Սիրիայի «լիբիականացումը»` ուրվագծված...


Պաշտոնական տեղեկատվությունների համաձայն` 1. Սիրիական ապստամբ «բազմազգ» (սիրիացի, սաուդցի, թուրք, ադրբեջանցի, չեչեն, պակիստանցի, աֆղան) վարձկան զինյալ-ընդդիմադիրները վերջապես հաջողեցրել են միավորվել ու հետայսու միասնական ղեկավարության ներքո` շարունակել Ասադին տապալելու մոտ երկամյա հեղափոխությունը: 2. Ի տես սույն իրողության` ԱՄՆ-ն, Կատարը և Թուրքիան առաջիններն էին, որ պահանջեցին ճանաչել «սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան»` որպես օրինական իշխանություն...: 3. ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները հաջորդիվ հայտարարել է. «Մենք ուրախ ենք աջակցել Ազգային կոալիցիային, որը նպատակ ունի վերջ տալ Ասադի իշխանությանը և կառուցել արդար ու ժողովրդավարական ապագա...»: 4. ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությանը հաջորդել է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի կոչը` «Սիրիայի բարեկամները պետք է աջակցեն այդ կոալիցիային, և այլևս չի կարող լինել չաջակցելու որևէ արդարացում»: Իսկ Եվրամիության արտաքին գործերի հանձնակատար Քաթրին Աշտոնը մասնավորապես նշել է. «Ես անհամբեր սպասում եմ, որ նոր կոալիցիան կլինի ամբողջությամբ գործող ու համընդգրկուն և կհարգի ժողովրդավարական սկզբունքները...»: «Օրինականության ու ժողովրդավարության» վերոգրյալ կոչերին, ահա, հետևում են ներքոգրյալ ուժային-ռազմական հորդորակները. 1. ՆԱՏՕ-ի ղեկավար Ռասմուսենը սիրիական տագնապը մասնավորեցնելով թուրք-սիրիական սահմանային վերջին բախումների վրա` հայտարարել է, թե` ՆԱՏՕ-ն հարկ եղած դեպքում` կօգնի ու կաջակցի իր գործընկեր Թուրքիային... 2. Իսկ ռազմական ոլորտի արևմտյան մի այլ ներկայացուցիչ` Անգլիայի պաշտպանության շտաբի պետ գեներալ Ռիչարդսը, արդեն խոսում է «Սիրիայի տարածք սահմանափակ ռազմական ներխուժման մասին»: Ահավասիկ, ՄԱԿ-ի կողմից իսկ գործուղված Կոֆի Անանի ու Ախզար Իբրահիմիի խաղաղարար առաքելությունները, որոնք հովանավորվում էին Ռուսաստան-Չինաստան-Իրան առանցքի շուրջ համախմբված շատ ու շատ երկրների կողմից, պետք է ի չիք դառնային` այսպես ասած «միջազգային հանրության» առանցքի կողմից: Նրանց ձեռնտու է լեգիտիմացնել նույնիսկ «Թալիբա-ալղայիդական կոալիցիան», որոնց դիպուկահարներն ու Թուրքիայի ճամփով ստացած նոր զենքերը թիրախ են դարձնում Սիրիայի անմեղ քաղաքացի ներին ու հատկապես` քրիստոնեական սրբավայրերը: Սա է, ցավոք, աշտոնների, ռիչարդսների ու սրանց խամաճիկ էրդողանների օրինաչափական ժողովրդավարությունը… Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր