ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ...…ՀԱՅԱՍՏԱՆԸ


Ռուսաստանի պետական դուման նոր գումարում ձևավորեց, ընտրվեցին նոր խմբակցություններ` հաստատելով, որ վերջին տարիներին ռուսական քաղաքական խճապատկերը չի փոխվում, գրեթե միշտ միևնույն կուսակցություններն են ձևավորում ստորին պալատը: Այս ընտրություններն, իհարկե, ինչ-որ չափով տարբերվեցին նախորդներից, որովհետև նախագահ Մեդվեդևին և վարչապետ Պուտինին ներկայացնող «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը կորցրեց մոտ վաթսուն տեղ խորհրդարանում: Ընտրությունների բացառիկությունն էլ այն է, որ առաջին անգամ կոալիցիա է ձևավորվելու ազատական ուժերի և կոմունիստների մասնակցությամբ, ինչը քաղաքական նոնսենս է: Ռուսաստանյան ընտրությունները, բնականաբար, չեն կարող լուրջ ազդեցություններ ունենալ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների վրա, որովհետև, ըստ էության, իշխանությունը մնում է նույնը. նույնն են այն ուժերը, որոնց հետ մշտապես համագործակցել է Հայաստանը: Անգամ կոմկուսի ունեցած ազդեցությունները չեն կարող շրջադարձեր գրանցել մեր հարաբերություններում, քանի որ որոշողներ են մնում Մեդվեդևն ու Պուտինը: Պուտինի ստեղծած կառույցը, որի նպատակն է հետխորհրդային պետությունների միավորումը եվրասիական միության մեջ, հենց նույն ԽՍՀՄ մանրակերտն է: Սակայն մի կարևոր հանգամանք դառնում է քննարկման առարկա: Թե´ «Եդինայա Ռոսիան», թե´ կոմկուսը, թե´ «Սպրավեդլիվայա Ռոսիան» Թուրքիայի և Ադրբեջանի հետ սերտ բարեկամության հաստատման կողմնակիցներ են, մինչդեռ Ժիրինովսկու կուսակցությունն ունի հակադարձ կողմնորոշում և դիրքորոշում: Մանավանդ վերջին շրջանում հենց այս ուժերը մեծացրել են շփումները հիշյալ պետությունների հետ. «Եդինայա Ռոսիան» ջանքեր չի խնայում` պաշտոնական Բաքվին սիրաշահելու համար: Ահա սա էլ դառնում է մտահոգող և վտանգավոր: Խնդիրը միայն Ղարաբաղի հարցը չէ: Արդեն որևէ մեկին գաղտնիք չէ, որ անգամ հայության համար նվիրական այս հարցը դարձել է մեծ տերությունների յուրատեսակ պատանդը. ԱՄՆ-ը բնավ էլ շահագրգռված չէ Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, քանի որ «թեժ կետերն» ու չլուծված հակամարտությունները նպաստում են, որպեսզի տարածաշր ջանում մեծանա ԱՄՆ-ի դերը, նրա ներկայությունը դառնա գերակայող: Խնդիրն այն է, որ սերտ համագործակցություն հաստատելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նոր դուման կարող է «կանաչ լույս» վառել այնպիսի համաձայնագրերի առջև, որոնք միտված լինելով Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան տնտեսական կապերի ամրապնդմանը` կվնասեն Հայաստանին: Հազիվ թե իշխանական կուսակցություններն ու կոմկուսը դեմ լինեն կառավարության ցանկություններին ու կամքին: Պատահական չէ վերջերս կրեմլյան ծերացած «աղվեսի»` Էդուարդ Շևարդնաձեի արած այն հայտարարությունը, թե հայերը կարող են ամբողջապես փոխել Աբխազիայի ժողովրդագրական նկարագիրը: Այս հայտարարությունն արված էր ոչ թե Վրաստանի, այլ` Ռուսաստանի համար: Վրաստանում շատ լավ են գիտակցում, որ Աբխազիայում ունենալով հայկական մեծամասնություն` իրենք ավելի ապահով կլինեն, քանի որ աբխազահայությունը սերտ կապեր ունի Վրաստանի հետ: Այդ հայտարարությամբ Շևարդնաձեն հասկացնում էր Ռուսաստանին, որ հայերը կարող են այս հանրապետությունում ամբողջապես անցնել վրացիների կողմը` խանգարելով ռուսաստանյան ծրագրերի իրականացմանը: Ուրեմն, հարկավոր է Աբխազիայում ձեռնարկել ինչ-որ քայլեր… Ցանկացած քայլ ձեռնտու կլինի Թուրքիայի և Ադրբեջանի համար. սրանք կարող են Սև ծովի այս հատվածում ևս իրականացնել որոշ ծրագրեր, որոնք կարժանանան Ռուսաստանի հավանությանը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ