Բաքուն անմեղսունակ է


Աշխարհը շարունակելու է լռե՞լ Տարբեր առիթներով գրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային մի շարք կազմակերպությունների ուշադրությունից աստիճանաբար դուրս է մղվում` միայն երբեմն-երբեմն դառնալով հետաքրքրության առարկա: Օգտվելով այս իրավիճակից, ադրբեջանական կողմը, բաց չթողնելով առիթը, փորձում է սեփական «հայեցակարգերը» ներկայաց նել` այսպես անընդհատ ապակողմնորոշելով միջազգային հանրությանը: Այժմ առավել կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը, որը մի շարք ուժեր և պաշտոնական Բաքուն դարձրել են շահարկման նյութ` անգամ սպառնալով ոչնչացնել քաղաքացիական ավիացիայի գործառույթ իրականացնող ինքնաթիռները: Ադրբեջանի ներկայացուցիչը շրջանառության մեջ է դրել մի փաստաթուղթ, որով անհիմն մեղադրանքներ են ներկայացվել ԼՂՀ-ին: Այս համատեքստում չափազանց ուշագրավ է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի նամակը` ուղղված ՄԱԿ Գլխավոր քարտուղարին: Նամակում մասնավորաբար ասվում է. - Բացահայտ կերպով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը լիովին շրջափակելու նպատակի մասին հայտարարող Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ՄԱԿ անվտանգության խորհրդի այն բանաձևերին, որոնց Ադրբեջանի պատվիրակությունը անդրադարձել է իր իսկ հաղորդագրության մեջ: Ադրբեջանի այդ կեցվածքը հանդիսանում է նրա կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուղղակի խախտման բացահայտ դրսևորում` շարունակելով քաղաքացիական բնակչության նկատմամբ խմբային պատիժ կիրառելու իր քաղաքականությունը: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները և մասնավորապես` քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքներն իր ստանձնած միջազգային պարտավորությունների լրջագույն խախտում են և հակասում են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» դաշնագրի դրույթներին: Ադրբեջանի այս դիրքորոշումը խախտում է միջազգային ավիացիայի հիմնական սկզբունքները: Ավելին, այն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում ադրբեջանական պետության կողմից կամավոր ընդունած պարտավորվածություններին: ...ԼՂՀ իշխանությունները հետամուտ են Ստեփանակերտի օդանավակայանը շահագործել Միջազգային քաղաքացիական ավիացիայի դաշնագրի նպատակների և խնդիրների համաձայն` ներառելով, բայց չսահմանափակվելով աշխարհի ժողովուրդների` անվտանգ, կանոնավոր, արդյունավետ և շահավետ օդային տրանսպորտից օգտվելու պահանջների ապահովումը, աշխարհում միջազգային քաղաքացիական ավիացիայի անվտանգ և հետևողական զարգացման ապահովումը, ավիաուղիների, օդանավակայանների և միջազգային քաղաքացիական ավիացիայի համար անհրաժեշտ ավիանավիգացիոն համակարգերի զարգացմանն օժանդակումը, ընդհանուր առմամբ միջազգային քաղաքացիական օդագնացության բոլոր ուղղությունների զարգացումը...: Նամակում առկա են բազմաթիվ հիմնավորումներ և ապացույցներ, կոչեր ՄԱԿ-ին և խաղաղասեր մարդկությանը: Թե ինչ արձագանք կունենան` դժվար է ասել, սակայն չի բացառվում, որ հենց այս նամակը դառնա այն լակմուսի թուղթը, որը վերջապես ի ցույց դնի մի շարք պետությունների տրամադրություններն ու հակումները: Մեզ, իհարկե, զարմացնում է, որ նմանաբովանդակ նամակով մեր խորհրդարանը չի դիմել ՄԱԿ-ին և Եվրախորհրդին: Նամակն է´լ ավելի է արժևորվում, երբ ճանաչված պետությունն է հանդես գալիս հիմնավորումներով: Մանավանդ այն պետությունը, որն ընդգրկված է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: