Գիտեմ` լավ կծառայեմ ու կվերադառնամ


Շարունակվում է աշնանային զորակոչը: Ասել է թե` Հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում աշխատանքային առօրյան դարձյալ ծանրաբեռնված է և հագեցած: Իսկ ամենայն պատասխանատվությամբ իրականացվող աշխատանքները միտված են զորակոչի սահուն ընթացքն ապահովելուն, սխալներից և թյուրիմացություններից հնարավորինս զերծ մնալուն: Գործընթացը վերահսկվում է ամենայն հետևողականությամբ: Իսկ դրա` հնարավորինս արդար և օրինական հիմունքներով անցկացնելու խնդիրն առաջին հերթին նախարար Սեյրան Օհանյանի հոգածության առարկան է: Ասվածի վկայությունը, ի թիվս բազմաթիվ այլ ձեռնարկների, նախարարի` օրերս կատարած այցելությունն է հանրապետական հավաքակայան: Զորակոչի ընթացքին ծանոթանալու նպատակով այցելեցինք մի քանի զինկոմիսարիատներ: Ինչպես տեղեկացանք` զորակոչն ընթանում է առանց որևէ խոչընդոտի` իր բնականոն հունով: Զինակոչիկների բարոյահոգեբանական վիճակը կայուն է, հիմնականում պատրաստ են ծառայությանը, առկա է դրական տրամադրվածություն: Նախորդ զորակոչերի արդյունք ները համադրելով` կարելի է նաև փաստել, որ ծառայությունից խուսափելու դեպքերի նվազման միտում է նկատվում: Զինակոչիկների տրամադրվածության մասին փորձեցինք պատկերացում կազմել նաև նրանց հետ զրուցելով: Թեև մեծ դժվարությամբ, բայց նրանցից ոմանք համաձայնեցին խոսել: Արթուր ԲԱՐԽՈՅԱՆ - Շատ լավ եմ տրամադրված ծառայությանը: Գուցե մի փոքր զարմանալի թվա, բայց, իսկապես, ծառայելու ցանկությունս մեծ է: Կգնամ, պարտքս կկատարեմ ու կվերադառնամ: Դժվարություններից չեմ վախենում և փորձում եմ չմտածել բացասական երևույթներիմ մասին: Գիտեմ, որ լավ կծառայեմ ու կվերադառնամ: Գոռ ՍԻՄՈՆՅԱՆ - Գնում եմ` ծառայելու հայրենիքիս: Դժվարություններից չեմ վախենում: Ամենակարևորը` գիտեմ, որ ինձ սպասող կա: Դրական եմ տրամադրված ծառայության նկատմամբ: Կգնամ, տղամարդ կդառնամ: Թող բոլորն անփորձանք ծառայեն ու վերադառնան: Արման ԲԱՆՆԱՀՅԱՆ - Ես նույնպես դրական եմ տրամադրված և գտնում եմ, որ բոլորը պետք է ծառայեն: Դա յուրաքանչյուրիս պարտքն է: Ծառայությունն օգնում է ինքնահաստատվել, հասկանալ մեր տեղն ու դերն այս կյանքում, սովորել ճիշտ ապրել: Փորձեցինք իմանալ, թե որդիներին ճանապարհող ծնողներն ի՞նչ խորհուրդ են տվել նրանց` ծառայության մեկնելուց առաջ: Ի վերջո` հենց ծնողի տված դասերն ու խորհուրդներն են որոշիչ դեր ունենում ինչպես տրամադրվածության, այնպես էլ դրա` զինծառայության ընթացքում: Որդիներից հազիվ բաժանվող ծնողների համար թեև չափազանց դժվար է, սակայն, հուզմունքը մի կերպ թաքցնելով, իրենց սրտի խոսքն ու բարեմաղթանքները հղեցին զավակներին և բոլոր հայ զինվորներին: Եվ ո՞ւմ, եթե ոչ ծնողի խոսքերն են ամենաջերմն ու սրտաբուխը: Ներկայանալ չցանկացող տղամարդ. - Աշխարհին` խաղաղություն, տղայիս և բոլոր զինվորներին` բարի ծառայություն: Անփորձանք ծառայեն և վերադառնան` միշտ հիշելով, որ իրենց սպասում ենք: Տղայիս խորհուրդ եմ տվել, որ խելամիտ լինի և գիտակցաբար վերաբերվի ծառայությանը: Կարինե ՆԱՀԱՊԵՏՅԱՆ - Բարի ծառայություն բոլորին: Աստված տա` խաղաղություն լինի, բոլորիս զավակներն անփորձանք ծառայեն և վերադառնան: Խորհուրդս այն է եղել, որ կարգապահ զինվոր դառնա: Վալերիկ ԲԱՆՆԱՀՅԱՆ - Անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլոր զինվորներին: Բարով գնան, բարով վերադառնան: Հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտքն է, պետք է պատվով կատարեն, լավ զինվոր դառնան: Թող խաղաղություն լինի, սահմանները հանգիստ լինեն: Իսկ մեր զավակները տղամարդուն վայել ծառայեն և վերադառնան:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ