ՉԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


ԱՊՀ երկրներից օրինակներ չբերենք, որպեսզի զավեշտն առավել չխորանա: Չդիմենք նաև մի շարք արևմտյան տերությունների, որպեսզի ընդդիմախոսները հրապարակ չհանեն տնտեսութան զարգացածության խնդիրը: Պարզապես փորձենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում այս հինգ հազար դրամը և ի՞նչ հաշվարկներով է այն համարվում կրթաթոշակ, որի նպատակը պետք է որ ուսանողի կեցության և ուսումնական պիտույքների ձեռքբերման նվազագույնն ապահովելը լինի: Ոչ միայն խորհրդարանում, այլև հանրության տարբեր շրջանակներում բազմաթիվ անգամներ է խոսակցության առանցքում հայտնվել ուսանողների կրթաթոշակների հարցը: 1990-ականների վերջերից մեզանում սահմանվեց 5 հազար դրամը որպես կրթաթոշակ: Գերազանցիկ ուսանողներին տրվում է 6 հազար, իսկ ասպիրանտներին ու մագիստրանտներին` 10-15 հազար դրամ: Խորհրդային իշխանության տարիներին սահմանված էր 40, գերազանցիկներին` 50 ռուբլի, կային նաև բազմաթիվ անվանական թոշակներ, իսկ լենինյանը տատանվում էր 90-120 ռուբլու սահմաններում: Նշված 40 ռուբլին բավարար էր ուսանողին մեկ ամիս սնվելու և տրանսպորտային ծախսերի համար: Ու ուսանողը կարող էր մեկ օրում սննդի համար ծախսել 1 ռուբլի 20 կոպեկ, ինչը բավարար էր նրա առողջության պահպանման և սննդային կարիքների բավարարման համար: Հատկապես այլ բնակավայրերից բուհեր ընդունվածների համար այս 40 ռուբլին իսկապես մեծ գումար էր, բայց շատերը ձգտում էին նաև գերազանցիկության` ստանալով 50 ռուբլի, ինչը 10 ռուբլով էր զիջում երկրում հաստատված 60 ռուբլի միջին աշխատավարձին: Այսինքն, հաշվարկները հստակ էին, ունեին իրենց հիմնավորումներն ու բացատրությունները: Այսօր, սակայն, այս հինգ հազար դրամը վերածվում է խորհրդանշական արժեքի, որով ուսանողը լիովին չի էլ հոգա տրանսպորտային ծախսերը: Մեր ուսումնասիրությունները և հարցախույզները ցույց տվեցին, որ ուսանողներից շատերն իսկապես խնամքով են վերաբերվում այդ հինգ հազար դրամին, ձգտում այդ չնչին գումարն օգտագործել արդյունավետորեն: Մեզանում այս խնդիրը հակադրվում է առողջ բանականությանը: Մեր երկրում սահմանված են անվճար և վճարովի կրթության սկզբունք ներ, բուհերի մի զգալի մասը նվազագույն վարձավճար է սահմանել 400 հազար դրամը, որոշները` մինչև մեկ միլիոն դրամը: Պատահական չէ, որ առանձին բուհեր հայտնվել են խոշոր հարկատուների ցուցակում: Եթե բուհերն ահռելի ֆինանսական հոսքեր են ապահովում, գերշահույթներ ստանում, ինչո՞ւ հենց նրանց չպարտավորեցնել սահմանել կրթաթոշակների նոր սանդղակներ` եթե, իհարկե, պետությունը որոշել է ամբողջապես իրեն ձերբազատել այս խնդրի կարգավորումից: Կրթության պատասխանատուները հայտարարում են, թե տարեկան վեց մլրդ դրամից ավելի է տրամադրվում կրթաթոշակների վճարման համար: Մեր պարզագույն հաշվարկները ցույց տվեցին, որ այս թիվը չափից ավելի ուռճացված է: Այսպես փորձում են արդարացնել իրենց անտարբեր վերաբերմունքը ուսանողների նկատմամբ: Չմոռանանք նաև, որ գյուղական բնակավայրերից քաղաքային բուհերում ուսում ստացող ուսանողները պարտավոր են վճարել բնակարանային վարձ, քանի որ շատ բուհեր զրկվեցին հանրակացա րաններից: Բարձր ուսման վարձ վճարող ուսանողը պետք է հոգա սննդի, տրանսպորտի և հագուստի խնդիրներ: Ուրեմն, այստեղ էլ նորից գլուխ է բարձրացնում կրթության սոցիալականացումը, քանզի կրթությունն էլ վերածվում է սոցիալական արժեքի...