ՉԿԱՅԱՑԱԾ ՊԱՅԹՅՈՒՆ


Տևական ժամանակ մոռացված մի խնդիր այս շաբաթասկզբին անսպասելիորեն արդիականացավ£ Մինչ մեր հայրենակիցները նախորդ ամսվա ընթացքում սպառած գազի դիմաց վճարելու խնդրի շուրջ էին մտմտում, պարզ դարձավ, որ դեռևս չեն անցել այն ժամանակները, երբ հանրապետությունն ընդհանրապես ու անորոշ ժամանակով կարող է գազազրկվել£ Վրաստանի տարածքում մեզ հասցեագրված անակնկալը` Հայաստան եկող գազատարի շուրջ մեծ հզորության ռումբի հայտնաբերումը, քիչ էր մնում երկիրը նորից անիծյալ 90¬ականների գիրկը նետեր£ Ընդ որում, գործն այնպես էր կազմակերպվել, որ ամեն ինչ միայն ռումբի պայթյունով չավարտվեր£ Ըստ չարագործների նախնական ծրագրի` հարևանությամբ տեղակայված ականները պայթյունների շղթա պետք է առաջացնեին` վնասն ավելի մեծացնելու և գազատարի վերականգնման ժամկետները երկարաձգելու նպատակով£ Ժամանակն էլ պատահաբար չէր ընտրված… Բոլորին է հայտնի, որ ոչ միայն մեր հանրապետությունում տարվա այս շրջանում էներգետիկ ռեսուրսների սպառումը բազմապատկվում է£ Հետևաբար պահեստավորված երկնագույն վառելիքը մեզ առավելագույնը մի քանի օր կարող է հերիքել£ Այն, որ տեղի ունեցածի պատճառով Հայաստանի հետ մեկտեղ գազազրկվեցին նաև Ինգուշեթիան և Հյուսիսային Օսիան, իհարկե, մեզ քիչ է մխիթարում£ Ավելի խոսուն է թերևս այն փաստը, որ Ադրբեջանից ստացվող գազի հաշվին հարևան Վրաստանը սեփական խնդիրը լուծեց` լիովին շրջանցելով իր երկրի տարածքում տհաճ միջադեպի հնարավոր հետևանքները£ Իսկ թե ինչպես պատահեց, որ նույնիսկ այս «շրջանակներում» հայ¬իրանական գազատարի թեման այդպես էլ շրջանցվեց, և արդյո՞ք այդ խողովակաշարով ներկայում Հայաստանին գազ մատակարարվում է` անգամ խնդրի թեժացման պարագայում ուշադրության չարժանացավ£ Այդուհանդերձ, եթե ավելի ուշ շահագործված այլընտրանքն այս օրերին լիարժեքորեն գործեր, ոչ միայն խուճապն անհամեմատ պակաս կլիներ, այլ գործնականում կխուսափեինք գազազրկման վտանգից… Դե, իհարկե, մեր երկրի դեմ պատուհասներ որոճացողներն էլ «նեղություն» չէին կրի գազատար պայթեցնել£ Իհարկե, դժվար է պատկերացնել, թե հիմնական համարվող գազատարի ողջ երկայքով հնարավոր կլինի՞ պահակակետեր տեղադրել և շուրջօրյա հսկողություն իրականացնել£ Բայց ուզած գնով մեր հանրապետությանը վառելիք վաճառող «Գազպրոմը» գոնե հետայսու պետք է անխափան մատակարարման որոշակի երաշխիքներ ներկայացնի£ Այլապես գործընկերությունը (հատկապես տեղի ունեցածից հետո) միայն վարձավճարների շարունակակական բարձրացմամբ այլևս դժվար է պատկերացնել£ Ի վերջո, հայաստանաբնակ գազասպառողը իր վճարած անչափ թանկ գնի դիմաց անխափան մատակարարման երաշխիքներ նույնպես պետք է ունենա£ Մինչդեռ վաղը կամ ինչ¬որ ժամանակ անց դարձյալ կարող է այնպես ստացվել, որ նույն ռումբն այլևս հնարավոր չլինի վնասազերծել£ Արդյունքում, եթե մեր Հայաստանն անգամ մեկ օրով և այն էլ տարվա այս հատվածում զրկվի երկնագույն վառելիքից, ապա հետևանքները պատկերացնելու կամ նկարագրելու անհրաժեշտություն գոնե մենք չունենք£ Անփառունակ մեր դրկիցներն էլ դա լավ պատկերացնում են£ Իսկ այս դեպքում ռումբի վնասազերծումը մասնակիորեն է խնդիրը լուծում, և բոլորովին նշանակություն չունի, որ նախկին ծավալով վերականգնվում է մեր հանրապետության գազամատակարարումը£ Նոր փորձությունն էլ իր հերթին հաստատեց, որ նման անակնկալներ այսուհետ ևս հաճախ կարող են մեզ մատուցվել£ Եվ այս ամենից խուսափելու պատասխանատվությունը, գոնե տեղի ունեցածից հետո, պետք է ստանձնի ոչ այլ ոք, քան «ապրանքի» մատակարարը` «ՀայՌուսգազարդը»£