության, թույնի, հասարակական այն զանգվածների անհանդուրժողականության վրա, ովքեր պատրաստ են ձայն տալ նույնիսկ սատանային, միայն թե` ոչ այս իշխանությունների ներկայացուցչին: Բայց իմ դիտումներով` ատելությունից այդպես կուրացածների թիվը մեզանում այնքան էլ մեծ չէ և գնալով նվազում է: Ինչու՞: Նախ այն պատճառով, որ այս իշխանությունների հանդեպ նույնիսկ ոխով լցվածները չեն կարող չնկատել, որ վերջին տասը տարում, հակառակ Լևոն Տեր-Պետրոսյանի քանդարար վարչակազմի, այս իշխանությունները երկրում շատ որոշակի աշխատանք են կատարել: Ամենատգետ մարդն էլ չի կարող ինքն իրեն հարց չտալ` եթե նախկին Նախագահն իր նախընտրական ծրագրում խոստանում է թոշակները քառապատկել, համախառն ներքին արդյունքը եռապատկել և այլն, և այլն, ի՞նչ հիմքի վրա է դա իրականացնելու: Բնականաբար, այն հիմքի վրա, որը դրել են… ներկա իշխանություն ները: Եթե ոչնչի վրա հնարավոր լիներ բարեկեցություն կառուցել, հապա ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանը դա չարեց իր իշխանության տարիներին: Չարեց, որովհետև հիմք չկար, նախկին Նախագահը, ինչպես բազմիցս նկատել են շատերը, երկիրը «քանդել էր մինչև հիմքերը»: Հիմա ի՞նչ: Ուզում է գա, որ նորի՞ց քանդի: Բայց Աստված նախկին Նախագահի հետ. չեմ տարակուսում, որ ոչ կգա, ոչ էլ կքանդի: Առիթ է, օգտագործում է, որ տասը տարվա մաղձը թափի: Թող թափի, եթե դա անձամբ իրեն բավականություն է պատճառում: Քամին քարից ի՞նչ կտանի…