Նորությունը համայն հայության սրտովն է


Թուրքիայի հարցում պաշտոնական Երևանի քաղաքականության մեջ նոր` յուրաքանչյուր հայի ազգային արժանապատվությունը շոյող շեշտադրումներ է նկատվում: Վերջերս Ֆրանսիայի հայաշատ քաղաքներից մեկում` Մարսելում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, ասել է` «Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն»: Նա խոսել է 1915թ. Թուրքիայում Հայոց Ցեղասպանության մասին. «Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ եղեռնը և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն»: Նա հիշել է Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտին, որը ծնկի է իջել Վարշավայի գետտոյում` ապաշխարելով երկրորդ աշխարհամարտում իր երկրի գործած հանցանքի համար: Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ կգա մի օր, երբ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչը կայցելի Երևանի Ծիծեռնակաբերդում գտնվող` Հայոց Ցեղասպանության հուշակոթող և ծաղիկներ դնելով` կապաշխարի հայերի դեմ Թուրքիայի գործած հանցանքի համար: Նախագահը հատկապես ընդգծել է, խոսքն արդարության մասին է, և իր ասածը չի կարելի որպես վրեժխնդրության կոչ ընկալել: Թվում է` նոր, առավել ևս անսպասելի, արտառոց ոչինչ չի ասել Հայաստանի նախագահը: Պարզապես, խոսելով հայկական պահանջատիրության մասին, այս անգամ նա ոչ թե կարևորել է Հայոց Ցեղասպանության փաստը Թուրքիայի կողմից ճանաչելը, այլ ընդգծել է հայերի` արդարության պահանջը: Այսպիսով, ըստ էության, նախագահը հայկական պահանջատիրության հարցում նոր ռազմավարության սկիզբն է դնում: Խնդիրն այն է, որ «արդարություն» բառն ինքնին ընդգրկուն իմաստ ու նշանակություն ունի: Տվյալ` Հայոց Ցեղասպանության պարագայում հայության` արդարության պահանջը ներառում է գործած հանցանքի համար Թուրքիայից հատուցում` և´ գումարային, և´ գույքային, ինչպես նաև ժամանակին հայերից զավթված տարածքների վերադարձի տեսքով: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը Ցեղասպանությունից մազապուրծ հայությանը ապաստան տրամադրած, Ցեղասպանության փաստը պաշտոնապես ընդունած երկրից հնչեցնում է Հայաստանի անմիջական հարևան Թուրքիայից հայության հատուցման, այդ թվում նաև տարածքային պահանջ: Սա իրոք շատ լուրջ նորամուծություն է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Ամիսներ առաջ կայացած զրույցում ՀՀ ԳԱԱ` պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասում էր` թուրքերը սարսափով են մտածում այն օրվա մասին, երբ հայերը կառաջադրեն Ցեղասպանության դիմաց հատուցման հարցը: Այսօր ոչ այլ ոք, քան Հայաստանի նախագահն է բարձրաձայնում այդ մասին, ինչը ժամանակին հայ-թուրքական հայտնի արձանագրությունների դեմ ընդվզող հայության հոգիներում ազգային արժանապատվության զգացում է արթնացնում, իսկ Թուրքիայում` հիսթերիկ իրարանցում: Որ Անկարայում Հայաստանի նախագահի մարսելյան հայտարարություններն իրոք խուճապ են առաջացրել` ակնհայտ է դառնում այդ հայտարարություններին հենց Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Բաղըշի նույնքան խուճապահար արձագանքից. «Ոչ ոք չի կարող ծնկի բերել Թուրքիային»: Թուրքերի հիսթերիայի մեջ ընկնելը մարդկայնորեն կարելի է հասկանալ. Սերժ Սարգսյանի այս բարձրաձայնումին գրեթե անմիջապես հաջորդեց դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում թիվ 306 բանաձևի ընդունումը: Բանաձևը Թուրքիային կոչ է անում հարգել քրիստոնյաների` իրենց կրոնը դավանելու իրավունքը, հունական, հայկական, ասորական համայնքներին վերադարձնել նրանցից բռնագրաված եկեղեցիներն ու դրանց շարժական ու անշարժ գույքը, ինչպես նաև քրիստոնյաներին թույլատրել վերանորոգել իրենց սրբատեղիները: Այսինքն, Անկարայի հզոր դաշնակիցը, փաստորեն, ասում է, որ Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցիները բռնագրավել են այնտեղ ապրող հայերից և դրանք պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին: Միացյալ Նահանգների Կոնգրեսը փաստորեն խոսում է այն մասին, ինչը Մարսելում բարձրաձայնել էր Հայաստանի նախագահը: Ընդորում, իրենց օրինական տերերին եկեղեցիների վերադարձման հորդորը վերաբերում է նաև ժամանակին մզկիթի վերածված` Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարին, նաև` պատմական Հայաստանի մայրաքաղաքում, ընդհանրապես Թուրքիայում գտնվող կանգուն ու կիսավեր հազարավոր եկեղեցիներին: Ընդհանրապես Թուրքիայի վիճակը տարածաշրջանում, մեղմ ասած, նախանձելի չէ: Նրա երբեմնի հուսալի դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունները նոր չէ, որ սառել են, Սիրիան Անկարայի դեմ գրեթե պատերազմական պատրաստության մեջ է, իսկ Իրանը բացահայտ սպառնացել է հարկ եղած դեպքում հրթիռակոծել: Եվ այս ամենին ավելանում է նաև հայության հատուցման պահանջը` է´լ ավելի սրելով առանց այդ էլ Թուրքիայի համար օրավուր ավելի վտանգավոր դարձող խառնաշփոթը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ