Արդի հայ մշակույթի համածիրում


Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ անցյալ տարվա երկրորդ կեսը հագեցված էր ամենատարբեր մշակութային միջոցառումներով: Հատկապես` տարեվերջը: Միջազգային («Արմմոնո», «Հայֆեստ», «Թումանյանական հեքիաթի օր») և հանրապետական («Բաբկեն Ներսիսյան», «Երիտասարդ բեմադրիչ ների») թատերական, երաժշտական («Ազգային պատկերասրահ», «Վերածնունդ», «Վերադարձ») և կինեմատոգրաֆիական («Ոսկե ծիրան», «Ես եմ», Մանկապատանեկան, «Կին») փառատոներ: Գեղանկարչական, լուսանկարչական թեմատիկ և հոբելյանական ցուցահանդեսներ: Մշակութանպաստ հիմնարար հեռանկարի հավակնությամբ ու վստահություն ներշնչող հավատով նախաձեռնված միջպետական համաժողովներ («Գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ», «Թարգմանությունը որպես մշակույթի փոխադարձ ներթափանցման ձգողական դաշտ»): Մարզերում մշակութային թմբիրը հաղթահարելուն միտված մի շարք ծրագրերի իրականացման հետևողական ու համառ փորձեր. ՀՀ, Արցախի, Ջավախքի 32 քաղաքներում կազմակերպվել են ավելի քան 45 թատերական ներկայացումներ, համերգներ, հայկական ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր և մանկական գրքի օրեր: Դատելով արտերկրում մեր տասնյակ ստեղծագործական խմբերի ու անհատների վաստակած բարձր գնահատականներից` արդի հայ մշակույթը ոչ միայն ուշագրավ, այլև մրցունակ է միջազգային ասպարեզում: Հայաստանում հրատարակված գրքերը («Հայ ձեռագրերի պատմություն», «Հայկական մանրանկարչություն», «խպչպվՊօ ԸՐՎպվՌՌ») և ալբոմները («Մինաս Ավետիսյան») ակնառու հաջողությամբ նվաճում են գրքի միջազգային շուկան` ներկայացվելով Մոսկվայում, Մայնի Ֆրանկֆուրտում, Թեհրանում, Մինսկում, Սալոնիկում, Ալեքսանդրիայում ու Սանկտ Պետերբուրգում: Վանդեյի (Ֆրանսիա) քաղաքապետարանի նվիրաբերած շրջիկ գրադարանը` «Բիբլիոբուսը» Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում շրջանառության մեջ է դրել Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուի 2500 միավոր գրականությունը` ձգտելով վերարթնացնել մասսայական ընթերցասիրությունը: Ավարտվել են պատմամշակութային 13 հուշարձաններից 5-ի վերականգնման աշխատանքները: Եվ այլն: Անհամեմատ կանոնավոր և աշխույժ է դարձել մշակութային օջախների առօրյա գործունեությունը: Այդուհանդերձ անցկացվող բազմաթիվ ու այլազան միջոցառում ների գերակշռող մեծամասնությանը անհաղորդ են մնում հասարակության տարբեր շերտերը կազմող մարդկային հոծ զանգվածները (հատկապես մարզերում): Եվ, բնականաբար, չի ձևավորվում ստեղծագործական անհրաժեշտ լիցքեր ճառագող այն միջավայրը, որում միայն կարելի կլինի հասնել համատարած հոգևոր-բարոյական զարթոնքի: Մի կողմ թողնենք սոցիալական ծայրահեղ բևեռացման զորեղ գործոնը: Մանկամտություն է հոգևոր սնունդի ներկայիս պահանջարկի դեգրադացնող ներգործության գերակայության «ակամա» ամրապնդումն ու արմատացումը, անարգել հզորացող մենիշխանությունը սոցիալական կարգավիճակով միայն հիմնավորելն ու արդարացնելը: Շան գլուխը, համոզված եմ, թաղված է պետական մշակութային քաղաքականության «համաշխարհայնացման» անթաքույց կողմնորոշման խորքերում: Քսանմեկերորդ դարասկզբին գլոբալիզացիայի օպտիմալացվող զավակները ջանադրաբար կերակրվում են արևմտյան հիբրիդներով` սերիալներով, «վերվարածներով», «յոթուկեսերով», «երկու աստղերով» և այդ կարգի շատ ու շատ ուրիշ «կերակրատեսակներով»: Այսօր արդեն միանգամայն ընդունելի, զանգվածային մեծ պահանջարկ ձեռք բերած հոգևոր թույնի պարբերական ներարկումների անմիջական հետևանքները ոչ միայն ակնառու, այլև… ապշեցուցիչ են: Բարձր մշակույթի մասին երբեմնի «թյուր» պատկերացումներից կտրականապես հրաժարվում են նույնիսկ հոգևոր-բարոյական անանցողիկ չափորոշիչներով ողջ գիտակցական կյանքում առաջնորդված մտավորականներից շատերը: Դիմազրկման բազմաժանիք հրեշը մեծագույն բավականությամբ սկսում է կլլել իրեն սիրահոժար մատուցվող մարդկային մարմնի ամենադժվարամարս թվացող բաժինը` ուղեղն ու հոգին: Արևմտյան մշակութային պատվաստները զարմանալիորեն կենսունակ դուրս եկան` դուրս մղելով մարդկային ապրելակեր պից, հիշողության ծալքերից անգամ` սերնդե-սերունդ գենետիկորեն փոխանցվող գրեթե ողջ պարունակությունը: Եվ այսօր հրապարակայնորեն հրամցվում և խրախուսվում է գերժամանակակցի համարում ստացած հակամշակութային ժամկետանց արտադրանքը, որը որևէ առնչություն չունի ազնվացնող ու վեհացնող, ազգայինի ինքնատիպությամբ համամարդկայինի արժեք ներկայացնող իսկական արվեստի հետ: Ամենացցուն և արտառոց օրինակը Դավիթ Հովհաննեսի` ՀՀ նախագահի մրցանակին արժանացած «Նոր քրոնիկոն»-ն է: Պետական պատվերով հրատարակված ու ավարտին հասցվող 122 անուն գրքերից ինչու հենց ա՞յն: Սոսկ այն պատճառով, որ սանձարձակ իր «անկոմպլեքսայնությամբ» գերազանցում է նախորդ տարիներին պատվավոր մրցանակներ «նվաճած» գրական «նորօրյա կոթողներին» հայհոյաշաղախ գյուտերի իր շռնդալից անամոթությա՞մբ: Ողբամ զքեզ, հայ գրականություն, վաստակաշատ ներկայացուցիչները արդի գրական ընտանիքիդ փոխանակ կանխելու, չեզոքացնելու գրամոլների նոր սերնդի հակագեղարվեստական նկրտումները` իրենք են մրցության մեջ մտնում արտասովորի որոնումներում շփոթահար, հինը մերժած և նորը, ավելի բարձրն ու կատարյալը հաստատելու անկարող, օտարամոլ սկսնակների հետ… Ներկայիս մշակութային ասպարեզում յուրօրինակ բաբելոնյան խառնաշփոթ է: Ծվծվան երգիչ-երգչուհիների, էժանագին, գռեհիկ հումորի «արքաների», սեռական մտահոգվածությամբ ու հայհոյախոսությամբ անբուժելի հիվանդ, «խոսքաշեն» թուղթ մրոտողների և միջակից ցածր բնատուր այս ու այն «շնորհները» դրսևորելու լայնամասշտաբ եկամտաբեր հնարավորություններ ձեռք բերած «մշակութային» փառատեսք խրտվիլակների ստվարացող մի հաղթարշավ: Եվ հիմնականում այս ապակեփայլ նորահայտ հուշկապարիկների զրնգուն երթի թելադրանքով է ձևավորվում ու հստակվում մեր մշակութային տարածքը` ստեղծելով ըստ էության հակաարարչական մի մթնոլորտ, որում գնալով ավելի ու ավելի ամրացող փշալարերով են կապանքվում հայրենիքը դեռևս չլքած հատուկենտ ճշմարիտ արվեստագետների ստեղծագործական միտքն ու երևակայության թռիչքը: Անմնացորդ խենթ նվիրումով, անդուլ տքնանքով հնարամտորեն կոնկրետ արտահայտություն ստացած գործերն էլ հանիրավի թերագնահատվում են, հնարավորինս արժեզրկվում` խաթարելով նոր բարձրարվեստ ստեղծագործութ յուններ կերտելու ներշնչանքն ու մտածողությունը: Դավանափոխ միջակությունը վհատ փորձեր է անում գերազանցելու ասպարեզում գերիշխող «ռահվիրաների» սնամեջ «գեղարվեստական» արտադրության հռչակված, ինքնամեծար նմուշները` նրանց նման շահույթ դիզելու բուռն մղումով: Չնայած ծավալվող օրենսդրական ակտիվ գործունեությանը, «վերևներում» այդպես էլ լրջորեն չեն մտահոգվում ներկայիս մշակութային դաշտը անապատացնող թափոններից ազատագրելու մասին: Մինչդեռ սա° պետք է լիներ պետական մշակութային քաղաքականության գլխավոր շարժիչ ուժը: Առայժմ հնամենի հայ մշակույթի գանձարանը ոչ թե հարստացվում, համալրվում է նոր մնայուն արժեքներով, այլ պարզապես հարստահարվում, փոշիացվում է անխնա: Այդպես էլ չի հայտնվում այն զորեղ ուժը, որի միջոցով միայն իսկապես տաղանդավոր արվեստագետները կհաղթահարեն աստղամուժի` ամլացման դատապարտող ճնշումն ու հայ մշակույթի հարատևությանը արժանապատիվ ընթացք կապահովեն ակնածանք ու ազգային հպարտություն ներշնչող բարձրարվեստ արարչագործության ուրույն արգասիքներով:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ