ԻՆՉՈ՞Ւ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՒՅՍ ՏԱԼԻՍ ԲՅՈՒՋԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԻՑ


Հայաստանի կառավարության և պառլամենտարիզմի պատմության մեջ աննախընթաց դեպք է արձանագրվում. երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացնում է ոչ թե վարչապետը, ինչպես ընդունված է, այլ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահի տեղակալը: Աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված կարգ է, որ հենց կառավարության ղեկավարը ներկայացնի բյուջեի օրենքի նախագիծը` այսպես նաև ստանձնելով բյուջեի կատարման պատասխանատվությունը: Տիգրան Սարգսյանն այս անգամ խույս է տալիս խորհրդարանից` այդպես էլ հիմնավոր պատասխան չհնչեցնելով: Իսկ 2013-ի բյուջեն իսկապես մտահոգող շատ դրույթներ ու կետեր ունի: Նշենք, որ 2013 թվականին կրթության ոլորտում աշխատավարձերի գծով ծախսերը 2012 թվականի համեմատ նվազելու են 542.6 մլն դրամով: Կառավարությունն այս վիճակը բացատրում է այսպես. 2013-ին Հայաստանի դպրոցների աշակերտների թիվը լինելու է 6800-ով ավելի պակաս, քան 2012-ին: Պաշտոնական թվերով, ի դեպ, 2013-ին նախատեսվում է Հայաստանի դպրոցներում ունենալ շուրջ 27 000-ով պակաս աշակերտ, քան 2009 թվականին: 2013 թվականի ընթացքում հանրակրթության ոլորտում զբաղված ծառայողները ստանալու են 542 մլն դրամով ավելի պակաս աշխատավարձ, քան 2012 թվականին: Կառավարությունը հիշատակում է միայն աշակերտների թվի նվազումը, մինչդեռ լռության է մատնում այն խնդիրը, որ մեծ թվով ուսուցիչներ դուրս են մնալու դպրոցներից` համալրելով գործազուրկների բանակը: Նման դեպքերում կառավարությունները գումարներ են հատկացնում փոխհատուցումների համար, իսկ ահա մեր բյուջեով նման հոդված նախատեսված չէ: Ցանկալի կլիներ, իհարկե, որ կրճատվող աշխատատեղերի հաշվին ավելացած գումարները կառավարությունը բաշխեր գյուղական ու հատկապես սահմանամերձ գյուղերի դպրոցներին, հավելումներ սահմաներ հատուկ դպրոցներում աշխատող ուսուցիչների համար: Սակայն կառավարությունը նման մտադրություններ հանդես չի բերել: Կրթության և գիտության նախարարը բազմիցս է ահազանգել, որ հատկապես սահմանամերձ գյուղերում ուսուցիչների պակաս կա, ուստի հրաշալի առիթ կլիներ խրախուսել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աշխատել այդ դպրոցներում, նրանց վճարել կրկնապատիկով: Վարչապետը չի ներկայացնում բյուջեն, որովհետև նրան կարող էին հարցնել, թե ի՞նչն է պատճառը, որ. սոցիալական ոլորտի ծախսերը 2012-ի համեմատ կրճատվել են 4 մլրդ 112 մլն դրամով: Սոցիալական կենսաթոշակի ֆոնդն, օրինակ, պակասել է 203 մլն դրամով, աշխատանքային կենսաթոշակի ֆոնդը` 1 մլրդ 648 մլն-ով: Կառավարությունն այս հարցի առթիվ էլ իր բացատրությունն է հնչեցնում` պատճառաբանելով մարդկանց թվի կրճատումը: Իսկ ինչո՞ւ է պակասել մարդկանց թիվը, ո՞վ է հոգ տանելու այն մասին, որ կանխվի արտագաղթը, ավելանա ծնելիությունը: Բյուջեի սոցիալական մասը պիտի ուղղորդվեր հենց այդ խնդիրների լուծմանը, մինչդեռ կառավարությունը ձևական քայլերից այն կողմ չի անցնում: Սոցիալական ոլորտի ծախսերը կրճատելու փոխարեն` ցանկալի կլիներ ավելացնել առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների թոշակները, հավելավճարներ սահմանել աշխատանքային կենսաթոշակ ստացողների համար: Ստացվում է, այս բյուջեն մեզ ոչ թե տանելու է դեպի բարեկեցություն, այլ առավել սրելու է իրավիճակը, վատթարացնելու է շատերի կացությունը, քանի որ օրավուր թանկացումները դիմակայելու ոչ մի «սողանցք» այլևս չեն թողնում, և սոցիալական մարտահրավերները դառնում են անկասելի... Անշուշտ, ցանկալի կլիներ, որ վարչապետը բացատրություններ հնչեցներ, պատասխաներ բազմաթիվ հարցերի և վերջապես բացատրեր, թե տարեցտարի իրավիճակը կարգավորելու փոխարեն` ինչու՞ ենք ստիպված լինում մտածել միայն գոյատևման և կոնսերվացումը հաղթահարելու մասին: