ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ


Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել հանրապետության մարզերից Երևան բերված մի շարք հուշարձանների կամ հուշարձանների բեկորների հարցը: Այս խնդիրը ոտքի է հանել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, երիտասարդ ակտիվիստների: Մենք մեր դիրքորոշումն արդեն արտահայտել ենք` կողմ լինելով, որ Երևան բերված հուշարձաններն իսկապես պիտի վերականգնվեն, փրկվեն ոչնչացումից: Սակայն դրանք պետք է վերադարձվեն մարզեր, որպեսզի, առաջին հերթին, հնարավոր լինի զարկ տալ մշակութային զբոսաշրջությանը: Այս առթիվ ցանկացանք իմանալ նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքը: Հատկապես նրա, որովհետև լինելով անկախ պատգամավոր և ունենալով իրավաբանի մասնագիտություն, նա կարող էր ամենասկզբունքային դիրքորոշումն արտահայտել: Պատգամավորն ասաց. - ՀՀ կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը: Ըստ այդ որոշման` ՀՀ տարբեր մարզերից պետք է տեղափոխվեն պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձաններ, սակայն օրերս մենք տեղեկացանք, որ թվով 51 հուշարձաններ արդեն տեղափոխվել են Երևան: ՀՀ կառավարության նշված որոշումը գիտական շրջանակներում, մասնագետների և քաղաքացիների շրջանում առաջացրել է շատ լուրջ դժգոհություն գրեթե բոլոր այն տեղերում, որտեղից պետք է տեղափոխվեին կամ արդեն տեղափոխվել են պատմամշակութային հուշարձանները: Մշակույթի ոլորտի պատասխանատու ները պնդում են, որ նախ, դրանք հուշարձաններ չեն, այլ «բեկորներ են» և երկրորդ, պնդում են, որ դրանք տեղափոխվել են վերանորոգման և վերականգնման համար: Օրեր առաջ կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ տեղեկացանք, որ խոսքը բեկորների մասին չէ, այլ հուշարձանների, և դրանց վրա որևէ նորոգման բան ես անձամբ չտեսա: Հարկ է նշել, որ այն մարդիկ, ովքեր ավանդույթի ուժով ուխտի են գնացել մարզերում գտնվող պատմական վայրեր, այլևս չեն կարող գնալ այնտեղ, որտեղից բացակայում են ուխտատեղի հիմնական սրբությունները: Փաստ է նաև այն, որ պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական, մշակութային և հոգևոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են այլ վայր: Տվյալ պարագայում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը, Երևան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաև Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովմանը: Կառավարության նախաձեռնությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզեր, ովքեր այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն իրենց գտնվելու պատմական վայրերում: Լ.Մ.