Եվս մեկ կոշկագրոհ


Երկու օր առաջ, Իրանի հյուսիսային Սարի քաղաքում ելույթ ունենալու պահին, Մահմուդ Ահմադինեժադի վրա կոշիկ են նետել: Չինական Սինխուա գործակալությունը, հղում կատարելով իրանական մամուլին` նշել է, որ նախագահի ուղղությամբ կոշիկ նետողը Իսլամական Հանրապետության գործազուրկ մի քաղաքացի է: Պետության ղեկավարի այդ ելույթը 17.000 տուն շահագործման հանձնելու առիթով էր: Իսկ տները կառուցվել են սոցիալական կացարանների կառավարական ծրագրի շրջանակներում: Ահմադինեժադի խոսքին ուշադրությամբ հետևող հարյուրավոր ունկնդիրների մեջ է եղել նաև չարամիտը: Ականատեսների վկայությամբ` միջին տարիքի այդ տղամարդն անսպասելիորեն նետվել է առաջ և իր կոշիկը նետել բեմահարթակ: Բարեբախտաբար նա բավականաչափ դիպուկ չի եղել, և «արկը» թռել է նախագահի կողքով: Կոշկանետը հընթացս կոչեր է հնչեցրել պետության ֆինանսական քաղաքականության և գործազրկության դեմ` աշխատատեղերի բացակայության համար մեղադրելով նախագահին: Անհապաղ դեպքի վայր հասած ոստիկանները արկածախնդիր դժգոհողին մեծագույն դժվարությամբ են ազատել զայրացած ամբոխի ձեռքից: Պարզվել է` չարացած գործազուրկն առաջին անգամ չէ, որ փորձում է տարբեր առարկաներով իշխանության ներկայացուցիչներին հարվածել: Մի քանի տարի առաջ նա լոլիկ էր նետել ԻԻՀ նախկին նախագահ Մոհամեդ Խաթամիի վրա` Սիրի կատարած նրա այցի ժամանակ: