Ձայնիկդ ի հոգիս


Վերջալույս է: Արևը հանգչում է հորիզոնում` հրդեհելով երկնի կապույտը: Բաց պատուհանից հոգեպարար մի երգ է լսվում... Կոմիտա¯սն է` բացականչում եմ հիացած` անձնատուր հիշողությանս... Հիշում եմ Գալշոյանի Կոմիտասը ներկայացնող սքանչելի պատմվածքներից մեկը` «Ձայնիկդ ի հոգիս» պատմվածքը և ակամա արտաբերում գրողի` մեծերին բնորոշող մտքերը. «Կան մեծություններ, որոնց համար ժամանակը կանգ է առնում: Նրանց ժամանակը տարիք չունի: Իսկ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի մի տարիք, դա մարդկության կամ իր ժողովրդի տարիքն է: Նրանք անցյալի, ներկայի և ապագայի մեջ են, ամեն սերնդի հետ ծնվում են` ապրելու և ստեղծելու: Հավերժի բնակիչներ են նրանք: Անմեռ ու կենսունակ ծառ` անցյալի մեջ երկրի ընդերքը խորացած արմատներով, ներկայի մեջ` հզոր բուն ու սաղարթով, ապագայի մեջ` ամենամյա աճով...»: Է¯... տարիներ առաջ էր. Կոմիտասի երգերի ձայներիզը պիջակի գրպանում, կրծքի վրա էր պահում: Աղբրակի նման զուլալ-զուլալ, հոգեհմա երգի հնչյունների ամեն ելևէջ հուզում-փոթորկում էր նրան... Բոցավառվում էին կապույտ աչքերը, և միտքը թռչում էր հեռո¯ւ-հեռուներ` պեղելու այն դարուղին, որով անցել է հայ դասական երաժշտության հիմնադիր, երգիչ-երգահան, Մեծն երաժշտագետ Կոմիտասը... Տարիներ առաջ էր. նա մեր մեծ գերդաստանից էր, մեզ հետ էր... Ծնողներս գաղթել էին Էրգրից` Սասունից: Մայրս կորցրածը երգի (նա հրաշալի ձայն ուներ) ու արցունքների մեջ էր հիշում, հայրս` լուռ որոնումների... Բայց երբ արձակում էր հիշողությունը (հիշողությունը մարդկային նկարագրի կարևոր կողմերից մեկն է), նրա պատմություններն անվերջ էին: Նստում էր սանդքարին ու... Սովորություն էր` այգաբացը դիմավորում էր դրսում` խոխոջուն առուն բակին կցող կամրջակին` արծվային հայացքը մեխած կապո¯ւյտ հորիզոնին: Նման պահերին ստվերի պես հեռանում էի. գիտեի` Արաքսն անցել է... իրենց Ընկուզասարումն է... Սասնա բարձրիկ սարերում: Գիտեի` հոգին երգում է. «Կարոտել եմ վաթանիս, հողիս ու ջրիս: Կռո°ւնկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս...»: Վաղուց էր դա... Հորս տեղին-տեղին արված պատմությունների հետ մեկտեղ նա շրջում-որոնում-գտնում էր տարեցներին` Էրգրի վերջին մոհիկաններին` նրանց պատմութ յունները լսելու, Էրգրից թռած-էգած ազգագրական երգերը ժողովելու և սիրտն ու հոգին երգերի մեջ` առաջինը ինքն էր երգում... երգում ինքնամոռաց, ինքն իր համար... ի¯նչ սքանչելի էր երգում, ինչ խրոխտ: Այո°, լսում էր Էրգրի պատմությունները, լսելիս` դեմքը շառագունում էր, ջղերը պրկվում էին, լուսալի ճակատը` մթնում... Անմեկնելի, հեռավոր մի կարոտ, կորուստ ու թանձրացած թախիծ էր պարուրում էությունը... Այդ տարիներին էլ հյուսվեցին նրա` խիստ ինքնատիպ, բազմաբովանդակ, բազմաժանր երկերը: Սքանչելի երկեր, երկեր, որտեղ մարդն ու բնությունն էր, հայն ու հայրենիքը, նրա պատմությունը, ներկան ու անցյալը, ազատության տենչը... Երկեր, որոնցում մշտարթուն է Հայոց եղեռնի զոհերի արյան կանչը, կորուսյալ հայրենիքի չքնաղ պատկերը` հեռավոր եզերքի տեսիլներով լեցուն... Դա գրողի մխացող ցավն էր, կորցրած հայրենիքի հանդեպ ունեցած այրող սիրո արտահայտությունը: Ցավ էր և հայրենին լքելը, պանդխտելը, մայր հողին օտարանալը, արդեն դար ու դարեր` հայը ձեռքն է առել պանդուխտի ցուպը և դեգերում է օտար ճամփեքի վրա... «Օրը գարնան էր, արևամուտ... Ալիքները հյուսում ու քանդում էին իրենց խուճուճ ստվերները` ծովի հատակ սուզելով բուռ-բուռ կարմիր արև... Ծովերի ալիքները խառնածին են, ջրերը` ծեր... մի օրվա կյանք ունեցող սարերի ջրերը ծով հասնելուն պես ծերանում են... լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում... Շոգենավով Պոլիս էին մեկնում նաև իրենց բախտը Պոլսում նոր-նոր որոնող հայորդիներ` տարբեր գավառ ու շեներից, տարբեր կածաններով հեռացած` թողնելով արտ ու այգի, դարբնոց ու հյուսնոց...»: («Ձայնիկդ ի հոգիս» պատմ.)£ Հայրենապաշտ գրողի համար հողը մայր է, նրան լքելը` մեղք է: «Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա: Մարդու ուժը իր հողի մեջն է: Քանի հողը չեն խլել ոտաց տակեն, մարդն անպարտ է, խլեցին` գերի է... Էրգրի ու հողի կորուստը ծանր կորուստ է»: (Մ. Գալշոյան) Ինչ կաներ Գալշոյանը, եթե ապրեր, ապրեր ազգային զարթոնքի, արցախյան գոյամարտի ծանր տարիներին: Եթե ապրեր... նա այդ գոյամարտի առաջին զինվորն ու առաջին զոհը կլիներ, նրա խիզախումը սահման չուներ` խոսքի և գործի մեջ... Եթե ապրեր... Չապրեց այդ օրերին, ապրեց ժամանակի մեջ, մնաց` իր հինավուրց ժողովրդին թողնելով գրական բացառիկ արժեքների մի հարուստ աշխարհ, մի կապո¯ւյտ աշխարհ... տիեզերական մեծ սեր և պայծառ գալիքի հավատ ... Սերունդներին` «Զարթնի°, լաո°, մեռնիմ քըզի» երգն երգեց ու անցավ... Այսպես ապրեց....

Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ