Մարդն ուզում էր վագր դառնալ


Տարօրինա՞կ երազանք է: Բայց այն իրականացնելու վճռականությունն ամերիկացի Դանիել Ավներին չլքեց մինչև կյանքի վերջը: Որպես «մարդ-վագր» ճանաչված նախկին զինծառայողին օրերս մեռած են գտել իր իսկ տանը: Նախնական վարկածով` նա ինքնասպան է եղել (գրել է Daily Mail-ը): Ծովային նավատորմում զինծառայությունից հետո Դանիելը հայտարարել է, թե ողջ կյանքում երազել է վագր դառնալ: Ասել է ու գործի անցել` մարմինը ձևափոխելու ամենատարբեր ընթացակարգեր անցնելով: Նա հասցրել էր փոխել իր դեմքի ձևը, դեմքին բեղեր աճեցրել, ուսերին արհեստական թևիկներ էր ամրացրել և սրացրել ատամները: Իհարկե` մարմինն ամբողջությամբ պատել էր շերտաձև դաջվածքներով, արհեստական պոչ էր կպցրել: 54-ամյա միչիգանցին վերջին տարիներին ապրում էր Նևադայում: Երբ նրան հարցնում էին, թե ինչո՞ւ է իրեն այդպես այլակերպում, նա բացատրում էր, որ իր նախնիները հնդկացիներ (կարմրամորթ) են եղել, ինչն էլ ոգեշնչել է` նման արմատական մարմնափոխություն կատարել: - Ես գնում եմ վագրի ճամփով,- սիրում էր կրկնել նա` խնդրելով իրեն գուրոն անվանել: Գուրոնները Հյուսիսային Ամերիկայում երբեմնի հզորագույն ցեղախմբի ներկայացուցիչներն էին: Միայն արտաքինը չէ, որ այլակերպել էր Դանիելը: Բա կենսաձև˜ը… Ամեն առավոտ նա մագլցում էր ծառերին և սնվում էր հում մսով: Ավների մահը շատերին է ցավեցրել: Բոլորն են կիսում նրա մտերիմներից մեկի այն կարծիքը, որ` - Հրաշալի ու միաժամանակ բարդ մարդ էր: Նա փառք գտավ, բայց երջանկություն այդպես էլ չգտավ: