Նախընտրական Ռուսաստան


Արձակուրդի օրերին, պարզվում է, ՌԴ վարչապետի միտքը չի հանգստացել: Իր իսկ խոստովանությամբ` նա ուսումնասիրել է նախարարների ծրագրերը և անցյալ հինգշաբթի կայացած կառավարության 2008-ի անդրանիկ նիստում հայտարարել է. - Սրանք հիմնականում դեկլարատիվ կոչեր են` ուժեղացնել, կրճատել, ընդարձակել և այլն,- քննադատել է նա և պահանջել` նորմալ ծրագրել սովորել ու «ջրի» փոխարեն հստակ միջոցներ նախանշել: Այս կերպ Վիկտոր Զուբկովը շարունակում է պաշտոնական կարգապահության ամրապնդման իր ձեռնարկումը: Նախարարների «ուղեղների կառավարումը» անհրաժեշտ է` բարձր նպատակների համար: Նրա կարծիքով` այս կերպ է հնարավոր բարձրացնել քաղաքացիների կենսամակարդակը և հավասարակշռել տարածաշրջանների զարգացումը: Նիստի մասնակիցներին, թերևս, զարմացրել է Զուբկովի ինքնահակասումը: Սկզբում նա նշել է, որ «անցած տարին բավական արդյունավետ էր, իսկ վերջում ամփոփել է. «Շատ ծրագրեր չեն իրագործվել»: Թերացումների շարքում, իհարկե, թղթադրամի արժեզրկումն է: Տպավորիչ են նախարարների կաբինետին Զուբկովի առաջադրած կողմնորոշիչները. ՀՆԱ-ի աճ` ոչ պակաս, քան 6,7 %, արդյունաբերական արտադրանքի ծավալների մեծացում` առնվազն 5,7 %-ով, հիմնական կապիտալում ներդրումների ավելացում` 14 %: Վարչապետն զգուշորեն չի խոսել արժեզրկման մասին: Չէ՞ որ գարնանը երկիրը նոր կառավարություն կունենա, բնականաբար` նոր կողմնորոշիչներով: