Մեզ կայուն ու բարգավաճ Վրաստան է պետք


Վրաստանի վերընտրյալ Նախագահն արդեն վայելում է հաղթողի դափնիները: Սակայն հարկ է նկատել, որ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ այլևայլ աղբյուրների կողմից հնչեցվող գնահատականները իրարամերժ են: Միջազգային դիտորդների մեծ մասի ընդհանուր գնահատականը դրական է. նրանք նշում են, թե «ընտրությունները հիմնականում անցել են Վրաստանի Ընտրական Օրենսգրքին և միջազգային չափանիշներին համապատասխան»: Ավելի ուշ` արդեն հունվարի 10-ին, նկատված զանգվածային խախտումների ու ձայները միտումնավոր սխալ հաշվելու մասին անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար, գերմանացի դիվանագետ Դիթեր Բոդենը` ասելով, թե «Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաոս է տիրում»: Այնուամենայնիվ, թե° Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, թե° ԵԱՀԿ-ն, թե° Եվրամիության դիտորդները վրաց ընտրությունները շարունակում են համարել լեգիտիմ, միաժամանակ Վրաստանի իշխանությունների ուշադրությունը «հաստատակամորեն» հրավիրելով «արձանագրված թերությունները շուտափույթ վերացնելու անհրաժեշտության վրա»: Դրանով իսկ, փաստորեն, նրանք, խոստովանում են, որ Վրաստանն այլևս տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրը չէ, ինչպես ենթադրում էին ոչ այնքան վաղուց: Ավելին, կարելի է նույնիսկ եզրակացնել, որ Վրաստանի արևմտյան բարեկամներն ուղղակի հիասթափված են տեղի ունեցածից, իսկ ամերիկյան ու եվրոպական մի ամբողջ շարք առաջատար մեկնաբաններ ու վերլուծաբաններ հակված են Վրաստանը համարել չկայացած, ավելի ճիշտ կլիներ ասել` ձախողված ժողովրդավարության երկիր: Նույնն է պնդում նաև վրաց ընդդիմությունը, որը շարունակում է պայքարել ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու համար, թեև դա արդեն քիչ հավանական չէ: Ո՞վ է արդար և ո՞վ մեղավոր` դժվարանում է ասել: Վրաստանի ընտրությունները զուգակցվում էին հանրաքվեով` ընտրողները ոչ միայն Նախագահ պիտի ընտրեին, այլև պատասխանեին երկու այլ հարցի` համաձա՞յն են, արդյոք, որպեսզի երկրում, արդեն այս գարնանը, անցկացվեն նաև վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ և ապա` կո՞ղմ են, որ Վրաստանը դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Երկու հարցին էլ, ըստ նույն ԿԸՀ-ի հրապարակած տվյալների` վրաց քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դրական է պատասխանել: Հարց է առաջանում. եթե վրաց ընդդիմությունը վիճարկում է Նախագահի ընտրությունների արդյունքները, հապա ինչու՞ չի վիճարկում…հանրաքվեի արդյունքները: Ստացվում է, որ նույն չակերտյալ «անվստահելի» ԿԸՀ-ն Նախագահի «անվստահելի» ընտրություններ է անցկացրել, սակայն միաժամանակ նաև` միանգամայն վստահելի… հանրաքվե: Այդպես չի լինում: Չէ՞ որ պարզից էլ պարզ է` վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցադրմանը դրական պատասխան տալով` ընտրողներն արտահայտել են իրենց անվստահությունը գործող խորհրդարանի նկատմամբ: Բայց չէ՞ որ ակնհայտ է` ներկա խորհրդարանին առանձնապես վստահելու հիմքեր չունի նաև Նախագահ Սահակաշվիլին: Այլապես, ակնհայտորեն, նրա հավանությամբ հանրաքվեի չէր դրվի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Ի՞նչ է ստացվում: Եթե ժողովուրդը Սահակաշվիլուն իրականում, իբր Նախագահ «չի ընտրել», հապա ինչու՞ է համաձայնել…վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նրա հարցադրմանը: Նույնն է նաև ՆԱՏՕ-ին անդամագրվելու պարագան: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սահակաշվիլին բացահայտ արևմտամետ կողմնորոշման գործիչ է, նա ուղղակի երազում է Վրաստանը դարձնել ՆԱՏՕ-ի անդամ: Այլ հարց է, թե ՆԱՏՕ-ն արդյո՞ք պատրաստվում է Վրաստանին գրկաբաց ընդունել իր կազմի մեջ: Դա դեռ բավական մշուշապատ հեռանկարի խնդիր է, սակայն հարցն այդ հեռանկարը չէ: Հարցն այն է, որ դա անձամբ Նախագահ Սահակաշվիլու նախաձեռնությունն է, և նա քիչ ջանքեր չի թափել հենց այդ հողի վրա վրաց-ռուսական հարաբերությունները փչացնելու համար: Բնական է, որ ՆԱՏՕ-ին անդամագրվելու առթիվ անցկացված հանրաքվեի դրական պատասխանը ամենևին չի նպաստելու վրաց-ռուսական հարաբերությունների ջերմացմանը, եթե հակառակը չլինի: Չէ՞ որ Մոսկվան միշտ խանդով է վերաբերվել` դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ծավալմանը և, անկասկած, ամեն կերպ կփորձի խոչընդոտել նաև Հյուսիսատլանտյան Դաշինքին Վրաստանի անդամակցությանը: Ռուսական լրատվամիջոցները այդ կապակցությամբ նույնիսկ չարախնդում են, թե Սահակաշվիլին «Վաշինգտոնի դրածոն» է, թե նրա կառավարության անդամները կանոնավոր կերպով, ամեն ամիս պատկառելի աշխատավարձեր, իսկ ավելի կոպիտ ասած` ուղղակի կաշառքներ են ստանում Թբիլիսիի ամերիկյան դեսպանատնից: Եթե դա չարամիտ բամբասանք չէ, հապա ինչու՞ է ժողովրդի բացարձակ մեծամասնությունը «կողմ» արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի հնարավոր անդամակցությանը: Ի՞նչ է դուրս գալիս. եթե ժողովրդի մեծամասնությունը Սահակաշվիլուն, իբր, դեմ է, հապա ինչու՞ է ուզում գնալ… նրա մատնանշած ճանապարհով:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱ