Հարուստ ավանդույթներին հավատարիմ


Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը երկարամյա կենսագրություն ունի: Քանի-քանի սերունդներ է ընդունել ու ճանապարհել դեպի կյանք: Հարուստ ավանդույթներին հավատարիմ` կրթօջախն այսօր էլ շարունակում է պատվով կատարել մատաղ սերնդի կրթության, պետության օրինավոր քաղաքացի և մարդ դաստիարակելու բարձր առաքելությունը: 1997-ից դպրոցի տնօրենը բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր ՍԱՐՅԱՆՆ է: Շուրջ մեկուկես տասնամյակ է անցել, այս ընթացքում հաջողություններն ու ձեռքբերումներն այնքան շատ ու ակնառու են, որ անհնար է ամբողջացնել, ամփոփել մեկ տեղում: Իսկ դրանց անխոս վկաները դպրոցի տարեգրության մասը դարձած խնամքով պահվող բազմաթիվ պատվոգրերն են, որոնց մասին տնօրենը համեստությամբ, միևնույն ժամանակ անթաքույց հպարտությամբ է խոսում: Անշուշտ, այստեղ խստապահանջությունը, անդուլ ջանքերն ու սրտացավությունն են աշխատանքի հիմնական սկզբունքները: Միշտ նախաձեռնող, գտնող, պրպտուն, դեպի հաղթանակն ու նվաճումները ձգտող և այդ ձգտումը սերմանող, յուրաքանչյուր աշակերտի ամենափոքր հաջողությամբ անգամ ոգևորվող ու ոգևորող… Ահա տնօրենի նկարագիրը, որ ուսանելի է և մանկավարժների համար: Իր նախանձախնդրությամբ նա «վարակում» է նաև սաներին: Այնքան գորովով ու ջերմությամբ է Ա. Սարյանը պատմում իր ղեկավարած կրթօջախի մասին, որ ակամա ինքդ էլ քեզ նրա սանն ես զգում, հանձին նրա` տեսնում քո սիրելի բոլոր մանկավարժներին… Եվ նրանից փոխանցվող ջերմությունը մղում է «թերթել» դպրոցի կենսագրությունը: Արդեն պատկառելի տարիք ունի դպրոցը և հարուստ պատմություն: Տարիներ շարունակ որպես հիմնադրման տարեթիվ ընդունված է եղել 1941-ը: Սակայն փաստերն այլ բան են հուշում: Իրականում` այս կրթօջախը հիմնադրվել է անցյալ դարի 30-ականների վերջերին: Դպրոցի տնօրենի` Ասատուր Սարյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցութ յամբ տարեթիվը հստակեցնելուն ուղղված որոնումները շարունակվում են: - Նախկին 2 տնօրենների կողմից ներկայացված պատմությունները համեմատելու արդյունքում խնդրի վերանայման անհրաժեշտություն է առաջացել: Մինչ օրս դեռ գտնված չէ դպրոցի հիմնադրման փաստաթուղթը, սակայն ՀՀ Ազգային արխիվում պահպանված` դպրոցների տարեսկզբի և տարեվերջյան ցուցակները հաստատում են, որ 1939-ին այն արդեն գոյություն է ունեցել` որպես տարրական դպրոց: Երկար տարիներ հիմք ընդունելով 1941-ը` դպրոցի 60-ամյակ ենք տոնել: Պատրաստվում էինք այս տարի նշել կրթօջախի հիմնադրման 70-ամյակը, սակայն թյուրիմացությունից խուսափելու համար նպատակահարմար չենք համարում,- պատմում է Ասատուր Սարյանը: 1952-ին դպրոցն անվանվել է Նիկոլայ Գոգոլի անունով` մեծանուն ռուս դասականի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ներկայիս շենքը կառուցվել է Երևանի 2750-ամյակի տոնակատարության շրջանակներում, իսկ մինչ այդ գործել է մայրաքաղաքի թիվ 16 դպրոցի շենքում: Մինչ օրս, սակայն, անհայտ է նաև այն փաստը, թե որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է գործել կրթօջախը` պատերազմի ընթացքում: Այսօր էլ այն պահպանում է նախկինում ունեցած մեծ համբավը` գիտելիքների, կրթության որակի, կարգապահության և առհասարակ բոլոր առումներով: Ասվածի պերճախոս վկաները դպրոցի կենսագրության յուրաքանչյուր էջը կազմող և օրեցօր ավելի հարստացնող ձեռքբերումներն են: Յուրաքանչյուր տարի առարկայական օլիմպիադաների թե´ համայնքային, թե´ քաղաքային ու հանրապետական փուլերում մեծ հաջողություններ են արձանագրում աշակերտները: Որպես օրինաչափություն` յուրաքանչյուր ուստարվա ընթացքում շուրջ 30 աշակերտ հաղթահարում է համայնքային փուլի դժվարությունները. նրանցից ոմանք հաջողություն ներ են արձանագրում նաև հանրապետական փուլում: Բազմաթիվ են տարաբնույթ միջոցառումներում, մրցույթներում ձեռք բերած նվաճումները ևս: 2 տարի անընդմեջ թիվ 35-ը ճանաչվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի կողմից կազմակերպվող ինտելեկտուալ խաղ-մրցույթի հաղթող: Իսկ փոխանցիկ մրցանակը` փայտե բուն, արդեն մշտական «բնակություն է հաստատել» դպրոցի հարկի տակ: Աշակերտներն իրենց գիտելիքներով փայլեցին «Հայ ասպետ» խաղում` մայրաքաղաքի դպրոցների մեջ ճանաչվելով լավագույնը, իսկ հանրապետության մասշտաբով` զբաղեցնելով 2-րդ պատվավոր տեղը: Հատկանշական է, որ ուսուցչական կոլեկտիվը եվրոպական առաջատար կրթօջախների օրինակով` զուգահեռ զբաղվում է նաև գիտական գործունեությամբ: Իսկ վերջին շրջանում ռուսաց լեզվի մասնագետների ուժերով հանրակրթական դպրոցի բոլոր դասարանների համար նախատեսված թեստերի ժողովածու է կազմվել, որն արդեն փորձնականորեն կիրառվում է մի շարք դպրոցներում: Անհնար է հիշատակել Ն. Գոգոլի անվան դպրոցի մասին և չանդրադառնալ թարգմանչական այն մեծ աշխատանքներին, որ ծավալվել է այստեղ ուսուցիչների և աշակերտների ջանքերով: Դեռ 2008-ին` մեծն Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, տնօրենի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ թարգմանվեց ու հրատարակվեց գրողի «Մարդկության տունը» ժողովածուն: Այստեղ տեղ գտած բազմաթիվ ստեղծագործություններ թարգմանվեցին առաջին անգամ` հայ ընթերցողի համար բացահայտելով սարոյանա կան աշխարհի նորանոր գաղտնիքները: Ժողովածուում ընդգրկվեցին հիմնականում գրողի պատանեկությանը նվիրված պատմվածքները: իսկ 2009-ին կրթօջախը ձեռնամուխ եղավ Վ. Սարոյանի նոր` «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» ժողովածուի թարգմանության ու հրատարակման գործին: Աշխատանքներն արժանացան ջերմ ընդունելության` դառնալով հայ ընթերցողի համար մինչ այդ անհասանելի, այժմ արդեն անգնահատելի սեփականությունը: Աշակերտների գիտելիքների, ուշիմության, շրջահայացության ապացույցը նաև շախմատի առաջնություններում ունեցած հաջողություններն են: Վերջին տարիների ընթացքում շախմատի թիմը Էրեբունի համայնքի 24 դպրոցների միջև անցկացվող առաջնություններում ճանաչվել է լավագույնը: Միայն նախորդ տարի դիրքերը զիջեցին, ինչը, հավանաբար պայմանավորված էր թիմի կազմի փոփոխություններով: Ուսուցչական կոլեկտիվը հաճախ է դառնում գեղեցիկ միջոցառումների նախաձեռնող` հաճելի և անմոռանալի պահեր պարգևելով ներկաներին ու է´լ ավելի հարստացնելով դպրոցի երկարամյա տարեգրությունը: Դեռ երկար կհիշվեն Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումները: Այստեղ լավագույնս գիտակցում և կարևորում են մատաղ սերնդին հայրենասիրական գաղափարներով կրթելու, վաղվա հայրենյաց պաշտպան դաստիարակելու անհրաժեշ տությունը: Ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքերը ևս ամուր ու անսասան են այս դպրոցում: Ռազմագիտության դասարանը վերջին տարիներին ճանաչվել է լավագույնը: Այստեղ գործում է բոլոր չափանիշներին համապատասխանող հրաձգարան, որից օգտվելու հնարավորություն ունեն ոչ միայն թիվ 35-ի աշակերտները: Հայոց բանակի կազմավորման 19-ամյակի կապակցությամբ կազմակերպվել և հաջողությամբ անցկացվել է հրաձգության մրցաշար` Էրեբունի և Նուբարաշեն համայնքների մասշտաբով: Իսկ նոյեմբերին անցկացված զորակոչային և նախազորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլի մրցույթում Էրեբունի համայնքում կրթօջախը ճանաչվել է լավագույնը: Հետաքրքրիր նախաձեռնությունների պակաս այստեղ երբեք չի զգացվում: Այժմ էլ տնօրինությունը պատրաստում է հրատարակել մի ժողովածու, որտեղ կընդգրկվեն դպրոցի մասին բոլոր ժամանակներում մամուլի էջէրում տեղ գտած և լրատվամիջոցներով հնչած հրապարակումներն ու հաղորդումները` ներառյալ նաև տնօրենների, ուսուցիչների հարցազրույցները, գիտական աշխատանքներն ու աշակերտների ստեղծագործությունները: Ամենամեծ վաղեմություն ունեցող հոդվածը հայտնաբերվել է «Սովետական դպրոց» պարբերաթեր թի 1941-ի համարներից մեկում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ