Իրական և կեղծ նպաստառուներ
Վերջերս մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում իր վրդովմունքն էր հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի բժիշկներից մեկի անօրինական գործողությունների վերաբերյալ: Իր քրոջը հետազոտելու համար այդ բժիշկը պահանջել էր 22.000 դրամ, սենյակի համար` 30.000 դրամ, իսկ դեղերի համար` 20.000 դրամ: Մինչդեռ քույրն ընդգրկված է կարիքավորների «Փարոս» ծրագրում: Մինչ ոստիկանները կավարտեն այս գործով ընթացող հետաքննությունը և կպատժեն մեղավորներին, ներկայացնենք «Փարոս» ծրագրին առնչվող չարաշահման երկու այլ դեպք: Նախ անտեղյակ ձևացողներին հիշեցնենք, որ «Փարոս» ծրագիրը, և, ընդհանրապես, աղքատության վերացմանն ուղղված տարբեր ծրագրեր միտված են սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքներին օգնելուն: Սահմանված է միավորների որոշակի շեմ, որի դեպքում միայն ծրագրին դիմողը կգրանցվի որպես նպաստառու: Սակայն որոշ հնարամիտ ներ գտնում են նպաստառու դառնալու այլևայլ ճանապարհներ, որոնք, հասկանալի է, որ օրենքի խախտմամբ են ուղեկցվում և հայտնաբերվելու դեպքում ենթակա են քրեական պատասխանատվության: Վերջերս նման անօրինականության երկու փաստ է հայտնաբերվել Վայոց ձորի մարզում: Հարուցված քրեական գործով երեք մեղադրյալ է անցնում` երկուսը խարդախությամբ տարիներ շարունակ նպաստառու գրանցված ամուսիններ են, երրորդը` նրանց օժանդակած համայնքի ղեկավարը: Խնդիրն այն է, որ տվյալ ընտանիքին նպաստ չէր հասնում, քանի որ նրանց միավորները չէին բավականացնում, ուստի դիմեցին խարդախ միջոցի: Կեղծ ամուսնալուծություն ձևակերպեցին, ինչին տեղյակ էր գյուղապետը. հենց նրա խորհրդով էլ դիմել էին այդ քայլին: Կինը գյուղապետարանից տեղեկանք ստացավ ընտանիքի կազմի վերաբերյալ, որտեղ նշված էին միայն ինքն ու երեխաները: Այս տվյալները բավարար էին, որպեսզի նա գրանցվեր որպես նպաստառու և չորս տարվա ընթացքում ստանար 1 մլն 209 հազար դրամ ընտանեկան նպաստ: Ամեն տարի գյուղապետը կանոնավոր տրամադրել է համապատասխան տեղեկանք` չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և պետությանը պատճառելով էական վնաս: Գյուղապետն այս ընտանիքին գործուն միջամտությամբ օգնել է նաև, երբ նպաստառուների գրանցման կարգը փոխվել է: Նոր կարգի համաձայն` տվյալ ընտանիքը միանշանակ կզրկվեր նպաստից, քանզի նույն հասցեում էր հաշվառված նաև ընտանիքի իբր ամուսնալուծված գլխավորը: Գյուղապետն առաջարկում է նրան հաշվառու մից դուրս գալ ու հաշվառվել իր տանը: Դրանից հետո անձնագրայինի տրամադրած տվյալներում տան գլխավորը, փաստորեն, բացակայում էր, չնայած շարունակում էր բնակվել սեփական տանն ու իր ընտանիքի հետ: Երկրորդ ընտանիքին նպաստառու դառնալու մտքին դրդել էր այն հանգամանքը, որ Երևանից եկած հարսը միայնակ մայր էր ձևակերպված, երեխաներն էլ կրում էին նրա ազգանունը: Հետաքրքրվել ու պարզել էին, որ այդ դեպքում ընտանեկան նպաստ կարող են ստանալ, բայց կար որոշակի խոչընդոտ: Ընտանիքը բնակվում էր տղայի հորական տանը` նրա ծնողների հետ, ովքեր կենսաթոշակ էին ստանում և աշխատանք ունեին: Կրկին օգնության է հասնում «բարերար» գյուղապետը և նրանց տեղեկանք տրամադրում ընտանիքի կազմի վերաբերյալ` չնշելով նպաստառու ընտանիքի գլխավորի հորը և մորը: Երբ հայրը մահանում է և նպաստառուների գրանցման կարգն էլ փոխվում է, միակ խոչընդոտը մնում է նույն հասցեում մոր հաշվառված լինելու հանգամանքը: Գյուղապետը նրան առաջարկում է հաշվառվել իր տան հասցեում: Արդյունքում` այս ընտանիքը ևս ապօրինի օգտվում է պետբյուջեից հատկացվող գումարներից: Քրեական գործի նախաքնությունն ավարտված է, այն ուղարկվել է դատարան: