ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԴԻՐԻԺՈՐԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ


Օրերս 2rd.am կայքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես ակնարկում է, որ ամենագործուն մասնակցությունն է ունենալու նախագահական ընտրություններում: Դատելով հարցազրույցի ենթատեքստից, նա պիտի ստանձնի դիրիժորի դեր` այսպիսով լուծելով իր համար կարևորագույն մի խնդիր` ամեն կերպ ապահովել ներկայություն իշխանության մեջ: Այս հարցազրույցը, թերևս պատասխան է ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի այն հայտարարության, թե նախագահական կառավարումից խորհրդականին անցնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկի հեղինակը հենց երկրորդ նախագահն է: - Հատկապես այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգ,- ասել է էքս-նախագահը: Քոչարյանին, իհարկե, չի հաջողվել կասկածները վանել իրենից: Ավելին, որոշ տեղերում նա անգամ հաստատում է, որ ինքն է այդ մտահղացման հեղինակը: Քոչարյանը կարծես միտումնաբար ամեն ինչ արել է, որպեսզի շեշտվի իր ներկայությունը: Իսկ սա հենց այնպես արված քայլ չէ: Երկրորդ նախագահը «հերոսանալու» խնդիր չունի. նաև խնդիր չունի հասկացնել տալու, որ ինքը դեռևս չի հեռացել քաղաքականությունից: Առաջին հերթին նա հասկացնում է բոլորին, որ եթե ինքը կամենար անցնել խորհրդարանական կառավարման մոդելին, ապա 2005 թվականի սահմանադրական հանրաքվեի միջոցով կիրականացներ դա` ստեղծելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Իհարկե, միանգամայն ճիշտ է Քոչարյանը. ինքն ամեն ինչ կարող էր անել, քանի որ նրա իշխանության շրջանում մեկ կարծիքի մենաշնորհը հենց իրեն էր պատկանում: Սակայն այստեղ կարևորն այն է, որ նա հաստատում է, թե ինքը կողմ է և´ խորհրդարանական կառավարման մոդելին, և´ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: - Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Ստացվում է` նա անուղղակիորեն հաստատում է, որ հենց ինքն է դրդել ԲՀԿ-ին հանդես գալ նման նախաձեռնությամբ` ապագա իշխանության մեջ իր համար ապահովելով ընդգծված դերակատարություն: Ասենք` վարչապետի պաշտոն, ինչին նա միշտ ձգտել է: Ռոբերտ Քոչարյանը կատարել է իր առաջադիր խնդիրն ու հուշել, որ ինքը բնավ էլ անտարբեր չի լինելու նախագահական ընտրությունների հանդեպ: Հազիվ թե նա այնքան միամիտ լինի, որ առաջադրվի որպես թեկնածու, սակայն չի բացառվում, որ ուղղորդի ԲՀԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին…