Հայ երախտավորները Մահուբի Գևորգ


XX դարում ծավալուն հնչեղություն ունեցան աշուղ Մահուբի Գևորգի երգերը ոչ միայն Հայաստանում, այլև հարևան հանրապետությունների հայաբնակ գյուղերում: Գևորգ Մանուկի Մանուկյանը (Մահուբի Գևորգ)` ծնվել է Ապարանի Ղարաբալուղ (այժմ` Երնջատափ) գյուղում` 1857 թ., չքավոր գյուղացու ընտանիքում: Ութ տարեկանից նա հարուստների մոտ աշխատել է որպես վարձու բանվոր: Կյանքի ծանր պայմանները չկարողացան նրա մեջ սպանել քաղցր ձայնով երգելու, ժողովրդական հեքիաթներ ու առակներ երգելով պատմելու ձիրքը, որով և հետզհետե արժանացավ շրջապատի ուշադրությանը` նվաճելով համագյուղացիների սերն ու համակրանքը: Տարեց մարդիկ մեծ սիրով էին պատմում Մահուբի Գևորգի մասին, որպես իր հայրենակիցների հոգսերով ու վշտերով այրվող գուսան-բանաստեղծ: Հիշում էին, թե ինչպես նա իր ինքնաշեն ջութակի հետ հուզաթաթավ տաղեր էր հյուսում ու երգում: Նրա խաղերը թևածում էին տնից-տուն, շրջանից-շրջան` գովերգելով ընկերությունը, սերը, բարեկամությունը, աշխատասիրությունը և անխարդախ ապրելակերպը: Իսկ ինչո՞ւ` Մահուբի: Հռչակված աշուղ Մահջուբան մոտիկից ծանոթանալով երիտասարդ աշուղի հետ, հայտնաբերում է նրա ձայնային հարուստ տվյալները, լսողությունը, գուսանական ունակութ յունները և որոշում է նրան իր խմբի մեջ վերցնել: Բավական շրջագայելուց հետո վերադառնալով Ղարաբուլաղ, Մահջուբին, գուսանների մեջ ընդունված ծիսակարգով, Գևորգին շնորհում է Մահուբի պատվանունը, որը արաբերեն նշանակում է ուշիմ: Գյուղում դպրոց չլինելու պատճառով Մահուբին կրթություն չի ստացել: Գրել-կարդալ սովորել է գյուղի տիրացուների մոտ: Մահուբի Գևորգի երգերում փառաբանվում է ազնիվ, արդար վաստակով ապրող աշխատավորը: Հակառակ թերուս լինելուն, նա բնատուր խելքի ու լայն մտահորիզոնի տեր երգիչ է, ունեցել է գիտելիքներ, տիրապետել գուսանական արվեստին: - Մահուբի Գևորգի երազանքն է եղել լինել Մշո սուրբ Կարապետ վանքում,- ասում է ապարանցի Հրանուշ Մելքումյանը` Արայի գյուղից: Մեծ զրկանքների գնով Մահուբին հասել է Արևմտյան Հայաստան, այցելել Մշո սուրբ Կարապետ վանքը, որը ժամանակին աշուղների ավանդական ուխտատեղին է եղել: «...Թե որ Մշո սարին լինեմ, Միտքս դեննա պիտի գնամ…»: Գյուղացու նիստ ու կացի, վարք ու բարքի, մարդկային մոլորությունների մասին երգերն ու խաղերը նրան դարձրել էին հարգված ու սիրելի: ...Խրատեցեք հոգով վատին, Օգնեցեք ընկած աղքատին, Պարզ հոգի դրեք ձեր սրտին, Բարի գործեք, հա´յ իշխաններ…: Որպեսզի մարդու վիշտը չավելանա նա պատգամում էր` «Հիշիր, որ ով էլ լինես, ինչ էլ լինես, աշխարհից ոչինչ չես տանելու քեզ հետ…»: «...Այս աշխարհն է երազի պես, Ես էլ մի տեսնող եմ` կերթամ...»: 1957 թ. հրատարակվել է Մահուբի Գևորգի «Ջութակ» և «Մահուբի Գևորգ» խորագրով գրքերը: - Մահուբի Գևորգն այն աշուղներից է, ում երգերը պետք է երգել մաքուր և անաղարտ, ինչպես Շերամի, Ջիվանու, Հավասու և այլոց երգերը,- ասում է ՀՀ վաստակավոր երգչուհի Մանիկ Գրիգորյանը: Լարիսա ՔԻՇՄԻՐՅԱՆ